1999 թ. ՀՀ ԱԺ ընտրություններին Ազգային ժողովրդական միության (ԱԺՄ) կողմից առաջադրվել եմ ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու թիվ 22 ընտրատարածքում։ Հաշվի առնելով, որ
1. Մինչեւ այժմ չեն դատապարտվել 1995 թ. ԱԺ-ի, 1996 թ. նախագահական, 1996 թ. տեղական ինքնակառավարման մարմիների, 1998 թ. նախագահական ընտրությունների ընթացքում կեղծիքներ կազմակերպողները,
2. 1999թ. ընտրությունները նախապատրաստողները 1995-1998 թ. ընտրական հանձնաժողովներն են,
3. 1999 թ. ԱԺ ընտրություններին մասնակցող թեկնածուների մի մասը նախկինում խայտառակ ընտրությունների կազմակերպիչներից են։
Կարդացեք նաև
Նկատի ունենալով, որ
1. Այս ընտրություններում, ինչպես եւ նախկինում, չգիտես ում համար հարմար, կատարվել է կամայական ընտրատարածքների բաժանում։ Գործը հասել է կազուսների։ Մասնավորապես թիվ 22 ընտրատարածքը (Շենգավիթ) չգիտես ինչու ընդգրկում են Նոր Կիլիկիան եւ Նորագյուղը («Կենտրոն» համայնք),
2. Այս ընտրությունների ընթացքում, ինչպես եւ նախկինում, ճնշումներ են կիրառվում։
Զուգահեռներ անցկացնելով գտնում եմ, որ
1. 1999թ. ընտրությունները, 1995-1998թ. «ընտրությունների» շարունակությունն է,
2. Ոչինչ ընդհանուր չեմ ուզում ունենալ (նույնիսկ հարեւան ընտրատարածքում քվեարկվել) նախկին «ընտրությունները» կազմակերպողների եւ նախկինում «ընտրյալների» հետ,
3. Չեմ վստահում 1995-1998 թ. ընտրությունները անցկացրած ԿԸՀ-ին, ինչպես նաեւ Երեւանի ՄԸՀ-ին։ Ներկայացնելով վերոհիշյալը, հայտարարում եմ թեկնածությունս հանելու մասին։ Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում իմ թեկնածությունս իրենց ստորագրություններով պաշտպանած բազմաթիվ ընտրողներին, որոնց խոսք եմ տալիս լրջորեն հետեւել թիվ 22 ընտրատարածքում կատարվող իրադարձություններին թե ընտրությունների ընթացքում, թե ընտրություններից հետո։
ԿԱՐԵՆ ՀԵՔԻՄՅԱՆ
Թիվ 22 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու