Գեներալ Միքայել Հարությունյանը ՊՆ գլխավոր շտաբի պետն է։ Արդյունքներից դատելով, կարելի է ասել, որ նա իր երեխաներին սովորեցրել է, որ «Ուժն է ծնում իրավունք» կամ ավելի պարզ՝ ճիշտը միշտ ուժեղի իրավունքն է։
Այդ է պատճառը, որ սույն գեներալի որդին՝ Արսեն Հարությունյանը դեկտեմբերի 9-ին սղոցել է Կիեւյան 18 հասցեում գտնվող Երքաղկոոպառի թիվ 11 խանութի փականը եւ տիրացել դրան։ Այն դեպքում, երբ խանութի վարիչ-վաճառող Հովիկ Մելիքսեթյանը այդ խանութում աշխատել է Արսեն Հարությունյանի տարիքից մի քանի տարի էլ ավելի՝ 27 տարի։ Արսեն Հարությունյանը, որը ուժեղ է ոչ միայն իր հայրիկով, այլ հանդես է գալիս նաեւ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի անունից՝ սպառնացել է. «Լավ իմացիր՝ ով է իմ հայրը, որտեղ է աշխատում։ Դու երիտասարդ տղա ունես, կտանեն տղայիդ երկու տարով, եւ այլեւս հետ չի գա, լավ մտածիր…»։ Հովիկ Մելիքսեթյանի որդին մինուճար է, եւ աչքի առաջ ունենալով երկու տարով բանակ գնացած ու այլեւս հետ չեկածների բազմաթիվ այլ օրինակներ, կարծում ենք, մտածելու տեղ ունի։
Կիեւյան 18 հասցեում գտնվող թիվ 11 խանութը մեկն է այն 23-ից, որոնք Երեւանի քաղաքային կոոպերատիվ առեւտրի վարչությունը վարձակալել էր Երեւանի քաղաքապետարանից։ Դրանցից 17-ը հասցրել էր սեփականաշնորհել Հայկոոպի նախկին պետ Ռազմիկ Դանիելյանը։ Մնացած 6-ը, ըստ առողջ տրամաբանության, պետք է սեփականաշնորհեր ներկայիս ղեկավար Ռաֆիկ Բագոյանը։ Հենց նրա կարգադրությամբ էլ Երքաղկոոպառի վարչության պետ Ղազարյանը սեպտեմբերի 26-ի հրամանով Հովիկ Մելիքսեթյանին ազատում է աշխատանքից։ Այս հրամանը համարելով անօրինական, խանութի վարիչը շարունակում է աշխատել մինչեւ դեկտեմբերի 9-ը, երբ խանութն իր ձեռքից խլում են ուժով։ Խանութը խլելու օրը Արսեն Հարությունյանը ակնարկում է, թե հանուն ինչի է Ռաֆիկ Բագոյանը որոշել այդ խանութի վարիչ-վաճառող նշանակել գեներալի որդուն, ասելով. «Թող փորձվեր խանութը մեզ չտալ, կգնայի էն երկու տղաներին էլ բանակ կքշեի»։
Որպես տեղեկանք նշենք, որ այս տարածքում խանութի համար օգտագործվող տարածքի 1 քմ-ն արժե 400-500 դոլար, իսկ թիվ 11 խանութի ընդհանուր մակերեսը 100 քմ է։ Հայտնվելով փողոցում՝ Հովիկ Մելիքսեթյանը դիմում է Արաբկիր, Քանաքեռ եւ Զեյթուն համայնքի առաջին ատյանի դատարան, որը մարտի 30-ին դատավոր Ա. Առաքելյանի նախագահությամբ որոշում է անվավեր ճանաչել Հայկոոպի քաղաքային վարչության հրամանը եւ Հովիկ Մելիքսեթյանին վերականգնել նախկին աշխատանքում։ Սակայն այդքան միամիտ մի գտնվեք, մտածելով, թե ամեն ինչ այդպես հեշտ ու արդարորեն լուծվեց։ Վճիռը կայացնելուց մեկ օր առաջ, մարտի 29-ին, քաղաքային վարչության ղեկավարությունը խանութի տարածքը հանձնում է Երեւանի քաղաքապետարանին։ Չկա տարածք՝ չկա նաեւ խանութ։ Այլ հարց է, որ այժմ այդ տարածքը Արսեն Հարությունյանի ղեկավարած «Էլինա» ՍՊԸ-ին է տրամադրում Երեւանի քաղաքապետարանը։ Գեներալները իրար հետ են լեզու գտնում։ Եթե մեր ընթերցողին թվա, որ այս հոդվածը տպագրվում է Հովիկ Մելիքսեթյանի իրավունքները պաշտպանելու համար կամ որպեսզի ցույց տրվի, թե ինչպիսի անօրինականություններ են կատարվում, ապա դուք կրկին չարաչար սխալված կլինեք։
Կարդացեք նաև
Այս հոդվածը մեր ազգային բանակի եւ նրա փառապանծ սպայակազմի գովազդն է։ Սիրելի ընթերցող, եթե դուք էլ եք ուզում ունենալ խանութներ եւ կազինոներ, որ ձեր որդիներն էլ ուժի դիրքերից անպատիժ «ուրիշի հացին վայիս» լինեն, ուրեմն գնացեք բանակ, անձնազոհ ծառայեք հայրենիքին, բարձրացեք զինվորական հիերարխիայով՝ մինչեւ գնդապետ ու գեներալ, եւ այդ ժամանակ ձեր եւ ձեր որդիների համար հայրենիքը ըստ արժանվույն վարձահատույց կլինի։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ