Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ-Ն ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է՝ ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է

Ապրիլ 16,1999 00:00
grqer

Ամեն տարի, բուհական ընդունելության քննությունների նախաշեմին առիթ ենք ունենում հաղորդակցվելու մի տարօրինակ երեւույթի, երբ գրախանութներն ու փողոցային գրասեղանիկները զարդարվում կամ պարզապես տնքում են ամենատարբեր առարկայական արցարան-հարցաշարերի, ձեռնարկ-շտեմարանների, ուղեցույց-ժողովածուների նախանձելի առատությունից։

Զարմանալ կարելի է հրատարակիչների հնարամտությունից, որոնք, օգտագործելով տպագրության համակարգչային հնարավորությունները, վաղուց իրենց սպառած, ոչ մի քննադատության չդիմացող, գործնականում արդեն իսկ նախկինում փորձարկված եւ դիմազրկված հարցարան-ժողովածուները՝ կոսմետիկական «բարեփոխումների ու վերամշակման» քողարկմամբ՝ ներկայացնում են որպես նորույթ կամ ինչ-որ արտառոց նախաձեռնություն։

Վերջին մեկ-երկու տարում մամուլով եւ ռադիո-հեռուստատեսությամբ առավել շահարկվող առարկաների ու դրանց հետ կապված մութ գործարքների թվում են հայտնվել «Հայոց լեզուն», «Քիմիան» եւ «Աշխարհագրությունը»։ Թերեւս այնքան էլ բարվոք չէ վիճակը նաեւ մյուս առարկաների հարցում, ինչի վկայությունն են բազմագույն կազմերով, տարբեր հաստության եւ բովանդակության, ԿԳՆ թույլտվությամբ կամ հաստատմամբ երբեմն էլ ԿԳՆ-ն շրջանցող այլընտրանքային, ճիշտ նույնպիսի ձեւավորմամբ, սակայն հրատարակման տարեթվերը 1996, 97, 98, 99 հաջորդականությամբ փոփոխված հարցարանների շարքերը։

Ասելիքն ավելի առարկայական հնչեցնելու նպատակով, փորձենք հանդես գալ տուժող կողմերից մեկի՝ «Աշխարհագրության» դիրքերից։

Վերջինս դասավանդվում է հանրապետության հանրակրթական դպրոցների 4-10-րդ դասարաններում, որի ամբողջական դպրոցական ծրագիրը բաշխված է ըստ ինը կտոր դասագրքերի՝ դիմորդից պահանջելով ձեռքի տակ ունենալ նշված բազմահատոր հավաքածուն, որի գումարային արժեքը պետք է որ կազմի 11-12 հազար դրամ։ Գաղտնիք չէ, որ մի շարք առարկաների գծով հրատարակվել են ամփոփ, դպրոցական ծրագրային նյութը ներառնող «Ձեռնարկներ բուհ ընդունվողների համար», որոնց վաճառքի «պայմանագրային» գինը 2-2,5 հազար դրամ է։ Աշխարհագրության առարկայից նմանատիպ ձեռնարկ վերջին անգամ հրատարակվել է 1987-ին, որը մեր օրերում բացարձակապես կիրառելի չէ, քանի որ դրան հաջորդած տասնամյակում կատարվել են աշխարհաքաղաքական, մակրո եւ միկրոտնտեսական, սոցիալ-հասարակական շրջադարձային փոփոխություններ։

Այսպիսով, դեռեւս չունենք ռեպետիտորի ծառայությունից չօգտվող եւ սոցիալապես ընչազուրկ ընտանիքի ապագա դիմորդին օժանդակող՝ աշխարհագրության առարկայական ձեռնարկ, ինչում կարծես թե խիստ շահագրգռված են նշված բնագավառի կրկնուսուցանող այրերը։

1991-ից կիրառվում է աշխարհագրություն առարկայի բուհական ընդունելության քննությունների գրավոր տարբերակը (իր բոլոր առավելություններով ու թերություններով)՝ սկզբում կիսագրավոր, 1992-ին՝ թեստային, 1993-94 թթ.՝ չորս հարցանի (յուրաքանչյուրը 5 բալ առավելագույն գնահատմամբ), 1995-ին՝ երկու + երկու (երկուական ութ եւ երկու բալանոց հարցերով), 1996-97 թթ.՝ վեց հարցանի (երեք 5 բալանոց, երկու 2 բալանոց, մեկ 1 բալանոց), 1998 թ.՝ տասնմեկ հարցանի (երեք 3 բալանոց, երեք 2 բալանոց, հինգ 1 բալանոց), իսկ 1999 թ.՝ 14 հարցանի կառուցվածքով։

Թվարկած փաստերից կարելի է հանգել մի եզրակացության, որ բուհական աշխարհագրության պատասխանատուները որդեգրել են մազոխիստական քաղաքականություն եւ շարունակում են «աշխարհագրության» խմբակային բռնաբարումը։ Դե եկ, խեղճ դիմորդ, ու մի խենթանա։ Իսկ ինչ վերաբերում է աշխարհագրությունը նախընտրած դիմորդներին, ապա մնում է միայն տարակուսել այդօրինակ նվիրյալների հաստատակամ անձնազոհությունից (կամ ինքնահրկիզումից), քանի որ սպասվում է 600-700 (նախորդ տարիների 1000-1100-ի փոխարեն) դիմորդների 30-35 տոկոսանոց ծրագրավորված «ջարդ»՝ երեքից մեկն ավելորդ է սկզբունքով։ Եթե ընդունենք, որ աշխարհագրություն առարկայից մրցութային տեղերը կպահպանվեն նախորդ տարվա սահմանագծում (551 տեղ), ապա դժվար չէ կռահել, որ ի սկզբանե հայտարարված մրցութային տեղերի զգալի մասը կմնա թափուր (60-100 տեղ)։ Մի՞թե զավեշտական չէ։

Այս առումով խորհուրդ կտայինք ԿԳ նախարարությանը՝ 1999 թ. աշխարհագրության բուհական ընդունելության քննությունները չանցկացնել «Աշխարհագրություն -99։ Բուհական ընդունելության քննության հարցարանով» (Լ. Վալեսյանի խմբագրությամբ, 11 հոգանոց հեղինակային կազմով, 10 հոգանոց գրախոսների անվանացանկով), որի ճերմակ շապիկի գլխավերեւում գրված է՝ «ՀՀ գիտության եւ կրթության նախարարություն»։ Որքանով որ տեղյակ ենք, նման նախարարություն ՀՀ-ում չունենք, ու երեւի թե շտապելուց հրատարակիչները խառնել են «ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը» (ճիշտ նույնպիսի սխալով, նույնպիսի ձեւավորմամբ է հրատարակվել նաեւ «Աշխարհագրություն -98» հարցարանը)։ Որպես քարտեզագրական առաջադրանքի նմուշ, էջ 65-ում բերված է ՀՀ համր (ուրվագծային) քարտեզ-սխեմայի մի օրինակ՝ բազմաթիվ սխալներով։

Եվ եթե սպասվող բուհական ընդունելության քննություններում ցուցաբերվի նմանատիպ մոտեցում, ուրեմն՝ վա՜յ քեզ, դիմորդ։ Անհասկանալի է նաեւ երեք, երկու, մեկ բալանոց հարցերի եւ ենթահարցերի (1 բալ) խմբագրման սկզբունքը. օրինակ՝ էջ 6, N3 հարցի բ) ենթահարցը ակնկալում է «աշխարհագրական մեծ հայտնագործությունները եւ դրանց նշանակությունը» (1 բալ), իսկ նույն էջի N4 հարցը (3 բալանոց) ամբողջությամբ համարժեք է վերը նշված ենթահարցին։

Երեք բալանոց բարդության եւ ծավալի մի շարք հարցերում մեկ բալ գնահատման ենթահարցերը տառապում են գիտականության բացակայության բարդույթով եւ առանձնահատուկ մտքի լարում պետք չէ, որպեսզի դիմորդը մեկնաբանի էջ 7, N10 հարցի բ) ենթահարցը, N11 հարցի բ) ենթահարցը, էջ 13, N15 հարցի բ) ենթահարցը, էջ 16, N2 հարցի բ) ենթահարցը եւ այլն։

Այսպիսի վայրիվերումների առատությունը նշված հարցարանի ոչ միակ «արժանիքն» է։

Վեց մանկավարժի ստորագրություն, որոնց տվյալները խմբագրությունում են

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930