Լրահոս
Օրվա լրահոսը

Գեշ անեկդոտ մինչեւ մայիսի մեկը

Ապրիլ 16,1999 00:00
dram

Հայտնի բան է՝ վիճակախաղում երբեմն կարելի է շահել։ Համենայնդեպս օրինակներ կան, որ որեւէ մեկին խոշոր շահում է բաժին ընկնում։ Օրինակ՝ Դիլիջան քաղաքի բնակչուհի Դունյա Բեգլարյանին։ Նա TV-LOTTO հեռուստավիճակախաղով երեւանյան երկուսենյականոց բնակարան է շահել։

Դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 24-ին TV-LOTTO-ի 124-րդ խաղարկության ժամանակ։ Հետո տիկին Բեգլարյանը եկել է Երեւան՝ շահումը ստանալու։ 1998 թ. դեկտեմբերի 10-ին Երեւանի առաջին պետական նոտարական գրասենյակում նրա հետ կնքվել է «Բնակարանի առուծախի պայմանագիր»: Նորաշեն թաղամասի 21 շենքի 116 բնակարանը հանձնվում է նրան։ Բնակարանի նախկին տիրոջը՝ Լիդա Գալստյանին բնակարանի արժեքը վճարել է հեռուստախաղի կազմակերպիչ «Էդի» ՍՊԸ-ն։ Դիլիջանի բնակչուհի Բեգլարյանը մեծահոգաբար համաձայնվում է, որ իր նոր բնակարանի նախկին բնակիչները ձմեռն անցկացնեն հետո նոր ազատեն տունը։ Այսքանը կարծես խոշոր շահումի դրական մասն էր։

Հետո սկսվում են տիկին Բեգլարյանի տառապանքները։ Դիլիջանում նրան այցելում է հարկային տեսուչը եւ երջանիկ սեփականատիրոջը ներկայացնում տարածքային հարկային տեսչության պետ Ա. Մեջլումյանի 0/136 գրությունը։ Այնտեղ նշված է. «Երեւանի Մյասնիկյանի տարածքային հարկային տեսչությունից ստացված տեղեկության համաձայն դուք շահել եք 2 սենյականոց բնակարան, որը գնահատված է 3 մլն դրամ»։ Այնուհետեւ զգուշացված է. «Դուք պարտավոր եք պետբյուջե վճարել իրային շահումից ստացված եկամուտի եկամտահարկը, որը կազմում է… 872 հազար դրամ»։ Հետո զգուշացվում է, որ գումարը պետք է մուծել մինչ մայիսի մեկը։ Այնուհետեւ «միանում» է տուգանքների համակարգը՝ օրական 0,2%-ի չափով։

Երկու սենյականոց շահումի դիմաց փաստորեն առաջարկվում է մուծել 1600 դոլարից ավելի եկամտահարկ։ Սակայն մի շտապեք դատապարտել հարկային տեսուչներին։ Նրանք իրենց գործն են անում։ Զարմանալին շահումի անհավանական բարձր գինն է՝ 3 մլն դրամը։ Իսկապես, անհասկանալի է, թե ինչպես է «Էդի» ՍՊԸ-ին հաջողվել ադքան թանկ բնակարան գտնել։ Անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող մի քանի գործակալություններ վստահեցնում են, որ նման բնակարանի գինն իրականում 2 մլն դրամի (4000 դոլար) սահմաններում է։ «Էդի»-ի շնորհած նման շահումով ովքեր են շահում՝ անհասկանալի է։ Մի բան ակնհայտ է, որ «բարձր» արժեքի պատճառով անհարկի մեծ եկամտահարկ է պահանջվում շահումը ստացած տիկին Բեգլարյանից։

Խմբագրություն այցելած քաղաքացուհին մի հոգս ունի՝ շտապ վաճառել իր բնակարանը։ Վաճառել, որ կարողանա վճարել եկամտահարկը։ Այնպես որ, սույն հոդվածը կարելի է համարել Նորաշեն թաղամասի 21 շենքի 116 բնակարանը վաճառելու հայտարարություն։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930