Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐԻՍ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ

Ապրիլ 16,1999 00:00
kadilak

Վերջը

Ապրելը դժվար է, մեռնելը՝ հեշտ։ Ավտովթար, ինֆարկտ, ծերություն կամ հավանական մի այլ պատճառ, եւ դու հայտնվում ես «հարյուր տարվա մեռելների» կողքին։

Առոք-փառոք

Հանգուցյալի համար գուցեեւ կարեւոր չէ, թե ում հարեւանությամբ ինքը կհանգչի (այդ կարգավիճակում պիտի լինես, որ հասկանաս), բայց հարազատները, մոռացած սուգ ու ցավ, սկսում են իրենց բյուջեին ու դիրքին համապատասխան (բնականաբար՝ հարեւաններին չզիջող) «կտոր մը հող» փնտրել (որ հետագայում դառնում է տոհմական գերեզմանատուն)՝ հանգուցյալի աճյունը ամփոփելու համար։

Այս աշխարհը լքածին, հավանաբար, չի հետաքրքրում, թե իրեն կաղնե՞, թե՞ սովորական փայտե դագաղով (կամ սավանով) հողին կհանձնեն, իր շիրմին երկու հարյո՞ւր, թե՞ ութ հարյուր դոլարանոց շիրմաքար կդնեն, բայց հարազատները… Ամեն ինչ «հայավարի»՝ թաղումից մինչեւ շիրմաքար։ Մերն ուրիշ է։

Մերը

Մայրաքաղաքի տասնյոթ գերեզմանատնից չորսը (Կարմիր բլուր, Քանաքեռ, Ավան, Զեյթուն) հարաբերականորեն փակ են (նոր հողատարածքներ չեն հատկացվում), մի քանիսն էլ փակման եզրին են։

Արին Բերդի գերեզմանոցը (Սովետաշեն) «լողում» է (ով ցանկություն եւ հնարավորություն ունի, կարող է իր հանգուցյալին այստեղից տեղափոխել այլ հանգստարան՝ ընդառաջում են)։

«Եթե լուծում չգտնվի, մի քանի տարի անց մենք (անկախ մահացության թվի աճից -Կ.Ա.) այլեւս գերեզմանոցային ազատ հողատարածքներ չենք ունենա»,- կարծում է մայրաքաղաքի բնակչության հատուկ սպասարկման ծառայության պետ Համլետ Ավետիսյանը։

Ինքնատիպը

Հարթության վրա միայն փոքրիկ հուշաքարերն են (ինչպես արտերկրներում). չկան ոչ հսկա մահարձաններ, ոչ էլ բետոնապատ կառույցներ («կշահենք ոչ միայն հողատարածքներ, այլեւ կխնայենք բնակչի բյուջեն»)։ Ի դեպ, այս դեպքում ո՛չ հանգուցյալը կիմանա իր կողքին ով է հանգչում («մեծապատի՞վ» էր, թե՞ համեստ աշխատավոր), ո՛չ էլ նրա հարազատները։

Հրկիզում

Դեռեւս մերոնցից ոչ մեկը չի ցանկացել այս եղանակով հանգուցյալին հողին հանձնել։ Մի անգամ միայն՝ հնդիկ ուսանողի դին են ցանկացել հրկիզել, բայց… «Ախր մենք դիակիզարան էլ չունենք»։

Երրորդ տարբերակ

«Սպասում ենք նոր առաջարկների»,- ասաց Համլետ Ավետիսյանը:

Փոսը

Այս կյանքից բոլորին միանման պարգեւ է հասնում՝ 2×3 չափսի փոսը (փոս փորելու եւ նմանատիպ այլ աշխատանքների համար պետականորեն միայն պետք է վճարել 5000 դրամ -Կ.Ա.)։ Փոս փորողն էլ մարդ է, որն ամեն մի բահ հողի հետ (հաճախ բահը հողին չլուծված մարդկային ոսկորներ է ի դերեւ հանում) մտածում է. «Իմ փոսը տեսնես ո՞վ է փորելու»։ Փոսի կռիվ է, լավ փոսի։

«Անտեր մեռել»

Գրեթե ամեն օր հողին է հանձնվում 4-5 «անտեր» հանգուցյալ (այգիներից, փողոցներից առավոտյան մահվան բոթն անմիջապես հատուկ բյուրո է հանում)։ «Անտեր մեռելոց» վերջին հանգրվանը Արին Բերդի գերեզմանատունն է։ «Սարսափելին այն է, որ թաղումից 7-8 օր հետո հայտնվում են հանգուցյալի հարազատները եւ պահանջում դին տեղափոխել այլ գերեզմանատուն՝ առանց մտածելու, որ մինչեւ 6 ամիս դիակը փտման պրոցեսում է»։

Մուրացկանները

Ամեն գերեզմանատուն ունի իր բոմժերը։ Գիշերում են այդտեղ, սնվում հոգեհացի մնացորդներով։ «Հսկում ենք, որ ծաղիկներն ու ծաղկեպսակները չգողանան»։

Շները

Վերջում գալիս են շները, լափում «հոգու հացի» վերջին փշուրները, հսկում մեռյալների քունը, դիահոտով արբած՝ հարձակվում ուշացած անցորդների վրա եւ «քնած» հոգիներին հիշեցնում, որ բոլորի «ուղտը վերջում այստեղ է չոքում»։

ԿԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930