«Ապտակով սնված տղեն առանց աստիճան չի լինի» ԱԺ պատգամավոր Արամազդ Զաքարյանի՝ «Միասնություն» դաշինքից դուրս մնալու բազմազան խոսակցությունների ու գնահատականների շարանը փորձեցինք թարմացնել։ Մտադիր էի լսել հատկապես Պարույր Հայրիկյանի գնահատականը, սակայն վերջինիս զբաղվածության պատճառով իր վերաբերմունքի մասին պատմեց ԱԺ պատգամավոր Ներսես Զեյնալվանդյանը։
Ն. Զեյնալվանդյանին Արամազդ Զաքարյան անունը սկզբում ոչինչ չասաց, օտար թվաց։ Հիշեցրի։
– Հա՜… Երեկ իմացել եմ, որ մամուլի ասուլիս է եղել եւ որ նրան առաջարկել են դուրս գալ «Միասնություն» դաշինքի ցուցակից։ Եվ նա մամուլի ասուլիս է տվել, ասել է, որ ինքն է պատրաստվել դուրս գալ։ Մանրամասները չգիտեմ, որքան գիտեմ՝ մեծամասնական ընտրական համակարգով Տավուշում թեկնածու է առաջադրված։
Ա. Զաքարյանն իր արդեն նախկին յուրայիններին շատ քիչ է հուզում։
Կարդացեք նաև
Ն. Զեյնալվանդյանի կարծիքով Ա. Զաքարյանն իրավունք չուներ որեւէ դաշինքի, կուսակցության ցուցակի մեջ մտնելու, որովհետեւ վերջին երկու տարում ԱԺ-ում Ա. Զաքարյանն իր ելույթներում ուղղակիորեն փնովում էր կուսակցություններին. «Կարծես փորձում էր կուսակցություններին հակադրել ժողովրդի հետ։ Ինքն ըստ էության չպիտի մտներ էլ որեւէ դաշինքի ցուցակի մեջ, բայց պարզ էր, որ մտավ ինչ-որ ակնկալիքով։ Ինձ համար անձամբ սպասելի էր նրա՝ այդտեղից դուրս գալը, հետո ուրիշ տեղ մտնելը։ Իսկ ճիշտն ասած, ինձ այնքան էլ չի հետաքրքրում»։
Ն. Զեյնալվանդյանից պարզեցի նաեւ, թե արդյոք Ա. Զաքարյանը, ցանկության դեպքում, կարո՞ղ է (ըստ կանոնադրության) վերականգնվել, վերադառնալ կուսակցություն։
– Կարող է, հեռացվածը պետք է դիմում գրի, եւ ըստ մեր կանոնադրության դիվանը պիտի հավաքվի եւ ձայների 2/3-ով որոշում կայացնելուց հետո վերականգնվի կուսակցության շարքերում։ Ա. Զաքարյանի «մտնել-դուրս գալու» խասյաթը չի զարմացնում իր նախկին սեղանակից-կուսակիցներին, իսկ կանոնադրությունն էլ կուսակցության «անառակ զավակներին» վերադառնալու շանսեր տալիս է…
Գուցե Ա. Զաքարյանի մտքով հիմա չի էլ անցնում վերադառնալ, բայց… «մեծ աշխարհ, փոքր մարդ»։ Ի՞նչ իմանաս…
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ