Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐԲԻ ԱՉՔԵՐՆ ԷԼ ԵՆ ԺՊՏՈՒՄ

Ապրիլ 16,1999 00:00
Samvel Yeremyan

«Որբ մանուկներին» բարեգործական միությունը հիմնադրվել է անցյալ տարվա մայիսին եւ այս ժամանակահատվածում հասցրել է բազմաթիվ բարեգործություններ կատարել, օգնել ծնողազուրկ, կարիքավոր երեխաների։ Միության պատվավոր անդամներից են Ալբերտ Մկրտչյանը, Գեւորգ Խանջյանը, Սոս Սարգսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը եւ այլք։ Իսկ այս բարի առաքելության կրողն ու իրագործողը միության նախագահ, նկարիչ Սամվել Երեմյանն է։

Այն հարցին, թե ինչպես ծնվեց բարեգործ դառնալու եւ բարեգործական միություն ստեղծելու գաղափարը, պրն Երեմյանը պատասխանեց. – Զբաղվելով նկարչությամբ եւ բազմաթիվ ցուցահանդեսների մասնակցելով, ես միշտ փորձել եմ ուժերիս ներածին չափով զբաղվել բարեգործությամբ։ Այս պրոբլեմով զբաղվել սկսել եմ Ղարաբաղյան պատերազմի եւ 1988-ի երկրաշարժից Հայաստանի հյուսիսային շրջանների տուժելու տարիներին։ Բայց որպեսզի կատարած գործերը առավել արդյունավետ լինեին հասարակության համար, համատեղ ուժերով որոշեցինք հիմնել «Որբ մանուկներին» բարեգործական միությունը։ Շուտով կլրանա մեր գործունեության մեկ տարին։

– Ո՞րն է միության նպատակը։

– Նյութական, ֆինանսական եւ բարոյական օգնություն ցույց տալ Հայաստանի Հանրապետության (հետագայում եւ Սփյուռքի) մանկատներին եւ որբ երեխաներին, հոգ տանել մանկատներից դուրս գալու պահից նրանց կրթության, դաստիարակության, բժշկական սպասարկման եւ ապրելատեղի մասին, առավել ընդունակ եւ տաղանդավոր երեխաներին օգնել, որպեսզի նրանք կրթություն ստանան բուհերում։ Եվ, վերջապես, բարոյական, հոգեբանական ու նյութական օգնություն ցույց տալ, որպեսզի նրանք իրենց զգան հասարակության լիիրավ անդամներ, դառնան լիարժեք քաղաքացիներ։

– Իսկ ի՞նչ միջոցներով եք իրականացնում այդ գործերը։

– Հիմնականում այդ միջոցները գոյանում են իմ սեփական նկարների վաճառքից։ Ներդրումներ ունեն նաեւ միության մյուս անդամները, որոնցից են փոխնախագահ, երաժշտագետ Ամալյա Իշխանյանը, պատասխանատու քարտուղար, «Միսս համագործակցություն -99» Գոհար Հարությունյանը, որն, ի դեպ, պատրաստվում է հունիսին մասնակցել Բեյրութում կայանալիք «Միսս Եվրոպա» մրցույթին։ Եվ մեր նպատակներից մեկն էլ, փաստորեն, այն է, որ Գոհարիկին լավ նախապատրաստենք, որպեսզի նա արժանապատվորեն ներկայացնի մեր ժողովրդի դեմքը։ Մինչ այսօր դեռեւս ոչ մի կազմակերպություն ֆինանսապես մեզ չի օգնել, եւ ցավով պիտի նշեմ, որ մեր հասարակության մեջ բարեգործությունը ընդունված չէ, հոգեբանորեն անընկալելի է մարդկանց։ Այդ պատճառով շատ պրոբլեմներ մնում են չլուծված։ Բայցեւայնպես, մենք շարունակում ենք մեր գործը, քանի որ ամեն մի փոքրիկ օգնություն էլ, կարծում ենք, բարի է։

– Ի՞նչ այցելություններ եք կատարել վերջերս։

– «Որբ մանուկներին» բարեգործական միությունը վերջերս այցելեց Երեւանի «Զատիկ» մանկատուն, իհարկե, ոչ դատարկ ձեռքերով… Այնտեղ մի փոքր համերգ կազմակերպեցինք, որը ժպիտ պարգեւեց որբերի թախծոտ աչքերին։ Սա մեր երրորդ այցելությունն էր «Զատիկ» մանկատուն։ Հարկ եմ համարում նշել, որ առաջին այցելության ժամանակ մեզ հետ էր նաեւ հյուրախաղերով Հայաստանում գտնվող ռուսական էստրադայի աստղ Իրինա Սալտիկովան, որն իր կողմից 1500 դոլար արժեք ունեցող մի համակարգիչ նվիրեց մանկատանը։ Վերջերս մանկատան երեխաներին, միության ուժերով, տարանք ռուսական էստրադայի աստղ Անդրեյ Գուբինի համերգին։

– Մոտ ապագայում ի՞նչ անելիքներ ունեք։

– Անելիքները եւ ցանկությունները շատ են, բայց իրագործման համար միջոցներ են հարկավոր։ Օրինակ, նպատակ ունենք երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, շաբաթաթերթ ստեղծել, որը կզբաղվի Հայաստանի Հանրապետության տարածքում որբ երեխաների առողջության եւ այլ պրոբլեմների լուսաբանումով։

ՌՈՒԶԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930