«Կարելի՞ է արդյոք նկարել ստորագրությունները»,- հարցրեց «Առավոտը» ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանին։
«Չի բացառվում»,- պատասխանեց նա։ «Իսկ եթե դա որոշակի թի՞վ է կազմում»։ «Դա ուղղակի պետք է հայտնաբերել»,- պատասխանեց պրն Բեզիրջյանը՝ հավանաբար կարծելով, որ մենք հակառակն ենք ուզում։ «Իսկ ինչքա՞ն է դեպքերը հայտնաբերելու հավանականությունը»։ «Հայտնաբերելո՞ւ։ Պետք է ստուգել, եթե ընտրողը հայտարարի, որ ինքը չի ստորագրել, դա իր ստորագրությունը չէ, այլ նկարված է՝ կհայտնաբերվի»։ «Դուք այդ հնարավորությունը ունե՞ք»։ «Մեխանիզմ կա ստուգման»,- ասաց Խաչատուր Բեզիրջյանը եւ ավելացրեց, որ ոտքի վրա չի կարող բացատրել այն, քանի որ իրեն արտասահմանցիներ են սպասում։
ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆ ՉԻ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ
Կարդացեք նաև
Հրանտ Բագրատյանին մերձ անձինք պնդում են, թե Ռոբերտ Քոչարյանը նրան բազմիցս առաջարկել է վերստին զբաղեցնել վարչապետի պաշտոնը, բայց Բագրատյանը մերժել է։ Այս լուրը ճշտելու խնդրանքով դիմեցինք նախագահի մամուլի գրասենյակ եւ հերքում ստացանք, որ նման բան չի եղել ընդհանրապես։
ՓՈՔՐԻԿՆԵՐՍ, ՈՒԶՈ՞ՒՄ ԵՔ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ ԿԻՆՈՅՈՒՄ
ԱԺ մի քանի պատգամավորների վկայած այն լուրի իսկությունը, թե Ռուբեն Հակոբյանը 1500 դոլար էր առաջարկել ՀՀՇ-ի Գեւորիկին՝ ինքնաբացարկ հայտարարելու համար, փորձեցինք պարզել նաեւ իր՝ պրն Հակոբյանի հետ. «Այո, առաջարկել եմ, եւ ոչ թե 1500, այլ 1 մլն դոլար ու նաեւ ԱԺ խոսափողերից երկուսը,- հեռախոսազրույցի ընթացքում ասաց նա։- Եվ նույնքան գումար էլ առաջարկել եմ այդ ականատես պատգամավորներից յուրաքանչյուրին, որ խաղան «Հոգեկան հիվանդները խորհրդարանում» ֆիլմի գլխավոր դերերում»։