Այսպիսի անխնա որակման արժանացրեց Բաբկեն Արարքցյանը Աղասի Արշակյանի՝ Ռուսաստան-Բելառուս միությանը միանալու հայ ժողովրդի բուռն իղձը հավաստող մեկ միլիոն ստորագրահավաքը։
Լրագրողներիս ներկայությունից օգտվելով՝ պարոն Արարքցյանը ցանկացավ, որ «մի բան հստակ իմանանք». այդ «իբր թե հավաքված մեկ միլիոն ստորագրության պատճենները ոչ մի պաշտոնական մարմին չի տեսել»՝ չնայած դրանք ներկայացնելու ԱԺ-ի առաջարկին։ Իսկ եզրակացությունն Աղասի Արշակյանի համար շատ ցավալի պիտի լինի՝ «այդպիսի ստորագրություններ գոյություն չունեն»։ Սակայն Լիբերալ դեմոկրատական կուսակցության հրավիրած «Մարդու իրավունքները» թեմայով բանավեճն ամենեւին էլ մեծն իրավապաշտպանին ու առավել եւս նրա ստորագրահավաք առաքելությանը չէր նվիրված։ Պարզապես պարոն Արարքցյանը ցանկանում էր մեկ այլ իրավապաշտպանից՝ բանավեճի գլխավոր զեկուցող Միքայել Դանիելյանից ճշտել. ինչպե՞ս կարող է իրավապաշտպան անվանել մեկին (այս դեպքում՝ Աղասի Արշակյանին), որը քաղաքական հետապնդումների ենթարկվող գործչին՝ Վանո Սիրադեղյանին պաշտպանելու փոխարեն, ինքն էլ էր միացել հետապնդողներին։ Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանին այս դիտողությունը առիթ տվեց խոսել իրավապաշտպանի էթիկայի մասին ընդհանրապես, իսկ Վանո Սիրադեղյանի հասցեին Աղասի Արշակյանի հայտարարություններն անմեղության կանխավարկածի խախտում որակեց՝ արձանագրելով, որ վերջինս իրավապաշտպան չէ, այլ քաղաքական գործիչ։ Մինչդեռ՝ «իրավապաշտպանը իրավունք չունի խառնվել քաղաքականությանը»։
Այս տրամաբանությամբ էլ պարոն Դանիելյանը սխալ էր համարում այն իրավապաշտպանների (նրանք յոթն են) քայլը, ովքեր առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ծրագիր ունեն։ Անկախ ու ազատ իրավապաշտպանի համոզմամբ, ԱԺ-ի պատգամավորը նույնն է, թե իշխանության ներկայացուցիչը եւ չի կարող պաշտպանել մարդու իրավունքները, քանի որ դրանք ոտնահարողը հենց նույն իշխանությունն է։ Վերջիններիս «վարքագիծը վերահսկելու» առաքելությունն իրականացնելու ընկերակցության որդեգրած մեթոդն է՝ մարդու իրավունքների ոտնահարման փաստերը հավաքել ու հրապարակել։ Այդպես էլ պարբերաբար անում են, ու երեկվա օրինակները, չկրկնվելու մտահոգությամբ, չենք ներկայացնի՝ պարոն Դանիելյանի դեմ պատնեշներ ստեղծողի որակմանն արժանանալու վտանգն աչքներիս առաջ ունենալով։
Բացատրեմ. ի պատասխան ներկաներից մեկի այն հետաքրքրության, թե որո՞նք են իրավապաշտպանի համար փակ թեմաները՝ պարոն իրավապաշտպանը հայտարարեց, որ իր դեմ պատնեշներ ստեղծողները լրագրողներն են, ովքեր չեն հրապարակում այն, ինչն ինքն ասում է։ Դրա փոխարեն պարոն Դանիելյանի բացահայտած փաստերի հանդեպ խիստ ուշադիր են միջազգային կառույցները։ Իսկ Եվրոպայի խորհուրդը հենց նրանց ուղարկած նամակի պատճառով մեզ չընդունեց իր գիրկը, որովհետեւ աններելի էին մարդու իրավունքների ոտնահարման նկարագրված փաստերը։ Այստեղ, հավանաբար, Դավիթ Շահնազարյանի համբերությունը հատեց, եւ երբ ճշտեց, որ նամակն այս տարվա հունվարին է ուղարկվել, տեղեկացրեց, որ Եվրոպայի խորհուրդը մեզ պաշտոնապես մերժել է դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին։ Բայց Միքայել Դանիելյանն էլ «տակը չմնաց»՝ արդարանալով, որ հարցը մի հատ էլ հունվարին պիտի վերանայվեր, բայց իրենց նամակի պատճառով այլեւս չվերանայվեց։ Չենք կարծում, որ Դավիթ Շահնազարյանի «ճշտումը» պատասխան էր փակված կուսակցության մասին պարոն Դանիելյանի հիշեցման։ Այնուամենայնիվ, Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետը մեկ անգամ էլ պնդեց, որ «Դաշնակցությունը փակվել է ՀՀ օրենքներին համապատասխան» ու նաեւ խայթեց. «Այսօր ՀՅԴ-ի գործունեությունը հակասում է ՀՀ օրենսդրությանը։ Դրսից ղեկավարվող կուսակցություններն իրավունք չունեն ՀՀ-ում, ինչպես նաեւ բոլոր նորմալ երկրներում գործելու»։
Կարդացեք նաև
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ