Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՄԱԿ «ԱՌԱՎՈՏԻՆ»

Ապրիլ 16,1999 00:00

ՆԱՄԱԿ «ԱՌԱՎՈՏԻՆ» Գրիչ վերցնելու պատճառը անհարգալից, անհոգի վերաբերմունքն է մարդկանց հանդեպ։ Բագրատունյաց փողոցում, Երեւանյան լճի հարեւանությամբ, ամենքս բենզինի մի փոքրիկ կրպակ ունենք (խոսքը թվով յոթ կրպակի մասին է)։ Յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս երեքից- չորս ընտանիքի ապահովելու ընդամենը իր հաց հանապազօրյան։ Ճգնաժամային, սոցիալական անապահով այս իրավիճակում, երբ պետությունը ոչինչ չի տալիս եւ հնարավորություն էլ չունի աշխատանքով ապահովելու, մենք կարողացել ենք ստեղծել ընդամենը բենզինի այս փոքրիկ կրպակները, որպեսզի մի կերպ քարշ տանք մեր գոյությունը։ Վերջին ժամանակներս ամպեր են կուտակվել մեր կրպակների գլխավերեւում։ «Վերեւներից» ամեն օր գալիս են, սպառնում, որ ապամոնտաժելու են մեր կրպակները։ Ոչ ոք հաշվի չի առնում, որ կրպակները տեղադրված են համապատասխան վերադասների գրավոր թույլտվությամբ, տարիներ շարունակ գրանցված են պետռեգիստրում եւ առ այսօր պարտաճանաչորեն մուծել ենք պետականորեն հաստատված բոլոր հարկերը եւ այլն… Այսօր, երբ ուզում են ապամոնտաժել մեր կրպակները, չկա գոյատեւելու ուրիշ միջոց, մնում է, որ մենք էլ լքենք մեր հայրենիքը եւ միանանք այն մեկ միլիոնին (եւ գուցե ավելին), որոնք ստիպված հեռացան Հայաստանից։ Մարդն ինչպես կարող է գոյատեւել, երեխա, ընտանիք պահել, եթե չունի ապրուստի միջոց։ Եվ ամենավիրավորականն այն է, որ ամբողջ քաղաքում կանգուն են բենզինի բոլոր մեծ ու փոքր կրպակները, ավելին, հենց վերջերս նոր կրպակներ են տեղադրվել նշված փողոցի եւ քաղաքի գլխավոր փողոցներում, բայց մեր կրպակները, մեզ անհայտ պատճառներով, ուզում են վերացնել, սովի մատնել մեր ընտանիքները (ավելի քան քսան ընտանիք իրենց բազում հոգսերով՝ երեխաներ, ծերեր, հաշմանդամներ, կանայք…)։ Չկա աշխատանքային ապահովվածություն, չունենք վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ Խնդրում ենք օգնել մեզ։ 21 ստորագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել