Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԺԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 16,1999 00:00
Aram Abrahamyan

Մոտենում են խորհրդարանական ընտրությունները, եւ արդեն ժամանակն է մեկնաբանել նախընտրական կամպանիայի մեկնարկը: Հիմնական մրցակցությունը ծավալվելու է, բնականաբար, ազգային ուժերի միջեւ: Այստեղ լավ շանսեր ունեն Ավանդապաշտ մոտոհրաձգային դաշինքը, որը հովանավորում է Հարավ-արեւելյան պաշտպանական շրջանի 10-րդ կորպուսի հրամանատարի տեղակալը, «Միասնական համազարկ» հրթիռային կուսակցությունը՝ գլխավոր շտաբի մի շարք գեներալների գլխավորությամբ, ինչպես նաեւ ռազմական ոստիկանության եւ զինվորական դատախազության համակրանքը վայելող «Կապտյոռկա» ժողովրդական-հայրենասիրական միությունը:

Ընտրություններին լուրջ հայտ է ներկայացրել Նորտ Հոլիվուդի հայրենակցական միության «Food stamp» ազգային պահպանողական կուսակցությունը, որի նախընտրական ծրագրային հիմնադրույթում կոչ է արվում նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նպաստել դոկտոր Ջեկ Կեւորկյանի ազատ արձակմանը եւ նրան նշանակել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնին: Ազգայնական էլեկտորատի համար ռեալ պայքար են մղում նաեւ Գյումրվա «Պլպլան ժամ» թաղամասի բնակիչների միջազգային ասոցիացիան, Լիբանանի «Բուրչամուտ» ազգապահպան-մշակութային միությունը եւ Սիլվա Կապուտիկյանի անվան «Բնիկ իգդիրցիների» համաշխարհային ազգային խորհուրդը:

Ավելի խճճված է իրավիճակը ազատական թեւում: Այստեղ իրենց ուժերն են չափելու ՆԳ եւ ԱԱ հետախուզական վարչության կողմից հովանավորվող «Ջեյմս Բոնդ» արեւմտամետ կուսակցությունը եւ ԱԱ մեկուսարանի պետի համակրանքը վայելող «Լավրենտի Պալիչ» ռուսամետ ուղղվածություն ունեցող ռամկավար-ազատական դաշինքը: Այս դաշտում իր ծանրակշիռ խոսքն ունի ասելու 6-րդ վարչության կողմից ղեկավարվող «Հասարակաց երկիր» աջ կենտրոնամետ նորաստեղծ կուսակցությունը, որն արդեն ունի մեկ միլիոնից ավելի անդամներ: Առաջիկա ընտրություններում իրենց կուսակցություններն են ունենալու վարչապետը, արտգործնախարարը, ՀՀ պետական արբիտրաժի ղեկավարը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության ֆինանսատնտեսական եւ հաշվապահական բաժնի պետը: Բոլոր նշված գործիչները ֆինանսավորելու են նախընտրական կամպանիան բացարձակապես իրենց աշխատավարձից եւ, հարգելով Սահմանադրությունը, նրանք կոչվելու են ոչ թե կուսակցության ղեկավարներ, այլ շարժման լիդերներ:

Մի խոսքով, սպասվում է լուրջ գաղափարական պայքար:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ,

«Առավոտի» լիդեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930