Լրահոս
Օրվա լրահոսը

Սովորեցնողը նա՛ չէ

Ապրիլ 16,1999 00:00

Սովորեցնողը նա՛ չէ Ընտրատարածքներում թեկնածուների բաժանումը խայտաբղետ պատկեր ունի։ Ընտրատարածքներից մեկում կարող է միայն մեկ թեկնածու լինել, իսկ մյուսներում՝ 10-12 եւ այլն։ Ամենաշատ թեկնածուներ են քվեարկվելու թիվ 3 ընտրատարածքում։ Այստեղ 19 թեկնածու կա, մեկը մեկից մտավորական, մեկը մեկից կուսակցական, մեկը մյուսից հակադիր։ Այս բազմամարդ ընտրատարածքում, ի թիվս այլոց, իր թեկնածությունն է դրել նաեւ ԵՊՀ-ի ամբիոնի վարիչ Լյովա (Լեւոն) Եզեկյանը։ Պրն Եզեկյանի թեկնածության դեմ որեւէ բան առայժմ չունենք, սակայն խմբագրություն զանգահարած մի ընթերցող խիստ գաղտնի պահելով իր անունը, մեզ հայտնեց, թե Լյովա Եզեկյանի անձը հայտնվել է թեկնածուների շարքում միայն այն պատճառով, որ նա է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հայերեն սովորեցրել։ Թեպետ «Առավոտին» հայտնի էր, թե ով է նախագահի իրական Մեսրոպ Մաշտոցը, սակայն, այնուամենայնիվ, փորձեցինք հարցն ուղղել պրն Եզեկյանին։ Վերջինս հերքեց այդ լուրը եւ իբրեւ ավելացում՝ ասաց. «Լավ կլիներ, որ ես Ռոբերտ Քոչարյանին հայոց լեզու սովորեցնեի, որովհետեւ ես ոճաբան եմ, խոսքի մշակույթի մասնագետ եմ եւ դասավանդում եմ այդ առարկաները։ Եթե ես նախագահին հայերեն սովորեցնեի, նա հաստատ ավելի լավ եւ ավելի գրագետ կխոսեր»։ Իսկ իր ընտրվելու հավանականությունը պարոն Եզեկյանը ցածր չի գնահատում՝ նրա կարծիքով, Ավանում թվով ամենաշատ մտավորականներն են ապրում եւ նրանք հաստատ մտավորականի կընտրեն։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել