Լրահոս
Օրվա լրահոսը

Շեֆը հայտնվում է վերջին րոպեին

Ապրիլ 17,1999 00:00
Nikol Pashinyan

«Միկա Արմենիա» ընկերությունը քաղհայց էր ներկայացրել ընդդեմ «Օրագիր» օրաթերթի, ըստ որի՝ թերթում տպագրված որոշ նյութերի հետեւանքով ընկերությունը 25000 ԱՄՆ դոլարի վնաս է կրել։ Դատարանը բավարարել է հայցը։

«Օրագրի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը երեկ հիմնավորեց հայցի բավարարման ապօրինությունը։ Այսպես՝ «Միկա Արմենիան» վրացական «ԱՆՏԻ» ընկերության հետ 1000 տ վառելիքի գործարք պիտի ունենար եւ, իբր, «Օրագրի» հրապարակումների պատճառով գործարքը չեղյալ է հայտարարվել։ Ըստ պրն Փաշինյանի՝ «Միկա Արմենիայի»՝ դատարան ներկայացրած փաստաթղթերից դժվար է եզրակացնել, թե վրացական ո՛ր ֆիրմայի մասին է խոսքը։ Մի դեպքում գրված է «АНТИ», մյուս կնիքի վրա «АНСИ»։ 2 փաստաթղթերի վրա նույն անձի անունն է, բայց՝ տարբեր ստորագրություններով։ Դատարանը մերժել է «Օրագրի» դիմումը՝ այս փաստաթղթերը փորձաքննության ենթարկելու մասին։ Պայմանագրում, ի դեպ, գրված չէ գործարքի ընդհանուր արժեքը, այն է՝ 1000 տ վառելիքի դրամական արժեքը։ «Սերժ Սարգսյանի եւ այս դատավարության միջեւ կա ընդհանուր կապ։ Մենք եւս մեկ անգամ ֆիքսում ենք, որ «Միկա Արմենիան» ղարաբաղյան կլանի անբաժանելի մասն է»։ Իսկ բոլոր այն մարդկանց, որոնք մտածում են, թե կարող են փակել «Օրագիրը», երազախաբություն է սպասում։

Վրացական ֆիրման նշում է, որ «Օրագրի» 3 հրապարակումներից առաջ տեղյակ չի եղել «Միկա Արմենիայի» վարկի մասին։ Բայց «Միկա Արմենիայի» հայցում խոսքը այն հրապարակումների մասին է, որոնք տպագրվել են պայմանագրի ստորագրման զուգընթաց։ Բայց մինչ այդ էլ «Օրագիրը» (նաեւ «Առավոտը»- Լ. Ա.) անդրադարձել է «Միկա Արմենիայի» գործունեությանը։ Պրն Փաշինյանը խրոխտ կեցվածքով եւ պաշտոնապես հայտարարեց, որ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը մաֆիայի ղեկավար է։ Մաֆիան իր շոշափուկներն է տարածել ոչ միայն ՀՀ տարածքում, այլ Վրաստանում, արտասահմանում։ Այդ մաֆիան կարող է դրսեւորվել ազատ գործարարության ոլորտում, դատական համակարգում։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Ժորա Վարդանյանը, այդ նախկին կագեբեյշնիկը, այդ մաֆիայի ծառան է։ Էդիկ Ավետիսյանը՝ նույնպես»։ Հայկական ավիաուղիների «պոտենցիալ սեփականաշնորհումը» նույնպես կապ ունի Սերժ Սարգսյանի, «Միկա Արմենիայի» եւ այդ կլանի, մաֆիայի հետ։ Ու այս ամենն արվում է դրածո ֆիրմաների միջոցով։

Պրն Փաշինյանը բոլոր փաստաթղթերը ստուգելու միջնորդություններով դիմել է դատարան, սակայն նրա տասնյակ միջնորդություններից ընդունվել է միայն 2-ը՝ 15-ական րոպե ընդմիջում անելու մասին։

«Առավոտի» այն հարցին, թե պաշտոնապես հայտարարելով Սերժ Սարգսյանի գլխավորած մաֆիայի եւ նրա երազախաբության մասին, պրն Փաշինյանը որեւէ հիմքեր ունի՞, պատասխանեց. «Ճնշվածի, հետապնդվածի, կոտրվածի իմիջը ինձ համար չէ։ Ես Հայաստանում՝ իմ տանը, ինձ վստահ եմ զգում։ «Օրագրի» նպատակն իշխանությունների լկտիությունը կասեցնելն է։ … Սա իշխանությունների կողմից փորձ է՝ խույս տալ «Օրագրի» հետապնդումներից»։

«Օրագրի» տպագրման սկզբից Աշոտ Բլեյանը կասկածվում էր թերթին ֆինանսավորելու մեջ։ Սակայն «Օրագիր» եւ Աշոտ Բլեյան հասկացությունները ֆինանսական ընդհանրություն չունեն։

Չփորձելով «ղարաբաղյան- դաշնակցական» կլանը որպես ղարաբաղցի-հայաստանցի հակակրանք ներկայացնել, պրն Փաշինյանը ճշտեց. «Ո՞վ է ասել, որ Բաբայան Սամվելը, Քոչարյան Ռոբերտը կամ Սերժ Սարգսյանը Ղարաբաղ են։ Նրանք փախստական են։ Եթե մի երկրի նախագահ կարող է լքել այդ երկիրը, ես նրա հետ խոսելու բան չունեմ։ Ադրբեջանցիների տիրապետության ժամանակ ասում էին՝ չեն թողնում գիրք տպեն։ Գնացեք տեսեք Բաբայան Սամոյի իշխանության ներքո քանի՞ գիրք է տպվել։ Տեսեք՝ 88-ին Ղարաբաղում որքան բնակչություն կար, հիմա ինչքան կա»։

Հանդիպումից հետո լրագրողներս, չգիտես ինչու, վերհիշեցինք ինքնասպանության չբացահայտված դեպքերի, ավտովթարների ու այլ պատահականությունների մասին։ Բայց մենք՝ ի՞նչ, Բուլգակովի հայտնի հերոսն է ասում, որ աղյուսը ոչ մեկի գլխին պատահաբար չի ընկնում։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930