Հանրապետության ամենամեծ ու ամենամոռացված գյուղերից է Այգեհովիտը։ Ժամանակին բերքառատ ու հարուստ գյուղ էր։ Մյուս սահմանամերձ ու հեռավոր գյուղերի նման, այսօր այն էլ է «առանց յուղի տապակվում»։
Այգեհովիտը Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանում է եւ սահմանակից է Ադրբեջանի Ղազախի շրջանին։
Այստեղ ընտրություններին են միայն պաշտոնական այրեր կամ պատգամավորության թեկնածուներ ժամանում, հիանում գյուղի գեղատեսիլ բնությամբ, խոստումներ ու հույսեր տալիս ժողովրդին՝ գնում ու մոռանում թե՛ խոստումները, թե՛ գյուղ տանող ճանապարհը։ Ու այսպես, առանց իշխանությունների գիտության՝ անկախ ու անճար գոյատեւում է սահմանամերձ Այգեհովիտը։
1991-99 թթ. այգեհովիտցիները մեծից փոքր դիմակայեցին թշնամու հարձակումներին ու հրետակոծումներին։ Բազմաթիվ տներ ավերվեցին, զոհեր ու վիրավորներ տվեցին, չհեռացան, չփախան եւ սահմաններն անխախտ պահեցին։
Կարդացեք նաև
Գարնանային այս օրերին բնությունը շռայլորեն ծաղկազարդել է Այգեհովիտը։ Սակայն հոգսերի ու դժվարությունների մեջ խրված՝ գյուղացիները թերեւս չեն նկատում այդ գեղեցկությունը։ Նրանք մտահոգված են միայն ժամանակին վար ու ցանք կատարելու, սերմացու, պարարտանյութեր ու թունաքիմիկատներ ճարելու եւ ոռոգման ջրի հոգսերով։ Սկսվել է գյուղացու ամենաաշխույժ գործունեության շրջանը։ Սակայն այս մարդկանց հնարավորությունները շատ քիչ են, օգնողներ էլ չկան։ Մեծ դժվարություններով մշակում են տնամերձը, իսկ սեփականաշնորհված հողը՝ ինչքան կարող են։ Շատ հողատարածքներ մնացել են անմշակ։ Գյուղտեխնիկայի պակասի պատճառով գյուղացին յոթնապատիկ քրտինք է թափում հողի վրա։
Ավելի քան 400 հեկտար սահմանամերձ մշակելի հողատարածք՝ խաղողի եւ պտղի այգիներով, չեն օգտագործվում տեղանքի ականապատման եւ վտանգավորության պատճառով։ Նախկինում հողերի ոռոգման համար օգտվում էին պոմպակայաններից, որոնք անհեռատեսորեն բերել եւ կառուցել էին հենց սահմանի վրա։ Դրանք հրետակոծումներից ավերվել են եւ հիմա հնարավոր չէ վերականգնել ու աշխատեցնել։ Նոր պոմպակայան կառուցելու հույսի նշույլ անգամ չկա։ Հողի բերքատվությունը սարսափելի ընկել է։ Գյուղացու հիմնական հույսն անասնապահությունն է, որից էլ մի քիչ ապրուստի միջոցներ են կարողանում հայթայթել։ Օգտվում են նաեւ անտառի եւ դաշտի բարիքներից։ Առաջներում գյուղի բնակչության մի մասն աշխատում էր շրջանի շինարդյունաբերական ձեռնարկություններում։ Այսօր այդ հնարավորություններից զրկված են՝ աշխատատեղեր չլինելու պատճառով։ Գյուղի երիտասարդների մի մասը մեկնել է։ Դրսի հետ միակ կապը փոստատան հեռախոսն է։ Կապի ներքին ցանցը հրետակոծումներից վնասվել է եւ մինչեւ հիմա չի նորոգվել։ Թերթերի ու ամսագրերի երես այստեղ վաղուց չեն տեսել։
Էլեկտրաէներգիայի բարձր գներից վախեցած՝ գյուղացիները որպես էժան վառելիք մոտակա անտառի ծառերն են կտրում։ Այստեղից նաեւ մեծ քանակությամբ վառելափայտ է տեղափոխվում հանրապետության այլ գյուղեր ու քաղաքներ։ Զանգվածային ծառահատումներից պակասել է գյուղի խմելու ջուրը։ Թոշակառուների խղճուկ թոշակներն ու նպաստներն էլ ժամանակին չեն տալիս։ Տվածից էլ ինչ-որ հարկերի մաս են վերցնում։ Բժիշկ կա, բժշկին դիմող չկա, քանի որ միջոցներ չունեն։ Ով կապրի, ով կմեռնի, Աստված գիտի։ Հոգեհանգստի աղուհաց տալն էլ է դժվարացել։ Շվարել է գյուղացին, կիսաքաղց ու գլուխը կախ մնացել։
Անցյալում գյուղի հայտնի բրուտագործ Արամայիս քեռին (Աստված հոգին լուսավորի) երբ կուժ ու կուլա կամ այլ իր էր պատրաստում, տալիս որեւէ մեկին, ասում էր՝ եթե կոտրվի՝ չմտածես, կգաս նորը կսարքեմ՝ ձրի։ Հիմա այգեհովիտցու ամեն ինչն է կոտրվել՝ հույսն էլ, հավատն էլ, սիրտն էլ… ո՞վ, ինչպե՞ս եւ ե՞րբ կկարողանա այդ մարդկանց հոգսերը մի փոքր թեթեւացնել։
ԴԵՐԵՆԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Այգեհովիտ-Երեւան