Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԿԵՂԾԵՔ, ՈՐ ՀՅԴ-Ն ՄԱՍՆԱԿՑԻ

Ապրիլ 16,1999 00:00
Hrant Margaryan

Ավարտվել է ստորագրահավաքը, ինչի առիթով «Առավոտին» խոսք ասաց ՀՅԴ նախընտրական շտաբի պետ, ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանը։

-Օրեր առաջ լրացնելով մեր պաշտոնաթերթիկները, դիմեցինք՝ նոր բլանկներ ստանալու, որոնք չտրվեցին մեզ։ Մենք իրապես զբաղվել ենք ստորագրահավաքով։ Վերջին տետրերը ստացել ենք Ալավերդիից եւ Մեղրուց։ Բայց ուզում եմ փաստել, որ այս ստորագրահավաքի ժամանակ ի հայտ եկան շատ վատ նախանշաններ։ Կարծես թե բոլորն ուզեցին ապացուցել, անշուշտ, որոշ բացառություններ կան, եւ այդ շարքում է նաեւ ՀՅԴ-ն, որ օրը ցերեկով, ամբողջ հայ ժողովրդի առջեւ կարող են կեղծարարության դիմել, եւ կեղծիքը ներկայացնել որպես փաստ։ Ես նկատի ունեմ բոլոր նրանց, ովքեր ներկայացնում են ստորագրություններ, բայց ստորագրահավաքով չեն զբաղվել։ Դա կատարվում է տարբեր ձեւերով՝ անձնագրային մարմիններից վերցնում են տվյալներ, լրացնում են դրանք եւ ստորագրություններ դնում դիմացը։ Պատահել է, որ թաղի տղաներին փող են տվել, թե ստորագրահավաք կազմակերպեք։ Սակայն վերջիններս ստորագրություններ չեն հավաքում, ուղղակիորեն կեղծ տվյալներ են լրացնում։ Արտագրում են մեկը մյուսի տետրերից։ Զանազան ձեւեր կան։ Մենք այդ արվեստին չենք տիրապետում, բայց կարողանում ենք փաստերն արձանագրել, թե կեղծիքներն ինչպես են լինում։

Համենայնդեպս, իմ կարծիքով, դա ամենավատ բանն է մեր քաղաքական կյանքում։ Ժողովրդի վերաբերմունքը, որը ի ցույց դրվեց ստորագրահավաքի ընթացքում, իսկ պետք է նկատի ունենալ, որ նա հուսահատությամբ, ավելին ասեմ, զզվանքով էր նայում այս ամեն ինչին, ապացուցում է, որ ժողովուրդը հենց ստորագրահավաքից էլ զզված է։ Ժողովուրդն ինքը մտածում է. եթե այս ստորագրահավաք ասվածի արդյունքները ճիշտ լինեին, ապա ամբողջ Հայաստանով մեկ, միայն համամասնական ցուցակների համար, ամեն մի ընտանիքի դուռը առնվազն չորս անգամ պետք է բախած լինեին։ Ժողովուրդը գիտի ում է ստորագրություն տվել եւ որքան։ Եվ տեսնում է այն թվերը, որոնք ներկայացվում են։ Համենայնդեպս, մենք վճռական ենք։ Այս հարցով մեկ անգամ եւս երեւում է, թե հենց սկզբից ով ինչպիսի պատկերացումներ ունի ընտրապայքարի նկատմամբ եւ ինչպիսի մոտեցումներ է ունենալու, ով ինչի է ձգտում, ինչպես պիտի աշխատի, որքանով է փորձում, որպեսզի ժողովրդի մեջ վստահությունը վերականգնվի։ Ժողովուրդը պետք է հավատա՝ իր քվեով է, որ մարդիկ գնացին խորհրդարան։

Այսպիսի սկիզբը գուցե եւ լավ սկիզբ է, որովհետեւ հենց առաջին փուլում պարզ դարձավ, թե ով՝ ով է։ Որոշները մեզ պախարակում են, այդ ինչպե՞ս միամիտ եղաք, ինչո՞ւ վերցրեցիք 200 հազարի պաշտոնաթերթ, ինչո՞ւ չվերցրիք 500 հազարի կամ մեկ միլիոնի, ո՞վ էր ձեզ խանգարում։ Բայց մենք գիտեինք մի բան՝ այդ 200 հազար ստորագրությունը մենք պետք է հավաքենք մեր քրտինքով, մեր աշխատանքով, մեր ընկերների աշխատանքով։ Փաստն այն է, որ Հայաստանում կատարված ամենամեծ ստորագրահավաքը 157 հազար է եղել։ 200 հազար ստորագրություն հավաքելն արդեն նվաճում է, ինչ-որ նոր ռեկորդի արձանագրում։ Բայց այսօր ոմանք չեն ամաչում՝ մեզ ասելով, թե այդ ինչպե՞ս միամիտ եղաք, դուք այդ ինչքան միամիտ մարդիկ եք, բա դուք չգիտեք, թե ինչ հասարակության մեջ եք ապրում։ Մենք էլ ուզում ենք ասել, որ մենք ապրում ենք մի հասարակության մեջ, ուր քաղաքական կյանքի մեջ առնվազն ուզում ենք շատ լուրջ փոփոխություն մտցնել։ Ուզում ենք քաղաքական կյանքի մեջ հատկապես ապացուցել, որ բարոյական մարդիկ էլ կան, եւ քաղաքականությամբ իրենց զբաղվելը համարում են ծառայություն ազգին եւ հայրենիքին։ Դա առաքելություն են համարում՝ միսիա։

Այս անբարոյականությունը, որ այսօր տիրական է մեր քաղաքական կյանքում, հենց մենք է, որ պետք է սկսենք վերացնել, վերջ դնել դրան։ Շատ մարդիկ կան, որ կիսատ-պռատ գրքեր են կարդացել, ու քաղաքականությունը նաեւ անբարոյականություն են համարում։ Նաեւն էլ զեղչում են, ու համարում, թե քաղաքականությունը միայն անբարոյականություն է, եւ դրանով են զբաղվում հիմնականում։ Մենք դրանց դեմ ենք պայքարում, դրանց դեմ է մեր պայքարը։

Իհարկե, մենք կարող էինք շատ ավելի ստորագրություն հավաքել, եթե մտածեինք, որ իսկապես կարեւորը թիվն է եւ ոչ թե ճշմարտությունն ու իրականությունը։

Այս ստորագրահավաքի ընթացքում նկատի ենք առել նաեւ այն հանգամանքը, որ սա ինչ-որ տեղ նաեւ քարոզչական աշխատանք է։ Ինչ-որ իմաստով դա տրամադրությունների շոշափման գործընթաց էր։ Փորձել ենք ստորագրահավաք իրականացնել ամբողջ Հայաստանով մեկ, բոլոր շերտերից, բոլոր քաղաքներում, ավաններում։ Մեր ուշադրությունից չեն վրիպել նույնիսկ գյուղերը։

Մեր մասնակցությունն ընտրապայքարին ինքնըստինքյան նպատակ է։ Եթե տեսնենք, որ կեղծիքները շարունակվելու են եւ շատ-շատ են լինելու, այնքան, որ անբարոյականությունն է ղեկավարելու այս երկրում, եթե այդ եզրակացության հանգենք, չի բացառվում, որ ամբողջ ընտրապայքարին մասնակցելով հանդերձ, վերջում հայտարարենք, թե չենք մասնակցելու ընտրություններին։ Ընտրապայքարը մեզ համար նպատակ է, որովհետեւ դրանով կարող ենք բացահայտել երկրում առկա թերությունները, դրանց պատճառները եւ հստակեցնել այն ուղղություններն ու մոտեցումները, որոնք ընդունելու ենք մեր առաջընթացի համար։ Համարում ենք, որ ընտրապայքարը ժողովրդի քաղաքականացման համար կատարվող աշխատանք է, եւ ինքնըստինյան՝ արժեք։ Մենք պետք է կարողանանք, հայաստանցուն, հային մեր ուղղության նկատմամբ հավատ ներշնչել՝ մեր բարոյականությամբ։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930