Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ԲԱՑԱՌՈՒՄԸ

Ապրիլ 16,1999 00:00
toto

Միջպետական համաձայնագրով 1994-ին Հայաստանում բացվեց ռուսական «Ռոսվնեշտորգ» միավորման ներկայացուցչությունը։ Հիմնական նպատակն էր՝ վերականգնել կորցրած շուկաները եւ գտնել նորերը։

Այդ տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության պահանջով Հայաստան էր ներկրվել 1 մլն 85 հազար դոլարի ապրանք (ծխախոտ, շաքարավազ)։ Համագործակցող կողմն էր ՊՆ-ի «Ձիրավ» փոքր ձեռնարկությունը։ «Ձիրավի» չգործելը պատճառ էր, որպեսզի ՀՀ կառավարության հանձնարարականով սույն ձեռնարկության պարտքը՝ 1 մլն 85 հազար դոլար, «ժառանգություն» ստանար «Դվին կոնցեռն» ՊՓԲԸ-ը, որի երաշխիքն էր ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը։ Ի դեպ, հիշյալ նախարարությունը, լինելով բյուջետային ձեռնարկություն, չէր կարող երաշխիք տալ։ Այսպիսով, 1995 թ. դեկտեմբերի 5-ին Մոսկվայում կնքված եռակողմ համաձայնագրով, պարտապան է համարվում «Դվին կոնցեռն» ՊՓԲԸ-ը եւ պարտավորվում է պարտքը մարել մինչեւ 1996 թ. մարտի 15-ը։ 1996-98 թթ. «Դվին կոնցեռնը» «Ռոսվնեշտորգին» պարտքը փոխհատուցում է 161 հազար շիշ կոնյակով եւ այլ ապրանքանիով՝ 916 հազար դոլար արժողությամբ, որից 34 հազարը անհայտ տեխնոլոգիայով արտադրված եւ չարտոնագրված շշեր էին։ «Ռոսվնեշտորգի» տեղի ներկայացուցչության ղեկավար Ալեքսանյանը պնդում է, որ ապրանքը, չնայած երեք տարվա վաղեմությանը, անորակ լինելու պատճառով չի վաճառվել եւ ենթակա է վերադարձման։

Նման բարիդրացիական հարաբերություններից հետո, «Դվին կոնցեռնը» մի օր էլ «թարս ձի նստեց» եւ հայտարարեց, որ պարտքը մարված է մինչեւ վերջին ցենտը, ավելի ստույգ՝ դեռ 116 հազար դոլար էլ ավելի է վճարել, թեպետ երկու երկրների վարչապետների մակարդակով պարտքի մարման երաշխիքային նամակներ էին փոխանակվել։ ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախարարության ստորին օղակների դանդաղկոտությունը հարկադրում է ՌԴ փոխվարչապետ Դավիդովին հիշեցնել ՀՀ պաշտպանության նախարարին «բարաթի» մասին։ «Դվին կոնցեռնի» հայտարարությունն, իրոք, տրամաբանական է։ Այն ակներեւ է 1998 թ. նոյեմբերի 13-ի ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախկին նախարար Նանագուլյանի գրությունում՝ ուղղված ՀՀ վարչապետ Դարբինյանին, որն է. «Դվին կոնցեռն» ՊՓԲԸ-ը, համաձայն եռակողմ համաձայնագրի, ունենալով «Ռոսվնեշտորգ» ԱՄ-ին 1 մլն 85 հազար դոլարի պարտք, առ այսօր մարել է 916 հազար դոլարի չափով՝ «Ձիրավ» ՓՁ-ից ստանալով 800 հազար դոլար։ «Դվին կոնցեռնի» պարտքը «Ռոսվնեշտորգին» կազմում է 169 հազար դոլար, իսկ «Ձիրավի» պարտքը «Դվին կոնցեռնին»՝ 285 հազար դոլար։ Այնուհետեւ մեջտեղ է բերվում «Դողագործ» ՓԲԸ-ը, որի լիազոր կառավարիչն է «Դվին կոնցեռնը», սա էլ «Ձիրավին» պարտք է 121,9 հազար դոլար եւ առաջարկում է կատարել պարտքերի փոխհաշվանցում։

Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Ուռնովը երիցս միջնորդում է հարցի «խաղաղ» կարգավորման համար, որն էլ պարտավորեցնում է ՀՀ վարչապետ Դարբինյանին հանձնարարել արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Մարտիրոսյանին եւ առեւտրի ու արդյունաբերության նախարար Գեւորգյանին՝ վերջնական լուծում գտնել։ Նախարար Հայկ Գեւորգյանը «Ռոսվնեշտորգ» ԱՄ տեղական ներկայացուցչությանն ուղարկած գրությունում հայտնում է, որ, իրոք, «Դվին կոնցեռնը» պարտքը մարել է 916 հազար դոլարի չափով, իսկ «Ձիրավից» ստացել է 800 հազար։ «Ձիրավ» ՓՁ-ն չգործելու պատճառով ի վիճակի չէ կատարել պայմանագրային պարտավորությունները։ «Ուստի, նկատի ունենալով կողմերի միջեւ պայմանագրային պարտավորությունների չկատարման պատճառների ֆինանսական բնույթը՝ առաջարկում ենք հարցի վերջնական լուծումը դնել տնտեսական դատարանի վրա» (ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք)։

Հավանաբար, 1994-ին «Դվին կոնցեռնի» գործերը լավ էին, քանի որ նա համաձայնել է այդ իշաբեռը շալակել։ 1998-ի հուլիսից ի վեր, թե քանի՜ անգամ են «Ռոսվնեշտորգն» ու «Դվին կոնցեռնը» իրենց «սրերը» խաչաձեւել, թե ինչքան թուղթ ու թանաք են վատնել, թե ինչքան նյարդ ու ջիղ են փչացրել… սակայն սայլը տեղից չի շարժվել։

«Ռոսվնեշտորգը» Հայաստանում օտարերկրյա ներդրող է։ Մեր կառավարությունը օտարին սիրաշահելու ջանք չի խնայում, փոխարենը՝ ակնկալում է ներդրում։ Իսկ թե ինչո՞ւ են «եղբայր» Ռուսաստանի հետ այդպես վարվում…

Ո՞ւմ կողմը կբռնի տեղական դատարանը՝ էական չէ։ Ակնհայտ է, որ «Ռոսվնեշտորգը» դատարան կմտնի պարտապանների ամբողջական ցուցակով, որում երկրորդ եւ երրորդ «պատվավոր» տեղերը զբաղեցնում են ՀՀ առողջապահության նախարարության «Ամադենտ» պետական ձեռնարկությունը՝ 120 հազար դոլար, ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախարարության «Հայ նպարեղեն» պետական ձեռնարկությունը՝ 107 հազար դոլար, որն, ի դեպ, 1998-ի փետրվարի 7-ին սնանկ էր ճանաչվել, իսկ տնօրենը գտնվում է հետախուզման մեջ։ Հրազդանի ժողդատարանը վերանայել է գործը եւ ինչ-ինչ պատճառներով կասեցրել սնանկ ճանաչելու որոշումը։ Հորիզոնականը եզրափակում է ՀՀ առեւտրի վարչության կենտրոնական բազան՝ 171 հազար դոլար։

ԱԼԻՆԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածի անոնսին ծանոթանալուց հետո խմբագրություն զանգահարեց «Դվին կոնցեռնի» նախագահ Ռ. Սարգսյանը։ Բնականաբար, հերքեց հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները։ Նրա հակափաստարկները կներկայացնենք առաջիկա համարներից մեկում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930