Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՌԱՔՅԱԼՆԵՐ, ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ…

Ապրիլ 15,1999 00:00
achajur

«Էս երկրին ոչ թե պատգամավորներ են հարկավոր, այլ այգեպաններ»

Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանամերձ տարածքում իմ շրջագայությունը մեկ նպատակ ուներ՝ տեսնել եւ իմանալ, թե մի շարք աղետներ տեսած, հոգսերի բեռան տակ կքած ժողովուրդը ինչպե՞ս է վերաբերում ԱԺ պատգամավորության իր թեկնածուներին եւ ընդհանրապես այս ընտրությանը։

Իր խաղողի այգում աշխատող աչաջրեցին երկար եւ ուշադիր ինձ զննելուց հետո ասաց.

– Իսկ դու ո՞ւմ կուզենայիր, որ ընտրենք։

– Ինձ համար միեւնույն է, ես ուղղակի փորձում էի իմանալ, թե ձեր երկու տասնյակ թեկնածուներից գոնե մեկին հավատո՞ւմ եք անվերապահ։

– Խելոք մարդը, եթե լսել է Աչաջրի սողքային աղետի հետ կապված պատմությունը՝ թե ինչպես են խաբել այդ գյուղի մարդկանց, նման հարց չի տա։ Ոչ, եղբայր, ոչ մեկին չենք հավատում։ Մեզ համար վաղուց անցել են որեւէ մեկին կամ որեւէ բանի հավատալու ժամանակները։

– Իսկ ինչի՞ ժամանակն է հիմա։

– Գարուն է, եւ անձամբ ինձ համար այգին մշակելու, այգու քարերը հավաքելու ժամանակն է։ Անձրեւ է գալու, մի քիչ գործ անեմ,- ու շրջվեց դեպի վազերի շարքը։ Մի քանի քայլ անելուց հետո շրջվեց ու ասես ոչ թե ինձ, այլ ի լուր աշխարհի հայտարարեց.

– Փուշն ու որոմը երկիրը պատել են, էս երկրին ոչ թե պատգամավորներ են հարկավոր, այլ այգեպաններ։ Հրաշալի այգեպաններ։

– Նրա կոշտությունից մի նեղանա,- ասաց ինձ ուղեկցող իջանցի ծանոթս,- նա ճիշտ է։ Եվ պատրաստ եղիր քո շրջագայության ընթացքում նույնիսկ վիրավորական պատասխաններ լսելու։ Նա՝ ով խաբված է, միշտ ճշմարիտ է։

Այո, այդպես է։ Երբեք այսպիսի դժգոհությամբ, կասեի՝ արհամարհանքով չի ընդունվել անծանոթի ներկայությունն այս հյուրասեր, աղուհացոտ գյուղերում։ Նա՝ ով իջնում է մեքենայից, անծանոթ-ծանոթ՝ հազար տարվա հարազատի պես հարցնում որպիսությունդ, ուրեմն եկել է թեկնածուներից մեկնումեկի անձն ու գործը գեղեցիկ խոսքերով զարդարելու առաքելությամբ։ Ոչ մեկը, իհարկե, բացեիբաց չի ներկայանում որպես թեկնածուներից որեւէ մեկի առաքյալ, այլ՝ «պատահաբար անցնում էի», «ասի՝ տեսնեմ ոնց են, ինչ են», եւ այլն։ Սովորաբար գալիս են տվյալ գյուղից դրսում բնակվող քիչ թե շատ հեղինակավոր որեւէ մեկի հետ, սկսում նախ ընդհանուր զրույց, հետո գյուղի մարդկանց մի փոքր խմբի հետ, հիմնականում սեղանի շուրջ, կոնկրետացնում ասելիքը։ Նրանք չեն կարող գաղտնի գալ եւ գաղտնի հեռանալ, գյուղը տեսնում է նրանց ե՛ւ գալը, ե՛ւ գնալը։ Եվ քաղաքական հիվանդության հարուցիչը ստույգ վտանգ է դառնում նույնիսկ լեռնային ամենատխուր եւ ամենահիասթափված գյուղերի համար։

Նրանցից շատերի «քաղաքական ալերգիան» (ձեւակերպումն իմը չէ – Ի.Մ.) դրսեւորվում է հատկապես այն թեկնածուների նկատմամբ, ովքեր արդեն մեկ-երկու անգամ ընտրվել են պատգամավոր եւ, ըստ ամենայնի, արտահայտել իրենց անճարակությունը կամ բացարձակ անտարբերությունը սեփական խոստումների, գյուղաշխարհի բարդ ու ցավոտ խնդիրների հանդեպ։ Նրանց առաջնորդում է ոչ թե ժողովրդի ծանր կեցության հրամայականը, այլ պատգամավորի ապահով ու երանելի կարգավիճակը։ Եվ ի՜նչ ահավոր աղետների պիտի ենթարկված լինի մարդկային արժանապատվությունը, որ մեկ-երկու անգամ խաբել-ընտրվելուց հետո ազգային փրկչի ծիրանիով դարձյալ կանգնեն ժողովրդի առաջ եւ հայցեն նրա վստահությունը։ Չէ՞ որ դա ավելի ստորացուցիչ է, քան ողորմություն հայցելը։ Ոսկեպարում մի բարեկիրթ գյուղացի այդպես էլ ասաց.

– Մեր հարգարժան թեկնածուներն ինձ հիշեցնում են այն մուրացիկներին, ովքեր նույն հավատացյալից գութ են հայցում ե՛ւ եկեղեցի մտնելուց առաջ, ե՛ւ եկեղեցուց դուրս գալուց հետո…

Ոսկեպարի գյուղապետ Հրուշ Աղբալյանը հերոսական կին է, նրա խիզախությունը դրսեւորվել է հատկապես 1991-ի գարնանը, երբ թշնամու ռազմատեխնիկայով պաշարված գյուղը արյունալի սարսափներ էր կրում։ Մեր զրույցի ընթացքում նրան հետաքրքրողն ավելի շատ շրջակա անտառի ճակատագիրն էր եւ ռուսաստաններում աշխատող-ապրող համագյուղացիների վերադարձի խնդիրը։ Նա այս բաները բարձր է դասում մնացած ամեն ինչից։ Ինչ վերաբերում է մոտալուտ ընտրություններին, ապա որոշ անուններ պարզապես տարակուսանք են առաջացնում։ Թեկնածուների ցուցակում կան մեկ-երկու անուններ, որոնց անձի եւ գործի մասին գյուղը երբեւէ ոչինչ չի լսել։ Ոսկեպարի ճակատագրական ծանր պահերին նրանք ոչ մի կերպ չեն հիշեցրել իրենց ներկայությունը գյուղի մարդկանց կողքին կամ գոնե գյուղի թիկունքում։ Իսկ հիմա եկել եւ ասում են՝ ձայնդ ինձ տուր, Ոսկեպար, գիտես, չէ՞, ինչե՜ր կարող եմ անել քեզ համար։ Անկախ այն բանից, թե այդ մարդիկ ինչպիսի հեղինակություններ են իրենց բնագավառում, ավեր ու արյուն տեսած Ոսկեպարի աչքին նրանք պարզապես քաղաքական ինքնասիրահար խամաճիկներ են։ Ոչ ավելին։

– Իսկապե՛ս արժանավորները երբեք չեն գնում ներկայացնելու սեփական թեկնածությունը։ Նրանք դպրոցում, հողի վրա, գիտական հիմնարկում արժանապատվորեն իրենց գործն են անում։ Մենք՝ ժողովո՛ւրդը պիտի գտնի նրան եւ դարձնի իր թեկնածուն։ Նրա կյանքն ու կենսագրությունը, ուժն ու խելքը լավ իմանալով։ Ցուցակում այդպիսի որեւէ մեկին չեմ տեսնում։

Այսպես ասում էր մի տարեց բաղանիսցի եւ դժվար էր նրա հետ չհամաձայնել։ Մարդիկ խոսում էին թեկնածուների նախընտրական ծրագրերի մասին եւ շատերին պարզապես խղճում՝ պատկերացնելով ընտրվելուց հետո նրանց դոնկիխոտյան ահավոր պատերազմները հողմաղացների դեմ…

– Մեկ կիլոգրամ բրնձով կամ երկու լիտր նավթով ձայներ հավաքելու ժամանակները վաղուց անցել են,- ասում էր կողբեցի Գարեգին Բաղինյանը։- Իսկական պատգամավորը նա է, ով ինձ կտանի Ադրբեջանին սահմանակից իմ խաղողի այգին եւ կասի՝ հանգիստ գործդ արա, քեզ վրա չեն կրակելու։ Կամ եթե մեկի տունը հրդեհվում է, ձեռքը դնի հուսահատ տանտիրոջ ուսին եւ ասի՝ մի վախենա, վստահ եղիր, որ պետությունը կանգնած է թիկունքիդ։ Եթե չկա այդ թեկնածուն, ուրեմն ինձ մի տարեք ընտրության։ Իսկ եթե կա, պիտի կարողանաք դրանում համոզել…

Նույնպիսի պատասխան տվեցին այլ գյուղերում տասնյակ ուրիշ մարդիկ։ Դա նշանակում է, որ ժողովուրդը հաստատապես որոշել է այս անգամ չխաբվել կամ, ինչպես ասաց նոյեմբերյանցի մի այրի կին՝ Սահարգյուլ Գուլքանյանը, նորից խոփը քարին դեմ չանել։ Այսինքն, չափազանց դժվարացել է այն քարոզիչ-առաքյալների վիճակը, ովքեր թեկնածուների պաշտպանության կարգախոսներով շուտով պիտի սփռվեն համայն Հայոց աշխարհում։ Թեկնածուները՝ իրենք էլ պիտի շատ զգույշ լինեն եւ ի սկզբանե հրաժարվեն հանդիպումների ժամանակ օտյանական «Որ մենք հերոս…» կարգավիճակ որդեգրելուց։ Խոսքը նրանց է վերաբերում, ում համար դեռեւս ուշ չէ…

ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930