Հարցազրույց «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» հայկական ժողովրդական նախաձեռնության խորհրդի անդամ Աղասի Արշակյանի հետ
-Պարոն Արշակյան, որքան գիտեմ, օրերս Ձեր կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որպեսզի կամավորներ հավաքագրվեն՝ Կոսովոյում սերբերի կողմից կռվելու համար։ Սակայն կարծես արձագանք չի եղել։
– Ձեր հարցը սադրանք է։ Մենք նման կոչով հանդես չենք եկել, բայց մի քանի օր առաջ մենք արդեն տեղեկատվություն բաժանել ենք, որ մեր գրասենյակ են դիմել մեր ազգային-ազատագրական պայքարի բովով անցած թվով 23 տղաներ՝ խնդրանքով, որ իրենց օգնենք գնան Հարավսլավիա եւ ՆԱՏՕ-ի՝ Հարավսլավիայի տարածք ներխուժելու պարագայում, կռվեն ագրեսորի դեմ։
– Իսկ ինչո՞ւ նրանց մերժեցի՞ք։
Կարդացեք նաև
– Մենք նրանց չենք մերժել, մենք հասկանում ենք իրենց բուռն զգացումները՝ աջակցելու սերբ ժողովրդին եւ ՆԱՏՕ-ի ագրեսիային դիմակայելու առումով։ Մենք նրանց խորհուրդ տվեցինք ցուցաբերել զսպվածություն, մինչեւ այն պահը, երբ մենք քաղաքական շրջանակներում կքննարկենք հարցը եւ կմարսենք այն։ Ու նրանց խոստացանք նաեւ ԳիԱրՔՄի-ի խորհրդի առաջիկա նիստում այդ հարցը քննության առնել։ Արծարծելով հարցը, ԳիԱրՔՄի-ում եկանք այն եզրակացության, որ շատ շուտով ագրեսորի իսկական դեմքը կբացահայտվի, ուստի, մեր երիտասարդների՝ Հարավսլավիա մեկնելու անհրաժեշտությունը բացարձակապես չկա։ Ճիշտ կլինի, որ մենք առայժմ բարոյապես աջակցենք սերբերին եւ Հարավսլավիայի ժողովրդին։ Մենք արձանագրեցինք, որ Հարավսլավիայում հրահրված ողբերգությունից հավասարապես տուժում են երկրի բոլոր ազգությունները, այդ թվում եւ Կոսովոյի ալբանացիները։ Այդ մարդկանց խնդրել ենք ինքնագործունեություն չդրսեւորել՝ ցուցաբերելով զսպվածություն։
– Հրանտ Խաչատրյանը «Առավոտին» տված հարցազրույցում ասաց, թե «Իրավունք եւ միաբանություն» դաշինքում կլինի նաեւ ԳիԱրՔՄի-ն, որը, ինչպես հետո պարզվեց, վայելում է Սամվել Բաբայանի հովանավորությունը։ Դուք ինչո՞ւ չընդգրկվեցիք այդ դաշինքում։
– Մեզանից երկուսն անհատական կարգով ընդգրկված են «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի ցուցակում։ Չորրորդը ես եմ, 16-րդը՝ Վահագն Եդիգարյանը, որը մեծամասնական կարգով առաջադրված է նաեւ թիվ 20 ընտրատարածքում։ ԳիԱրՔՄի-ն դաշինքում չընդգրկվեց տեխնիկական պատճառներով, որովհետեւ չուներ համապատասխան ֆինանսական հնարավորություններ, որպեսզի հավասարի իրավունքով մասնակցեր բլոկի գործողություններին։ Կազմակերպությունը որոշում է ընդունել, որ իր անդամներն ազատ են առաջադրվել ինչպես մեծամասնական ընտրակարգով, այնպես էլ գաղափարակից կամ հոգեհարազատ կազմակերպությունների եւ դաշինքների ցուցակում։ Ափսոսում եմ, որ մեր կազմակերպությունը չկարողացավ միանալ այդ դաշինքին, որն, ընդհանուր առմամբ, կարգին մարդկանց եւ կարգին ուժերի դաշինք է։ Ինձ համար պատիվ է այդ ցուցակի 4-րդ տեղում լինելը, թեպետ ավելի բարձր հորիզոնականներում գրվելու առաջարկներ նույնպես եղել են։ Ես ուժերս հիմնականում իմ ընտրարշավի վրա եմ ծախսելու թիվ 2 ընտրատարածքում։ Ընտրվելու դեպքում տեղ կբացեմ ցուցակի հաջորդ թեկնածուի համար։
– Կարծում եք, որ 5% հավաքելո՞ւ եք։
– Մեր ցուցակը անհամեմատ ավելի ձայներ կստանա, քան 5%-ն է։ Մինչեւ «Միասնություն» բլոկի ձեւավորումը մեր հնարավորությունները տատանվում էին 7,5-8,5%-ի շրջանակներում։ Իսկ դրանից հետո մեր շանսերը 10%-ից հաստատապես անցնում են։
– Իսկ «Միասնության» շանսերը որքա՞ն եք գնահատում։
– Եթե այդ դաշինքը չկայանար, այդ երկու ուժերը ընդհանուր գումարով, բայց առանձին-առանձին, մինչեւ 60 տոկոս տեղեր կստանային, իսկ հիմա 30 տոկոս էլ չեն ստանա, որովհետեւ հիասթափված են ոչ միայն Կարեն Սերոբիչի կողմնակիցները, այլեւ վիրավորված են իսկական երկրապահները։ Տեղի ունեցավ խորտակված անուրջների եւ վերջին շրջանի ընտրական գրպանահատների միասնություն։ Այդ դաշինքից քաղաքական ուժերն, իհարկե, շահեցին, բայց տուժեց առաջին հերթին ժողովուրդը, եւ հետո նոր միայն իրար միացած այդ երկու ուժերը։ Միֆն այնպիսի բան է, որ սոված ժողովրդին 6 ամիս, մեկ տարի կարողանում է պահել, բայց այդ միֆն այլեւս գոյություն չունի։
– Դուք պաշտպանում եք «Իրավունք եւ միաբանություն» դաշինքին, որը չկարողանալով նույնիսկ տեղ գտնել հանձնաժողովներում, իսկ հիմա հավակնում է 10 տոկոսի։
– Կյանքը դա ցույց կտա։ 45 օր է մնացել ընդամենը, որպեսզի պարզ դառնան նախնական արդյունքները։ Ասեմ նաեւ, որ ստորագրահավաքի ընթացքում ընդամենը մանր ժուլիկություն տեղի ունեցավ, ինչը, ցավոք, ամրագրված է օրենքում։ Ստորագրահավաքի նորմը ընդհանրապես անպետք է։ Հինգ տեղերին հավակնող առաջին հնգյակից առնվազն երեքն իրենց ներկայացրած ստորագրությունների ավելի քան 80%-ը թխել են։ Դուք եւ մենք դրանում կհամոզվենք մայիսի 31-ին, երբ հայտնի կդառնա, որ «Հայրենիքը», «Հզոր հայրենիքը» եւ «Հօրինված երկիրը» կհավաքեն ոչ ավելի, քան իրենց «աջակիցների» 10-15%-ն ընդամենը։
Զրույցը վարեց
Ա. ԶԱՔԱՐՅԱՆԸ