Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՍՈՒՄ-ԽՈՍՈՒՄ Է ՎԱՐՉԱՊԵՏԸ

Ապրիլ 16,1999 00:00
Armen Darbinyan

Շարունակելով հեքիաթի թեման, արձանագրենք, որ վարչապետ Արմեն Դարբինյանը երկու օր առաջ «Սիփան-Շինուժ» ձեռնարկության բանվորներին տված խոստումը կատարեց։

Նա իսկապես իր ոտքով իջավ արդեն երեք օր հացադուլի մեջ գտնվող մարդկանց մոտ եւ ասաց, թե խոստումը կատարել է եւ բանվորների չվճարված աշխատավարձի մի մասը կվճարվի։ Ճիշտ է, վարչապետն իջավ բավականին ուշ ժամը 18-19-ի սահմաններում, երբ բոլորն արդեն հույսները կորցրել էին, իսկ մենք պատրաստվել էինք քարկոծել վարչապետին։ Այս անգամ վարչապետին այդ բանը չի սպառնում, քանի որ նա գտել է 18 մլն դրամ, որը կբավարարի բանվորների 50-60%-ի աշխատավարձի վճարմանը. «Քննարկելով հարցը, ես գտնում եմ, որ ձեր պահանջը օբյեկտիվ է, դուք ճիշտ եք պահանջում, որովհետեւ աշխատել եք եւ ձեր խնդիրը չի, թե ով է ստորագրել եւ ինչու է օրենքը խախտվել։ Բայց օրենքը խախտված է։ (…) Այն գումարը, որ ես ասացի, այս պահի դրությամբ մաքսիմումն է, կառավարությունը ձեզ կարող է տալ 18 մլն դրամ։ Այդ 18 մլն-ի տեղը ես գիտեմ, գիտեմ քաղաքապետարանի պարտավորությունը, օդանավակայանի պարտավորությունը… կարող ենք այդ գումարները հավաքել եւ ձեզ վճարել»,- ասաց վարչապետը։

Վարչապետի հետ էր նաեւ տարածքային կառավարման նախարար Դավիթ Զադոյանը։ Թեպետ վարչապետն իր շրջապատում թիկնապահներ ուներ, սակայն բանվորները խոստացան, որ եթե հարցը լուծվի, իրենք բոլորն էլ պատրաստ են վարչապետի թիկնապահը դառնալ եւ կառավարության շենքի առաջ գոռալ. «Շնորհակալություն, վարչապետ»։ Մնացյալի մասին՝ երկխոսությամբ։

Երաշխիք չկա՞

-Խաբել են էլի մեզ, ոչխարի տեղ են դրել, կառավարություն չկա, պետություն չկա,- բորբոքվեց մի բանվոր։

-Հանգիստ, հանգիստ,- սաստեց Դավիթ Զադոյանը։

-Չէ, պրն վարչապետ, դու ասա թե ի՞նչ երաշխիք ես տալիս,- չէր հանգստանում մարդը։

-Երաշխիքն այն է, որ վարչապետը իջել եւ ձեզ խոստանում է, որ հարցը լուծված է,- պարզաբանում էր Դավիթ Զադոյանը։

-Չէ, մեր երաշխիքը ո՞րն է, որ ստեղից գնանք, վաղը կարող ա մենք փող չստանանք, էդ «Սիփան» տրեստից ինչ-որ մեկին գիշերը վերացնեն։ Հիմա գիտեք, չէ՞, կովբոյները շատ են (այս խոսքի վրա վարչապետն ու նախարարը մի կուշտ ծիծաղեցին- Մ. Ե.), դե շատ են էլի, ընկեր Դարբինյան։

-Դուք պետք է հավատաք,- ասում էր վարչապետը։

-Հավատում ենք, բայց ի՞նչ անենք, նորից գա՞նք ձեր շենքի մոտ խայտառակ անենք… Գրավոր, գրավոր երաշխիք տվեք։ (…) (Վարչապետը խոստացավ գրավոր երաշխիք տալ եւ տեղում հանձնարարեց տրեստի կառավարիչ Կիրակոսյանին, որ անմիջապես փաստաթուղթ պատրաստի, թե 18 միլիոնը ինչպե՞ս եւ ո՞ւմ է բաժանվելու- Մ. Ե.)։ Իսկ երբ նկատեցին, որ լրագրող էլ կա, փաստեցին, թե՝ լրագրողը կգրի, ինչի՞ց եք վախենում։ Բայց լրագրողիս էլ բաժին հասավ, երբ մի բանվոր չարագուժեց. «Բա որ էս աղջկան էլ գիշերը սպանե՞ն»։ Ինձ մնում է երեք անգամ թքել ու այս ամենը գրել, քանի դեռ…

Վարչապետավարի

-Պրն վարչապետ, այսօրվա ձեր արարքը քաղաքական նպատա՞կ էր հետապնդում։

-Չէ, ինչ քաղաքական, քաղաքական նպատակ ունի ձեր թերթը՝ ձեր գլխավոր խմբագրով հանդերձ, որ գրում է, թե ես «հոռացել» եմ։ Իսկ «Սիփան» տրեստի մասին ասվեց, թե այս հարցի մեղավորներն, իհարկե, պատժվելու են։

«Ծախսը կտաս՝ կգամ»

Իբրեւ վարչապետի խոստման երաշխիք «Սիփան-Շինուժի» բանվորները խնդրեցին, որ փողը ստանալու օրը վարչապետը հանձնարարի, որ նախարար Դավիթ Զադոյանն էլ ներկա լինի։ Զադոյանը կատակեց. «Ծախսը կտաք՝ կգամ»։ «Գումարը ստանալուց հետո, անպայման»,- տակ չմնացին բանվորները։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930