Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

… ԲԱՅՑ ԼՈՒՅՍՆ ԻՄ ՀՈԳՎՈՒՅՍ ՔԻՉ-ՔԻՉ ԿՄԱՇԻ

Ապրիլ 16,1999 00:00
lamp

Բանաստեղծության այս հրաշալի տողն իզուր արժեզրկեցի՝ ինչ է, թե պիտի նշեի, որ խորհրդարանական ճեպազրույցների այս անգամվա գլխավոր թեման, բնականաբար, էլեկտրաէներգիայի սակագների սառեցման վերաբերյալ տապալված օրինագիծն էր։ Սակայն այս օրերին նաեւ բացառվում է, որ մի տեղ քաղաքական գործիչներ ու լրագրողներ հավաքվեն ու ընտրությունների մասին չխոսեն։

Բոյկո՛տ, բոյկո՛տ, մինչեւ…

«Հանրապետություն» միավորումը ներկայացնող Վիգեն Խաչատրյանի եւ Կարապետ Ռուբինյանի հետ, ասենք, ընտրություններին չմասնակցելու մասին զրուցեցինք։ «Առավոտի» հարցին ի պատասխան, թե մտավախություն չունե՞ն, որ խորհրդարանից դուրս հայտնվելով լուսանցքային ուժ կդառնան, Վիգեն Խաչատրյանն ասաց. «Մեր նպատակը չէ մնալ քաղաքական ասպարեզում ու դառնալ պատգամավոր»։

Արմեն Դարբինյանը պնդել էր, թե քաղաքականության մեջ մնալու համար մասնավորապես Խաչատրյանները՝ անտեսեցին այն հաշվարկներն ու հիմնավորումները, որ իրենց ներկայացվել էին էներգահամակարգում կորուստների եւ այլնի վերաբերյալ։ «Հանրապետության» ներկայացուցիչները, իսկ ավելի ուշ նաեւ «Հայրենիք» խմբի անդամ Արմեն Կիրակոսյանը հերքեցին, թե իրենց նման տվյալներ են տրամադրվել։ Կարապետ Ռուբինյանը սա Հայաստանում Խորհրդային Միության անգաղափար մթնոլորտի վերականգնման նշաններից մեկը համարեց. «Երբ թվեր էին հրապարակվում, որոնք որեւէ առնչություն չունեին իրական կյանքի հետ»։ Չէ որ էներգետիկ ոլորտում գործարքների եւ չարաշահումների փաստերը հանրահայտ են, կորուստները պատճառաբանող ինչ այլ թվեր էլ ներկայացվեն։ Իսկ Վիգեն Խաչատրյանն ասաց. «Լավ կլիներ՝ Արմեն Դարբինյանն ինքը փորձեր մնալ, այլ ոչ ամեն ինչ աներ, որ իրեն պահեն քաղաքական դաշտում։ Մենք բոյկոտել ենք այս ընտրությունները, որ պահվողի դերում չընկալվենք հասարակության կողմից։ Մյուս մասնակիցները, մեր խորին համոզմամբ, այս անօրինական իշխանության հետ մտել են գործարքի մեջ՝ քաղաքական դաշտում մնալու համար»։

Կարապետ Ռուբինյանը վկայեց, թե սակագների քվեարկությունից առաջ մարդիկ էին հրավիրվել նախագահի մոտ, «ջերմ զրույցներ ունեցել եւ դրա համար էին բացակայել»։ Ինքը վստահ էր, որ եթե բոլոր մյուս ոլորտներում հաջողություններ էլ լինեին՝ միայն էներգետիկայի վիճակը նորմալ երկրում բավական կլիներ, որ կառավարությունը հրաժարական տար. «Եվ ես էլ կողմ եմ քվեարկել, որ ցույց տամ՝ այս կառավարությունը սնանկ է, չունի քաղաքական որեւէ հենարան եւ բարեփոխումներ իրականացնելու համար քաղաքական կամք»։

Առանց փակագծերը բացելու

Շավարշ Քոչարյանի ճեպազրույցում հետաքրքրականը թերեւս այս հայտարարությունն էր, որ նրա անունով ստորագրություններ են հավաքել այլ թեկնածուի համար։ «Գիտեմ նաեւ բազմաթիվ դեպքեր, երբ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ հայտարարում են, թե Արշակ Սադոյանի ընտրության կամ Կարեն Դեմիրճյանի համար են հավաքում՝ ոչ թե նրա գլխավորած ցուցակի, այլ տարբեր տեղամասերում հայտարարել են, թե նա այնտեղ է քվեարկվելու»,- պրն Քոչարյանը չցանկացավ որոշակիացնել։

Հարցումների համաձայն

«Վազգեն Սարգսյանին քաղաքական գործիչ պարզապես չեմ համարել,- խոստովանեց Պարույր Հայրիկյանը։ – Բայց Վազգեն Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը քաղաքական հակառակորդին ասպարեզից վերացնելու, չեզոքացնելու տեսակետից հանճարեղ քայլ կատարեց»։ ԱԻՄ-ի նախագահի հրապարակած հարցումների արդյունքների համաձայն, եթե շուրջ երկու շաբաթ առաջ Կարեն Դեմիրճյանի կուսակցությունն ամենալուրջ մրցակիցն էր, ապա այժմ «միասնական ձայների տոկոսը սկսել է նվազել։ Հենց սկզբից էլ այդ դաշինքի մեծամասնություն նվաճելու մասին բոլոր խոսակցություններն անհիմն էին։ Սակայն ՀՀԿ-ն շահեց ավելին, քան կարող էր շահել որեւէ քաղաքական կազմակերպություն ընտրություններից երկու ամիս առաջ»։ Վերահաստատվեց, թե ՀՀԿ-ն ինքնուրույն մեծ դժվարությամբ պիտի հաղթահարեր 5 տոկոսի արգելանքը։ Իսկ ՀԺԿ-ից խորթացածների ձայներն առայժմ չեն բաշխվում քաղաքական այլ ուժերի միջեւ. նրանք համալրել են չկողմնորոշվածների եւ ընտրություններին այլեւս մասնակցել չցանկացողների բանակը։

«ԱԻՄ-ի վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրման տվյալներն այսօր գոհացնում են մեզ»,- հայտարարեց պրն Հայրիկյանը։ Եվ «Առավոտի» խնդրանքով էլ ներկայացրեց, թե ինչու մեծամասնական ընտրահամակարգով չառաջադրեց իր թեկնածությունը։ Պարզվում է, որ մտադիր է եղել Նուբարաշենում առաջադրվել, որտեղ միշտ 75 տոկոսից ավելի ձայներ է ստացել։ Բայց նույն ընտրատարածքում ի վերջո առաջադրվել է Անդրանիկ Մարգարյանը, իսկ ԻՄ-ը որոշել էր խուսափել քաղաքական ու պետական ճանաչված գործիչների դեմ թեկնածուներ առաջադրելուց։

Տանձի կորիզ

Հաջորդը «Երկրապահ» խմբի ներկայացուցիչ, ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանն էր, եւ լրագրողները նրան անմիջապես խնդրեցին մեկնաբանել հակառակորդին մեկուսացնելու հանճարեղ քայլի վերաբերյալ Հայրիկյանի գնահատականը. «Քաղաքականության մեջ հանճարեղ քայլեր չեն լինում։ Քաղաքականությունն իր նպատակահարմարությունն ունի»։

Գալուստ Սահակյանին խնդրեցին կարծիք հայտնել վարչապետի ելույթում «Երկրապահի» հասցեին արված դրվատանքի խոսքերի մասին։ «Մեր խումբը եւ նաեւ ՀՀԿ-ն նույնքան վտանգավոր է համարում գովաբանությունները «Երկրապահին», ինչքան նաեւ փնովումները,- ասաց պրն Սահակյանը։- Վարչապետը փորձեց քաղաքական ելույթով հանդես գալ։ Ինձ թվում է, որ դրա կարիքը չկար եւ ժամանակը չէր։ Ավելի լարվածություն առաջացավ։ Եվ վարչապետի ելույթը չէր կարող հետեւանք հանդիսանալ սակագների խնդիրը լուծելու համար»։

Ի դեպ, Արմեն Դարբինյանի հավաստիացման առիթով, թե ընտրություններից հետո եւս կառավարության հիմնական կորիզը մնալու է, Գալուստ Սահակյանն ասաց. «Կառավարության կորիզ ասելն էլ իր չափերն ու կշիռներն ունի։ Նայած ինչ կորիզ՝ դեղձի, ծիրանի…»։

Բացասման բացասում

Փաստորեն, էլեկտրաէներգիայի սակագների սառեցմանը «դեմ» քվեարկած 4-ից 2-ը փոխնախարար են այլեւս։ Մեկը՝ մի քանի օր առաջ, իսկ «Բարեփոխումներ» խմբի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը՝ հաջորդ օրն իսկ։ Ճիշտ է, նորանշանակ փոխարտգործնախարարը բազմաթիվ հիմնավորումներ ուներ, թե ինչու էր հարկավոր «դեմ» քվեարկել, բայց նույնքան էլ փաստարկներ ուներ, որ սակագների բարձրացումը պատճառաբանված չէ։ Այսինքն, պատճառաբանված է, բայց միայն մեր ստանձնած միջազգային պարտավորություններով՝ կառուցվածքային բարեփոխումների 65 մլն-անոց վարկը ստանալու դիմաց։ Արմեն Մարտիրոսյանը պնդում էր, որ այս վարկային ծրագրին ժամանակին Սադոյանն էլ է «կողմ» եղել, Վահագն Խաչատրյանն էլ եւ բոլոր-բոլորը։

Ախ, իմ «Հայրենիքի» լույսը

Սակագների սառեցման օրենքի առնչությամբ ՍԴ-ին դիմելուց զատ՝ «Հայրենիք» խմբի ներկայացուցիչ Արմեն Կիրակոսյանը խոսեց ԱԺ արտահերթ նիստով այս հարցերը պարզելու, Խոսրով Հարությունյանի հրաժարականը պահանջելու ուղիների մասին։ Ժողովրդային ճնշման ուղու առնչությամբ էլ հարց եղավ, թե ինչպես էր, որ մարդիկ երկու անգամ եկան ԱԺ դարպասների մոտ, բայց այդ օրը չեկան՝ մի՞թե ներազդեցին վախեցնելու, հոգեբանական ճնշման ենթարկելու միջոցները։ «Ժողովրդին մեղադրել պետք չի,- ասաց Արմեն Կիրակոսյանը։- Երեւի մենք լավ չկանչեցինք։ Ես «Խորհրդարանական ժամով» պարզապես խնդրեցի, որ ժողովուրդն ուղեկցի իրենց պատգամավորներին, բայց այնպես շատ համառորեն չպնդեցինք, որ մեզ աջակցեն»։ Նա համոզված էր, որ քվեարկության արդյունքները դրանից կփոխվեին։ Եվ վերջում՝ ամենածանր լուրը, որ մեզ փոխանցեց «Հայրենիքի» ներկայացուցիչը. «Օգոստոսին կարծես թե նախատեսվում է էլի բարձրացնել սակագները, եւ տարվա վերջին՝ եւս մեկ անգամ»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930