Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԷՇԸ ՔՇԵԼ

Ապրիլ 15,1999 00:00
amn despanutyun

Ամերիկյան խոշորագույն նավթային «Մոբիլ» ընկերությունը պայքարի նոր փուլ է սկսել ընդդեմ Իրանի հետ համագործակցելու ԱՄՆ արգելքների։

Ընկերությունը պնդում է, որ 1996 թ. Կոնգրեսի կողմից ընդունված օրենքը, համաձայն որի պատժամիջոցներ պետք է կիրառվեն Իրանի տնտեսության մեջ 20 մլն դոլարից ավելի ներդրումներ կատարող ձեռնարկությունների դեմ, հնացել է եւ այլեւս իր նպատակներին չի ծառայում։ «Մոբիլի» հավաստմամբ, նախագահ Մոհամեդ Խաթամիի ընտրությունը երկու տարի առաջ նոր էջ է բացել Իրանի քաղաքականության մեջ եւ Միացյալ Նահանգները պետք է դրականորեն արձագանքեն երկրի դռները բացելու ստեղծվող հնարավորություններին։ «Վաշինգթոն Փոստ» թերթում տպագրված ուղերձում ընկերությունը կոչ է անում նաեւ հավանություն տալ Իրանին՝ ԱՄՆ-ի ցորենի վաճառքին, ինչը ոչ միայն լայն հնարավորություններ կստեղծի ամերիկյան ֆերմերների համար, այլեւ կնպաստի երկրում արեւմտամետ ուժերի դիրքերի ամրապնդմանը։

«Մոբիլի» իրական շուկա ներթափանցելու շահագրգռությունն ու անհամբերությունը լուրջ հիմքեր ունի։ Արդեն մի քանի տարի է, ինչ Իրանը նշաններ է ցուցաբերում արեւմտյան աշխարհի հետ նոր կապեր ստեղծելու, եւ նավթային բնագավառում երկրի հարուստ հնարավորությունները արդեն իսկ շատերին են հրապուրել։ Ֆրանսիական, կանադական, ռուսաստանյան, իտալական եւ մալայզիական ընկերությունները, հաշվի չառնելով ԱՄՆ-ի սանկցիաների վտանգը, արդեն իսկ կատարում են ներդրումներ իրանական նավթային արդյունաբերության մեջ։ Սանկցիաների հանդեպ ահը չի կարող գերակշռել Իրանում ներդրումներից ստացվող եկամուտների չափը։ Վաշինգթոնի դժգոհությունը բերում է միայն այդ երկրների հետ հարաբերությունների սրմանը, ինչը շատ անգամ ավելորդ դժվարություններ է ստեղծում հենց ամերիկյան կառավարության համար։ Բոլորովին վերջերս, անցյալ շաբաթ, ԱՄՆ արգելքը կրկին անտեսեցին ֆրանսիական «Fif Agitaine» եւ կանադական «Bow Valley» ընկերությունները։ Նրանք սկսում են Պարսից ծոցում 300 միլիոն դոլարի արժողությամբ նավթային ծրագրի իրականացումը։ Այս պայմաններում ակնհայտ է, որ ԱՄՆ սանկցիաները գործում են միայն ամերիկյան ընկերությունների դեմ, որոնք չեն կարող խախտել սեփական պետության օրենքները, եւ միայն ափսոսանքով հետեւում են, թե ինչպես են իրանական շուկայի ամենահամով պատառները ուրիշներին հասնում։

Հասկանալի է, որ շահագրգիռ ընկերությունները բազմիցս փորձեր են արել՝ համոզել ե՛ւ կոնգրեսին, ե՛ւ գործադիր իշխանությանը, որ նման քաղաքականությունը չի նպաստում տարածաշրջանում ԱՄՆ շահերին։ Զուր էր՝ քաղաքական այրերը Իրանի հետ հարաբերությունների հարցում սեփական կարծիքն ունեն եւ խուլ են տնտեսական շահավետության որեւէ փաստարկների նկատմամբ։ Փոխարենը Քլինթոնի վարչակարգը արդեն որերորդ ամիսն է, ջանք ու եռանդ չի խնայում «Բաքու-Ջեյհան» նավթատար կառուցելու գաղափարը նավթային ընկերությունների վզին փաթաթելու համար։ Ռիչարդ Մորնինգսթարը՝ Կասպիական տարածաշրջանում էներգետիկայի հարցերով ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը, քունուդադար չունի՝ մաքոքի դեր կատարելով Կասպիական երկրների, Թուրքիայի ու նավթային ընկերությունների միջեւ։ Ընկերությունները նավթատար կառուցելու ցանկություն չունեն։ Ասում են՝ նախ թանկ է. ամենահամեստ հաշվարկներով 2,4 մլրդ դոլար, եւ այդ ողջ գումարը պետք է նավթային ընկերությունները ինքնուրույն հայթայթեն, ԱՄՆ կառավարությունը չի պատրաստվում ո՛չ ֆինանսավորել նախագիծը, ո՛չ էլ երաշխավորել ֆինանսական ռիսկերը։ Երկրորդը. վտանգավոր է՝ նավթատարի թուրքական ողջ հատվածը անցնում է քրդերով բնակեցված տարածքներով, եւ քրդերը ցանկանում են իրենց փայ տնտեսական եւ քաղաքական շահաբաժինը ստանալ նավթատարի շինարարության եւ գործունեության անվտանգության երաշխիքների դիմաց։ Եվ, ի վերջո, նավթի գները ցածր են, Կասպիական նավթի պաշարներն էլ, ինչպես պարզվեց, ամենեւին հսկայական չեն։ Այսպիսով, նավթային ընկերությունները բոլորովին չեն ցանկանում սեփական տնտեսական շահերը զոհաբերել պետական քաղաքականությանը։ Նրանք բազմիցս հայտնել են, որ նավթատարի իրանական ուղին շատ ավելի ընդունելի է։ Բայց…

Քլինթոնի վարչակարգը Իրանի անունը լսել անգամ չի ուզում։ Իրանը չնկատելը idea fix է դարձել, որը պայմանավորում է ողջ ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում։ ԴԺվար թե «Մոբիլի» վերջին նախաձեռնությունը կարողանա փոխել այդ տարիներով ամրապնդված տրամադրությունը, սակայն այդպիսի փորձ անելու փաստն արդեն իսկ վկայում է, որ Միացյալ Նահանգներում գոյություն ունեն ամերիկա-իրանական պատը քանդել ցանկացող լուրջ ուժեր։

Ի դեպ, երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիան՝ ԱՄՆ-ի հավատարիմ բարեկամը, հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին։ Ամերիկային կրկին անտեսում են։

Ե. Կ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930