Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ ԷԼ ՅՈՒՐԱՅԻՆ

Ապրիլ 15,1999 00:00
Arshak Sadoyan

Ասուլիս էր հրավիրել նաեւ Արշակ Սադոյանը, որտեղ կոչ հրապարակեց մեծամասնական ընտրահամակարգով ընտրվող թեկնածուներին՝ համատեղել իրենց ջանքերը հանուն ազատ եւ արդար ընտրությունների. «Վստահված անձանցից եւ համակիրներից ձեւավորենք հատուկ խմբեր, որոնք կկազմակերպեն ցուցակների ճշտումը, կմասնակցեն ընտրողների հետ քարոզչական աշխատանքներին մի ընդհանուր նպատակով՝ կոչ անել նրանց ակտիվորեն մասնակցել ընտրություններին, չենթարկվել ընտրակաշառքների» եւ այլն։ Նաեւ այնպիսի համատեղ հատուկ խմբեր պիտի ստեղծվեն, որոնք ահազանգերի դեպքում արագ կարձագանքեն, կմեկնեն նշված վայրը եւ թույլ չեն տա, որ քվեատուփերը հափշտակվեն, կեղծ քվեաթերթիկներ լցվեն եւ այլն։ Արշակ Սադոյանը կոչ է անում ստեղծել կենտրոնական հանրապետական շտաբ կուսակցությունների ներկայացուցիչներից, նրանց եւ անհատ թեկնածուների միջոցներով օպերատիվ կապի համակարգ կազմավորել. «Հասնել այն բանի, որ դեռ գիշերը, քվեարկությունների ավարտից հետո տեղամասերից բոլոր տվյալները հասնեն կենտրոն եւ հրապարակվեն նախնական արդյունքները»։

Մի խոսքով, ինչպես լրագրողներից մեկը նկատեց՝ Սադոյանը փորձում է այլընտրանքային ընտրական հանձնաժողովներ եւ իրավապահ մարմիններ կազմավորել։ Բայց հաշվի չի առել շահերի հակասությունը, որ այդ նույն թեկնածուների մեջ են նրանք, ում համար կաշառք են բաժանում, քվեատուփ գողանում եւ այլն։ Սակայն «Առավոտի» հարցին ի պատասխան, թե ինչպես է պատկերացնում հանուն ազատ եւ արդար ընտրությունների համագործակցությունը «փողի տոպրակների» եւ թաղային հեղինակությունների հետ, որպիսիք քիչ չեն առաջադրվել մեծամասնականով՝ Սադոյանը պատասխանեց. «Շատ ու շատ ե՛ւ ֆինանսական հզորություններ ունեցողներ, ե՛ւ տեղական հեղինակություններ, բախվելով որոշակի կլանային ուժերի հետ, իրենք են հիմա շահագրգռված ազատ ու արդար ընտրությունների անցկացման մեջ»։ Սադոյանը վերապահում արեց միայն գեներալ Մանվելի եղբոր, Էջմիածնի Ճոյտի եւ նմանների համար։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930