Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ԿԱՆԱՑԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 16,1999 00:00
anjela bakunc

Կարծիք կա, որ քաղաքականություն են մուտք գործում իրենց հիմնական մասնագիտությունների մեջ չկայացած մարդիկ։ Վիճելի է, բայց ճշմարտությանը մոտ։ Սակայն պատահում են նաեւ դեպքեր, երբ առաջին ճակատագրական քայլի խթանիչը ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը սեփական ուսերին վերցնելն է։ Նման մարդիկ ստվերում են մնում։

Այդպիսի «աշխատող մեղուներից» է Ազգային ժողովի պատգամավոր Անժելա Բակունցը։ Նա սոցիալական հարցերի, առողջապահության եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի անդամ է, բնապահպանության գծով ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի հանձնաժողովի նախագահի տեղակալը եւ «Շամիրամ» խմբակցության անդամը։

– Անժելա, հայտնի է, որ «Շամիրամը» Վանո Սիրադեղյանի հոգեզավակն է համարվում եւ ստեղծվել էր որոշակի խնդիրներ լուծելու նպատակով. ի՞նչը ձեզ ստիպեց ընդգրկվել նման ղեկավարող կազմակերպության մեջ։

– Այո, «Շամիրամ» կանանց կազմակերպության գաղափարը Սիրադեղյանինն էր, սակայն, ես հավանաբար, արդեն ներքուստ պատրաստ էի հասարակական ակտիվ գործունեությանը։ Կեղծավորություն չանենք. յուրաքանչյուր կուսակցության հետեւում կոնկրետ մարդիկ կամ դեմքեր են կանգնած։ Առանց այդ աջակցության նրանք չեն կարող գոյատեւել։

– Առավել եւս, «Շամիրամը» նախանձելի հետեւողականությամբ պաշտպանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին անգամ վիճելի հարցերում։ Մի՞թե դա քաղաքական հրավերի ապացույց չէր։

– Ամեն մեկն իր համար է պատասխան տալիս, սակայն ես իմ կազմակերպությունից չեմ կապող հրաժարվել։ Մենք շատ ծանր հանդիպումներ ենք ունեցել Տեր-Պետրոսյանի հետ։ Ընդհանրապես, կանայք բնավորությամբ ընդդիմադիր են։ Նրանք միշտ էլ ավելին են ցանկանում։ «Շամիրամը» խորհրդարանում ընդամենը ութ հոգուց էր բաղկացած։ Շատ մեծ «պատիվ» կլինի մեզ երկրի տապալման գործում մեղադրելը։ Մեզ չէր սիրում նաեւ ՀՀՇ-ն. չէ՞ որ ընտրություններում նրանց ձայնն էինք խլում։ Հայոց կանայք պատմության մեջ առաջին անգամ քաղաքականություն մտան որպես կազմակերպված ուժ։

– Ինչպե՞ս եք գնահատում ձեր պատրաստվածության մակարդակը նման պատասխանատու աշխատանքի համար։

– Սկզբում շատ դժվար էր։ Ես երբեք չէի ամաչում խոստովանել, որ ինչ-որ բան չեմ հասկանում։ Առաջին օրենքը, որ ընդունեցի, սոցիալական հարցին էր վերաբերում։ Սակայն պատգամավորի աշխատանքը մշտական կատարելություն է պահանջում։ Անհրաժեշտ է մանրազնին ուսումնասիրել համաշխարհային փորձը։ Իմ սկզբունքն է եղել՝ ոչ թե պարզապես քվեարկության կոճակը սեղմել, այլ քո միջով անցկացնել յուրաքանչյուր որոշում։ Ինձ շատ բան է տվել Ռուսաստանի համար Եվրախորհրդարանի ստեղծած քաղաքական հետազոտությունների Մոսկվայի դպրոցը։

– Արդյոք կնոջ համար հե՞շտ է պատգամավորական պարտականությունների բեռը կրելը։

– Առաջին տարում արցունքներով էի հեղեղված։ Սոցիալական հարցերով էի զբաղվում։ Կանանց բնորոշ է ուրիշի ցավով տառապելը։ Ցավոք, շուկայական հարաբերությունները ցինիկություն, լպիրշություն են թելադրում։ Չգիտեմ, թե այդ ամենը ինչպես էի կրելու, եթե չզգայի իմ ամենամտերիմ մարդկանց աջակցությունը։ Ես երկու որդի ունեմ, ամուսին, եւ միշտ կարող եմ հենվել նրանց հասկացողության վրա։ Ինձ համար, ինչպես յուրաքանչյուր կնոջ, ընտանիքը կյանքում ամենաթանկ արժեքն է։

– Գաղտնիք չէ, որ պատգամավորների շրջանում սովորություն է դարձել խմբակցությունից-խմբակցություն անցնելը՝ քաղաքական քամիների համեմատ։ Դուք չե՞ք պատրաստվում դրան։

– Ինձ թվում է, կարեւոր չէ, թե որ կազմակերպությունում ես աշխատում, միայն թե քեզ հարգեն ազնվության եւ արհեստավարժության համար։ Երբ Հայաստանում քաղաքացիական հասարակություն կայանա, հինգ-վեց կուսակցություն կմնա։ Երբ «Երկրապահ» խմբակցության կողմն էին մղվում շատ «հնարամիտ» պատգամավորներ, ես նրանց ասացի. «Դասալիքներին գրկաբաց մի ընդունեք»։ Նախընտրում եմ այնտեղ լինել, ուր կարող են պետք գալ իմ փորձն ու գիտելիքները, այլ ոչ թե մշտապես հուսալի «տանիք» որոնել։ Ինձ համար քաղաքականության մեջ գտնվելու ժամանակ ստացած ամենաբարձր գնահատականը Աշոտ Նավասարդյանի խոսքերն էին. «Ես կցանկանայի քեզ նման զինակից ունենալ…»։

ԱՐՄԵՆ ՎԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930