Գեղեցիկ լինել բոլորն են ցանկանում, բայց բնածին գեղեցկություն ոչ բոլորին է տրված։ Իսկ ինչե՜ր չեն անում գեղեցիկ լինելու համար։
Շատերը պատրաստ են մեծ ռիսկի դիմել. ասենք՝ զոհաբերել զգալի գումարներ, անցնել վախի բոլոր էտապներով, անգամ վտանգի տակ դնել սեփական կյանքը, միայն թե բարեփոխեն իրենց արտաքինը, դառնան ավելի գեղեցիկ եւ հմայիչ։ Իսկ ո՞ւմ է ավելի շատ դա հետաքրքրում, ավելի շատ անհանգստացնում եւ հաճախ էլ խանգարումների եւ հուզումների պատճառ դառնում, եթե ոչ գեղեցիկ սեռին։ Պլաստիկ վիրահատություններ կատարվել են դեռ շատ վաղուց։ Այն բավականին լայն տարածում ունի արտասահմանում։ Բոլորին է հայտնի, թե ինչ փորձությունների միջով են անցնում Հոլիվուդի դերասանուհիները, մինչեւ ձեռք են բերում այն տեսքը, որով մենք տեսնում ենք նրանց։ Որպես կանոն, նրանք սկսում են քթի վիրահատությունից։ Կարելի է ասել, որ դերասանուհիների գրեթե 90%-ը անցել է այս փուլով։ Նույնիսկ Ամերիկայի ամենահռչակավոր դերասանուհին՝ Մերիլին Մոնրոն, որ Ամերիկայի գեղեցկության խորհրդանիշն է, մինչ ֆիլմում նկարահանվելը ստիպված էր վիրահատել քիթը։ Բայց այլ բան է, երբ էկրանն է պահանջում փոխել արտաքինդ եւ այլ բան է, երբ ինքդ ես դա ցանկանում։ Այս առիթով Հոլիվուդի աստղերից մեկը՝ Բարբարա Սթրեյզանդը, որն, ի դեպ, եզակի դեմքերից է, որ ոչ մի պլաստիկ վիրահատություն չի տարել, նույնիսկ ականջները չի ծակել վախի պատճառով, ասել է, որ դերասանուհիներն իրենց առաջին հոնորարն ստանալուն պես, որպես կանոն, շտապում են պլաստիկ վիրահատության՝ ձգտելով կատարելության։ Իսկ թե որքանով է դա նրանց հաջողվում, արդեն պարզ է։
Բայց գեղեցիկ լինելու մոլուցքով տառապում են ոչ միայն դերասանուհիներն ու աստղերը։ Նրանց տանջող ցավը մեզ էլ է պատել։
Մեզ մոտ՝ Հայաստանում, տարեցտարի ավելանում է պլաստիկ վիրահատությունների թիվը։ Նախկինում միայն քթի պլաստիկ վիրահատություն էր կատարվում, այսօր վիրահատվում են նաեւ դեմքը եւ պարանոցը, ականջները եւ շրթունքների ճեղքվածքները, կատարվում է ոսկրային պլաստիկա ծնոտների գերաճերի եւ թերաճերի ժամանակ, արատների ժամանակ։ Եվ զարմանալի չէ, որ վիրահատվողների մեջ գերակշռում է իգական սեռը, հիմնականում՝ երիտասարդությունը։ Եթե մի ժամանակ վիրահատվում էին հատկապես բնածին կամ ձեռքբերովի արատներից ազատվելու համար, ապա այժմ բանն այլ է։
Ինչպես պարզվում է, հայ աղջիկներին այնքան էլ չի գոհացնում իրենց ազգային դեմքը, մասնավորապես տիպիկ հայկական քիթը։ Նրանք ամեն կերպ ձգտում են ձեռք բերել եվրոպական արտաքին, եվրոպական դեմք, այդ թվում նաեւ՝ եվրոպական քիթ. օրինակ՝ ֆրանսիական նեղ, փոքրիկ եւ ուղիղ քիթ։ Հայկական արծվաքիթն այսօր մոդա չէ, իսկ հայ աղջիկներս, որ արագ արձագանքում ենք ցանկացած նորամուծության, չէինք կարող անտարբեր մնալ նաեւ այս հարցում։ Ուստի, երբ ուղիղ, գեղեցիկ, այսինքն՝ եվրոպական քիթ ես տեսնում, ակամայից հարցնում ես ինքդ քեզ. «Տեսնես վիրահատվա՞ծ է, թե՞ ոչ»։ Ինչ արած, սա էլ ինչ-որ տեղ մոդայիկ է դարձել եւ տարածվել երիտասարդության, հատկապես ուսանողության մեջ։ Իսկ եթե հետեւում ես մոդային, ձգտում օգտվել միշտ լավագույնից, ուրեմն՝ ի՞նչ չես անի գեղեցիկ, մոդայիկ քիթ ունենալու համար, մանավանդ, երբ վիրահատությունն այնքան էլ «թանկ» չարժե՝ 300-350 դոլար։
Բայց եվրոպական դեմքը միայն քթով չի ավարտվում։ Եվրոպական դեմքին անհրաժեշտ են նաեւ գեղեցիկ շրթունքներ։ Եթե մի ժամանակ գեղեցիկ էր համարվում փոքրիկ, բարակ, նուրբ շրթունքներով բերանը, ապա այսօր ճիշտ հակառակն է։ Երբ մի պահ ուշադրություն ես դարձնում աղջիկների շրթունքներին, զարմանում ես։ Բոլորն ունեն հաստ, թմբլիկ, հյութեղ շրթունքներ։ Մի՞թե սերունդն է այդպիսին։ Ինքնախաբեությամբ չզբաղվենք եւ ասենք, որ այստեղ օգնության է գալիս առաջին հերթին կոսմետիկան, որի օգնությամբ մեր փոքրիկ բերանը մեծանում է, իսկ բարակ շրթունքները՝ հաստանում, իսկ երկրորդ՝ դարձյալ պլաստիկ վիրահատությունը։ Էլ չխոսենք դեմքի այլ մանրամասների մասին։ Ասենք միայն, որ բժշկությունն այսօր գտնվում է իր բարձունքի վրա եւ քանդակագործի նման կարող է կերտել բազմաթիվ եվրոպական դեմքեր։
Դե ինչ, այն, ինչ գեղեցիկ է, գովելի է եւ ընդունելի, անկախ այն բանից՝ եվրոպակա՞ն է, ամերիկյա՞ն, թե՞ ասիական։ Կարեւորը՝ սերունդը գնալով գեղեցկանում է։ Բայց այստեղ մի հարց է ծագում. այն ո՞ր գեղեցկությունն էր, որ պիտի փրկեր աշխարհը՝ բնակա՞ն, թե՞ արհեստական։
ԼԻԱՆԱ ԲԱԲԱՅԱՆ