Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋ՝ ԴԵՊԻ 1991 ԹՎԱԿԱՆ

Ապրիլ 15,1999 00:00
Toto

«Պետության հիմնական դերը սոցիալական պրակտիկայի ապահովումն է, որը կպայմանավորի ժողովրդավարական արժեքների կամ հիմնարար սկզբունքների անշրջելիությունը… 1998 թ. տեղի ունեցավ իշխանափոխություն, որի սոցիալական պատվերը, սակայն, նույնն էր՝ վերականգնել այն արժեքները (ժողովրդավարական արժեքները), որոնք ի չիք էին դարձել սոցիալական գործոնի անտեսման պայմաններում»։

Հանրապետության վարչապետ Արմեն Դարբինյանի վերջերս Երեւանի պետական համալսարանում ունեցած ելույթից սույն մեջբերումը, ինչ խոսք, համապատասխանում է դեմոկրատական հասարակարգի կայացման թեմատիկային։ Բայց մի՞թե ծանոթ չեն այս նոտաները։ Առանց փորփրելու հետխորհրդային ժամանակահատվածի տարեգրերը կամ վերջին տասը տարվա մամուլի էջերը, կարելի է պնդել, որ նմանատիպ գաղափարական ձեւակերպումներ առաջադրվել են նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Հրանտ Բագրատյանի, Եգոր Գայդարի, Չերնոմիրդինի եւ էլի շատերի կողմից։ Եվ ոչ մի երաշխիք, որ այս փողը չի հնչեցվի, ասենք, 2002 թ., երբ հարկ կլինի «հարթել» մեր պատմության հերթական ժամանակահատվածը՝ նշելով 1998, այսինքն՝ 1991 թ.-ի մեկնարկային հարթությանը վերադառնալու անհրաժեշտությունը։ Հետեւապես, բնական է առժամանակ մերժել վարչապետի տեսակետը, թե 1991-95 թթ.՝ անկախության իրողության գիտակցման եւ ինքնիշխանության ամրապնդման ժամանակաշրջանում իշխանության եւ ժողովրդի շահերը համընկնում էին։ Որովհետեւ, արդեն 1992 թ. բեկվել էր համազգային «պաթոսը»։ Պարզ էր, որ սոցիալիզմի օրոք, գոնե, սոցիալական ապահովության արժեքները կրող հասարակությունը կորցրել է կամ վտանգում է կորցնել դրա (արժեքների) գերակայելի հատվածը՝ անվճար բուժվելու եւ սովորելու, աշխատելու, անգամ ապրելու կենսական իրավունքը։ Է՛լ ավելի խոցելի է վարչապետի մեկնումով պետական կառույցների ձեւավորման երկրորդ փուլը՝ 1996-97 թթ. լճացման երեւույթներով բնութագրելու միտումը. «Եթե նորանկախ պետությունը չունի ո՛չ բավարար սոցիալական պրակտիկա, ո՛չ զարգացումը խթանող բնական հարուստ պաշարներ, ապա այս փուլը, որպես կանոն, հղի է ծանր հետեւանքներով»։

Միանգամից նշենք, որ նման փուլ տնտեսական բարեփոխումների դասական ծրագրերում ընդհանրապես գոյություն չունի։ Բնականաբար, նման իրավիճակի փաստումը հետեւանք է միմիայն բարեփոխման հիմնադրույթների կամ դեմոկրատական հասարակարգի ձեւավորման առանցքային (առաջին) փուլի՝ պետության կայացման ինստիտուցիոնալ հիմքերի ֆունկցիոնալ անկատարության, շուկայական հարաբերությունների ձեւավորման արմատական խնդրի՝ ապապետականացման պրոցեսի, ըստ էության, լիարժեք խեղաթյուրման։ Ապապետականացում, որի գաղափարական ընդհանրացումը թողնենք գլխավոր արարողի՝ Հրանտ Բագրատյանի խղճին. «Ղարաբաղում սեփականաշնորհում չի եղել, ինչո՞ւ ոչ մի գործարան չի աշխատում»։ Թերեւս, ոչ միայն Հայաստանում, այլեւ մնացած հետխորհրդային տարածքում տնտեսական բարեփոխումների իրականացման, սեփականաշնորհման տրամաբանության՝ նորօրյա բարեփոխիչներին բնութագրական մեկնաբանում։

Տնտեսությունը կամ տնտեսավարման համակարգը պետք է արդյունավետ լինի եւ միայն սա է հասարակական արդարության գրավականը։ Կացութաձեւի որակավորման այլ չափանիշ, պայմանավորված անցումային ժամանակաշրջանի յուրահատուկ բնույթով, թե օբյեկտիվ ու սուբյեկտիվ ամենատարբեր գործոններով, չի կարող դիտարկվել որպես բացարձակ պարամետր։ Հետեւապես, նման երեւույթները չեն կարող հավակնել օրինաչափ պրոցեսների դասին, քանզի կարելի էր ուղղակի չհայտնվել ճահճում։ Որոշակիորեն ուռճացված համեմատությունը, իհարկե, առաջնահերթ նպատակաուղղում է պետության կայացման, դեմոկրատական հասարակարգի ձեւավորման ռազմավարական հենքերի արմատական վերաձեւման անհրաժեշտությանը։ Միայն հուսալիորեն հիմնավորված ռազմաքաղաքական եւ տնտեսավարման նյութական, ռազմավարական բազայի վրա է հնարավոր բարձրացնել հասարակության կառավարման վերնաշենքը։ Իսկ մարտավարական պլանում անհրաժեշտ է կարգավորել «վերնաշենքի» հիմքն հանդիսացող շուկայական ենթակառույցների ֆունկցիոնալ գործունեության օրենսդրական դաշտը։

Այսպես, արմատական բարեփոխումների կարիք ունեն հարկային, բանկային եւ վարկային համակարգերը։ Անհրաժեշտ է խթանել արժեթղթերի, այլ ֆոնդային բորսաների լիարժեք գործունեությունը, հստակեցնել բաժնետիրական ընկերությունների ծրագրային դրույթների վերահսկման, արտաքին ներդրումների երաշխավորված պաշտպանության մեխանիզմները։ Առանձնակի նշանակություն ունի գնագոյացման մեխանիզմի իրավական համակարգումը, նաեւ սեփականությունից գույքահարկման եւ սնանկացման վերաբերյալ օրենսդրական լծակների միջոցով սեփականաշնորհված արտադրական հզորությունների, սպասարկման ոլորտների արդյունավետ գործարկման կանոնակարգումը։ Իսկ շարունակվող ապապետականացման պրոցեսում հարկ է առաջնորդվել տրամաբանական հաջորդայնության սկզբունքով, առավելապես կիրառելով պետական բաժնեմասերի որոշիչ հատվածը տրաստային (վստահելի) պայմանագրերով «օտարելու» (շնորհելու) ռազմավարական սխեման։

Իհարկե, իրավացի է վարչապետը՝ նշելով, որ պետության հիմնական դերը իր իսկ տնտեսական գործակալների համար բարենպաստ դաշտի (օրենսդրական եւ կիրառական) ձեւավորումն է եւ միջազգային պայմանագրերով խաղի կանոնների հաստատագրումը։ Ուստի չարժե ժամանակ վատնել կամ անիմաստ հրապուրվել… առայժմ առանձին թաղամասեր հոսանքազրկելու կամ ջրազրկելու միջոցով նյութական ռեսուրսներ «արարելու» ամոթալի դիտավորությամբ։ Հատկապես, երբ «սոցիալական» մատուցվող պետության մեջ ապահովվում է հասարակության քառորդ հատվածի կենսական նվազագույն պահանջների չնչին մասը։ Իսկ նյութական բարիքները հարկ է արարել այլ, առավել բնական հարթության մեջ…

ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀՀ քաղաքագետների միության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930