Ասում է ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանը
«Իրավունք եւ միաբանություն» նախընտրական դաշինքի ձեւավորման փուլում բոլորը համոզված էին, որ նրան մաս կկազմի նաեւ ԳիԱրՔՄի-ն, որի արժանիքը եւս «արդարությանն ու բարոյականությանը» սատարելն է։ Հետագայում ներկայացված ցուցակից պարզ դարձավ, որ այդ դաշինքի ցուցակի չորրորդ տեղում ԳիԱրՔՄի-ն ներկայացնող Աղասի Արշակյանն է, իսկ միության նախագահ Ալեքսանդր Աղամալյանը եւ միությունն ընդհանրապես դուրս մնացին։ Այն ժամանակ պատճառները քննարկվելիս նշվում էր հիմնականում այն հանգամանքը, որ պարոն Աղամալյանին հատկացրել են խիստ վիրավորական տեղ, եւ նա նեղացած ընդհանրապես որոշել է բոյկոտել ընտրությունները։ Ավելի ստույգ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք Ալեքսանդր Աղամալյանին։
– Բացի Աղասի Արշակյանից մեր կուսակցությունից եւս չորս անձինք՝ Դմիտրի Ադբաշյանը, Գագիկ Գրիգորյանը, Խաչիկ Սարգսյանը եւ Վահան Եդիգարյանն առաջադրվել են մեծամասնական ընտրակարգով։ Ես էլ կարող էի մեծամասնական կարգով առաջադրվել իմ բնակության վայրում, սակայն այդ նույն տարածքում առաջադրվել էր նաեւ Հրանտ Խաչատրյանը՝ իմ մտերիմը, իմ կողմից հարգվածը եւ իմ հարեւանը։ Այս դեպքում ես ճիշտ համարեցի զիջել, քանի որ նա ավելի մեծ քաղաքական ստաժ ունի։ Դրամական պատճառը, որը առկա է ԳիԱրՔՄի-ի համար, ընդհանրապես առկա է նաեւ խորհրդի նախագահի համար։ Բայց հավատացեք, որ եթե այդ երկու պատճառները չլինեին, ապա կփնտրեի այլ պատճառներ։ Համոզված եմ, որ այս իրավիճակում մեծամասնական ընտրություններ ընդհանրապես պետք չեն, քանի որ դա կբերի պառլամենտի մակարդակի իջեցման։ Առկա է ժողովրդի 80 % չքավորություն եւ մասսայական ցինիզմ։ Ժողովուրդը ոչ մի գաղափարի չի հավատում, եւ այս պայմաններում մեծանում է փողի եւ լծակների դերը։
Մեծամասնական ցուցակները դիտելիս մենք տեսնում ենք, որ առաջադրված են երեք կատեգորիայի թեկնածուներ՝ քաղաքական գործիչներ, փողի քսակներ եւ թաղային հեղինակություններ։ Նման իրավիճակում քաղաքական կայուն գաղափարներ եւ կենսագրություն ունեցող քաղաքական գործիչը չի կարող մրցակցել այդ փողի քսակների հետ, անիմաստ է, քանի որ մթնոլորտն այնպիսին է, որ ժողովուրդը ընտրակաշառքը կնախընտրի ինչ-որ գաղափարից։ Այն ժամանակ, երբ մենք պահանջում էինք, որ մեծամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորների քանակն ավելի պակաս լինի, «Երկրապահները» մեզ մի փաստարկ էին հակադրում, որ կլինեն առանձին ազնիվ մարդիկ եւ մտավորականներ, որոնց ճանապարհը փակելը ճիշտ չի լինի։ Այժմ ուսումնասիրելով ցուցակները հասկանում ենք, որ դա փարիսեցիություն էր, քանի որ այսօրվա ցուցակներում այդպիսի մարդիկ չկան, քանի որ եղած մտավորականներն էլ կուսակցությունների անդամներ են։
Կարդացեք նաև
Այն միտքը, որ ԳիԱրՔՄի-ն չմասնակցեց ընտրություններին փող չունենալու պատճառով, շատ է հասարակացված։ Հարցն այն չէ, որ մենք փող չէինք կարող ճարել։ 5 հազար դոլարը եւ 30 հազար ստորագրությունը լուրջ պատնեշ են, եւ անհասկանալի է, թե կուսակցությունը որտեղից պետք է այն ունենա։
– Անդամավճարներից…
– Ես վերլուծել եմ, որ միայն Կոմկուսն ու Դեմիրճյանի կուսակցությունն ունեն բավարար թվով անդամներ, որ կարողանան անդամավճարներով մուծել այդ գումարը։ Կարելի է ինչ-որ տեղ հասկանալ ՀՌԱԿ-ին եւ ՀՅԴ-ին, որոնք ունեն արտաքին օժանդակություն եւ ՍԻՄ-ին, որի թերթը մեծ տպաքանակ ունի։ Մյուսներն իրենց փողը վերցնում են ինչ-որ սպոնսորից։ Բայց այդ սպոնսորի տեղն էլ մենք շատ լավ գիտենք։ Իսկ սպոնսորից փող վերցնելը նշանակում է վաճառվել։ Շատերն ասում են, որ քաղաքականությունը շատ կեղտոտ բան է, եւ այս ձեւը շատ ընդունված է։ Գուցե մենք սխալվում ենք, բայց 1995-ից չենք գնացել նման քայլի եւ այժմ էլ չենք գնա։ Ինձ համար ՔԽ-ում աշխատելն ավելի հետաքրքիր է։
– Չ՞եք կարծում, որ քաղաքական գործիչների պարտության հարցում ավելի մեղավոր են հենց իրենք։ Քանի որ ավելի փոքր հեղինակություն ունեն, քան թաղի տղերքը։ Օրինակ, ինչու Արշակ Սադոյանը չի վախենում իր թաղի տղերքից։
– Իհարկե, կան այդպիսի ակնհայտ ժողովրդական հեղինակություններ, որոնց հաղթելը թաղային հեղինակությունների համար ավելի դժվար կլինի, սակայն պատկերացրեք, որ օբյեկտիվորեն այդպիսի մարդիկ չեն կարող շատ լինել։
Ես ուզում եմ անդրադառնալ նաեւ ընտրական օրենսգիրք։ Ով էլ լիներ «Երկրապահի» փոխարեն, եթե ԱԺ-ում մեծամասնություն ունենար, իրեն հարմար օրենք կընդուներ եւ անպայման կօգտվեր այդ հնարավորությունից։
– Նույնիսկ ԳիԱրՔՄի՞-ն։
– ԳիԱրՔՄի-ն մի փոքր այլ է։ Մենք միակ կուսակցությունն ենք, որ ունենք բարոյական կոդեքս։ Ի դեպ, ներկայիս «Երկրապահը» ավելի ճկուն է, քան նախորդները։ Օրինակ, Եգորյանը ԳիԱրՔՄի-ին մոտիկ չէր թողնի, որ մեկ տառ փոխվեր։ Իսկ «Երկրապահին» մենք 70 առաջարկ տվեցինք, որոնց մեծ մասն ընդունվեց, թեեւ դրանք ոչ մի էական հարցի չէին վերաբերում։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ