«Առավոտը» փորձեց ՆԳ եւ ԱԱ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Միքայել Գրիգորյանի միջոցով ստուգել մեր այն լուրի հավաստիությունը, թե Խորխոռունու սպանության առնչությամբ ՆԳ եւ ԱԱ 6-րդ վարչությունը ձերբակալել է 2 ղարաբաղցիների, իսկ 3-րդ մասնակիցն էլ սպանված է։ Պատասխանը հետեւյալն էր. «Այդ երկու ձերբակալվածները որեւէ առնչություն չունեն Խորխոռունու սպանության հետ»։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ը ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ
Արգենտինայի իշխանությունները կասեցրել են «Հայաստան» մշակութային ընկերակցության գործունեությունը եւ փակել նրան պատկանող համանուն թերթը։ Այդ անվան տակ է Արգենտինայում գործում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։ ՀՅԴ-ն աշխարհի տարբեր երկրներում գրանցված է ոչ թե որպես կուսակցություն, այլ որպես այս կամ այն անունը կրող հասարակական կազմակերպություն։ Արգենտինայի օրենքներով արգելված է հասարակական կազմակերպություններից մարդկանց վտարումը (ինչպես նաեւ նրանց անդամության կախակայումն ու սառեցումը)։ «Հայաստան» մշակութային ընկերակցության հենց այդ գործողություններն էլ դարձան կասեցման պատճառը։
Կարդացեք նաև
ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ
Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանից «Առավոտը» փորձեց պարզել Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքը ԱԺ-ում Արմեն Դարբինյանի ելույթի նկատմամբ, չի՞ համարում, որ նախընտրական այս փուլում այն ավելորդ լարվածություն առաջացրեց։ «Վարչապետի պաշտոնն այնպիսի պաշտոն է, որ նա ինքն է որոշում իր ելույթների տեղը, պահը, բնույթն ու նպատակահարմարությունը։ Ելույթի հաջող կամ անհաջող լինելու գնահատականը ես չէի ցանկանա տալ»,- պատասխանեց Վահե Գաբրիելյանը։
41-ՐԴԸ
ՀՅԴ համամասնական ցուցակի 41-րդ հորիզոնականում պատգամավորության թեկնածու է առաջադրվել Էդուարդ Պոլադովը։ Պարոն Պոլադովի աշխատանքի վայրը նշված է՝ փախստականների եւ բնակչության տեղաշարժի վարչության գլխավոր մասնագետ, ինժեներ-տեխնոլոգ։ Պարոն Պոլադովը ժամանակին մի շարք խնդիրներ է ունեցել նույն վարչության հետ, որոնք վերաբերում էին սեփական քոթեջ ձեռք գցելուն։