Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի դեսպանը ՀՀ կառավարության հաջողություններն է տեսնում

Ապրիլ 16,1999 00:00
amn despanutyun

Վերջին շաբաթների ընթացքում, ըստ ԱՄՆ դեսպանի, մի քանի կարեւոր այցելությունները եւ իր մեկնումը ԱՄՆ առիթ են հանդիսացել մամուլի ասուլիսի հրավիրման համար։

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Լեմոնը կարեւոր այցելությունների շարքում թվարկեց Վրաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ պետություններին տրամադրվող օգնության գծով ԱՄՆ պետքարտուղարի ու տարածաշրջանի հարցերով զբաղվող ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները Հայաստան։

Այս տարածաշրջանում ԱՄՆ երեք դեսպանների հանդիպման նպատակն է եղել, պարոն Լեմոնի հավաստմամբ, գտնել ճանապարհներ, որի միջոցով ԱՄՆ-ը կկարողանա ավելի խթանել տարածաշրջանի 3 երկրների միջեւ (ինչպես նաեւ Կասպյան ավազանի երկրների միջեւ) համագործակցությունն ու ինտեգրացումը. «Մենք մեծ ուշադրություն դարձրեցինք, թե ինչ պետք է արվի դեպի Կովկաս եկող եւ Կովկասի միջով անցնող տրանսպորտային ուղիները վերանորոգելու եւ բարեկարգելու համար՝ համագործակցելով ՏԱՍԻՍ-ի, Եվրահամայնքի, ՏՐԱՍԵԿԱ-ի, ՀԲ ծրագրերի շրջանակներում»,- նշեց Մայքլ Լեմոնը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային օդային տրանսպորտային համակարգի բարելավմանը, մաքսային խոչընդոտների հարթմանը, շրջակա միջավայրին վերաբերող հարցեր։ «Օրինակ՝ պայքարը երաշտի դեմ. լավ է, որ վերջին շաբաթում անձրեւ է եկել»,- գոհունակությամբ տեղեկացրեց դեսպանը։

Պարոն Լեմոնը կարեւորեց նաեւ Վաշինգթոնի միջգերատեսչական մասնագետների խմբի այցելությունը Հայաստան։ Այդ այցն ըստ դեսպանի հնարավորություն ընձեռեց Վաշինգթոնի ներկայացուցիչներին Հայաստանի կառավարությանը տեղեկատվություն հաղորդել ՆԱՏՕ-ի եւ Եվրոատլանտյան համագործակցության խորհրդի գագաթաժողովների մասին։ Ի դեպ, առաջ ընկնելով ասեմ, որ Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին իր կարծիքն արտահայտելիս ԱՄՆ դեսպանը նշեց, որ Հայաստանը հաջողակներից մեկն է այդ հարցում եւ որ ՀՀ կառավարության հաջողությունների մասին քիչ են խոսում թե Հայաստանում, թե դրսում։ Դեսպան Լեմոնը տեղեկացրեց նաեւ, որ ԱՄՆ առեւտրի եւ զարգացման գործակալությունը կազմակերպում է Կասպյան ավազանի երկրներում ԱՄՆ դեսպանների այցելություն ԱՄՆ գործարար կենտրոններ։ Այցի նպատակն է՝ խթանել Միացյալ Նահանգների ներդրմանն այս տարածաշրջանում։

Այս միջոցառմանը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի մասնակցությամբ՝ ըստ պարոն Լեմոնի, ԱՄՆ-ը Հայաստանին տեսնում է որպես անբաժան գործընկեր ոչ միայն արեւմուտքից-արեւելք տրանսպորտային ուղիների զարգացման գործում, այլ նաեւ որպես միջազգային առեւտրի եւ զարգացման Կովկասի խաչմերուկում գտնվող տարածաշրջան։ Մինչ Միացյալ Նահանգներ մեկնելը Մայքլ Լեմոնը Հայաստանում կընդունի Մորգենթաու ընտանիքին՝ հարգանքի տուրք մատուցելով Հենրի Մորգենթաուի հիշատակին (Հ. Մորգենթաուն 1915 թ. եղել է ԱՄՆ-ի դեսպանը Օսմանյան կայսրությունում եւ մեծապես օժանդակել է հայերի օգնության եւ 1915 թ. կոտորածի փաստման գործում)։ Բնականաբար, լրագրողները չէին կարող շրջանցել Կոսովոյում ընթացող իրադարձությունները եւ նրանց հարցերը հիմնականում վերաբերում էին այդ հարցի վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի դիրքորոշմանը։

Մայքլ Լեմոնի խոսքերով՝ բազմաթիվ քննարկումներ են տեղի ունենում ինչպես ՆԱՏՕ-ի ներսում, այնպես էլ հիմնական ուժերի ներկայացուցիչների միջեւ եւ, հիմնականում, ըստ դեսպանի, նրանք հանգում են մի քանի սկզբունքների, որոնք գրեթե նույնն են։ Այն է՝ Բելգրադը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, սերբական անվտանգության ուժերը պետք է հանվեն Կոսովոյից, եւ պետք է այնտեղ լինի միջազգային համայնքի ներկայացուցչություն, փախստականներին պետք է թույլ տրվի վերադառնալ, եւ պետք է ջանքեր կիրառվեն հակամարտության լուծում գտնելու ուղղությամբ։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ. Գ. Դեմքիս ամերիկյան արտահայտություն տալով՝ ԱՄՆ դեսպանին հարցրեցի, թե արդյոք հնարավոր չէ՞, որ դեսպանատան մուտքի մոտ պայուսակները ստուգեն տեխնիկայի միջոցով, այլ ոչ թե քրքրեն դրանք։ Պրն դեսպանը նույնպիսի արտահայտությամբ տեղեկացրեց, որ պետքարտուղարություն մտնելիս ինքն էլ է ենթարկվում նմանատիպ ստուգման, եւ հույս հայտնեց, որ մոտ ապագայում տեխնիկան այնքան կզարգանա, որ պայուսակները քրքրելու կարիք չի զգացվի։ Պրն Լեմոնին հայտնեմ, որ մեզ մոտ՝ Հայաստանում, տեխնիկան այդքան զարգացել է, եւ ասենք ՀՀ նախագահի նստավայր մտնելիս միայն տեխնիկայի շնորհիվ են ստուգվում պայուսակները (եւ մարդիկ)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930