Այսուհետ կարող են ասել ՀՀՇ-ականները։ Քանզի Արմեն Դարբինյանը պնդում է, որ ՀՀՇ-ն չի իրեն Մոսկվայում գտել։ Ինքն է իր ծառայություններն առաջարկել։
Կարդացեք ապրիլի 13-ի թերթերը եւ համոզվեք, որ գրեթե բոլորը միանշանակ բացասաբար են անդրադարձել խորհրդարանում վարչապետ Արմեն Դարբինյանի ելույթին։ Գուցե նաեւ այդ պատճառով նա այս անգամ կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանից հետո միջանցք դուրս եկավ՝ երեւի հաստատ կանխատեսելով, որ ենթարկվելու է լրագրողների հարձակմանը։ Ներկայացնում ենք Արմեն Դարբինյանի պատասխանների առավել էական հատվածները։
«Հայլուր»– Ձեր վերջին ելույթից հետո ԱԺ-ի գրեթե բոլոր քաղաքական ուժերը դժգոհ մնացին։ Ինչո՞վ էր դա պայմանավորված։
– Ճշմարտությունը դաժան բան է։ Պետք է համակերպվենք դրա հետ։ Մեկ անգամ գոնե պետք է հնչեր ճշմարտությունը։ Ոչինչ, կհամակերպվենք, կանցնենք առաջ։
Կարդացեք նաև
«Ազատություն» ռ/կ– Իսկ Ձեր նկատմամբ այդ որակումներին ինչպե՞ս եք վերաբերվում։
– Նորմալ։ Աշխատանքային (սա պրն Դարբինյանի ամենագործածական արտահայտությունն է. իր տրամադրությամբ հետաքրքրվեն լրագրողները, թե ինչ-որ հարցի վերաբերյալ մոտեցմամբ՝ միշտ այդ բառով է պատասխանում.- Ա. Ի.)։ Գնում է քաղաքական պայքար, մարդիկ կատարում են հնարավորը ամրապնդվելու կամ քաղաքական դաշտում մնալու համար։ «Ազատություն» ռ/կ- Էդ որ ասում են, թե «լեւի» մեքենա ունեք՝ ինչ-որ հիմնավորում ունի՞։
– Մեքենան «լեւի» չի լինում։ Առավել եւս՝ կառավարության մեքենան։ Ոչ։
«Ազատություն» ռ/կ– Դուք այսօր խոսեցիք հաջորդ կառավարության անունից։ Ինչ-որ երաշխիքներ ստացե՞լ եք, որ Դուք կգլխավորեք հաջորդ կառավարությունը։
– Այսօր մեր կառավարությունը, ես անձնապես, բացառապես բոլոր նախարարները տրամադրված են աշխատանքի։ Իհարկե, հաջորդ կառավարության տեսքը որոշ չափով կախված կլինի խորհրդարանական ընտրություններից, բայց, կարծում եմ, որ կառավարության կորիզը հիմնականում կմնա։
«Ազատություն» ռ/կ– Իսկ անձամբ Դո՞ւք։
– Հարցն ուղղեք նախագահին (ավելի ուշ կառավարության ճամպրուկային տրամադրության վերաբերյալ հարցին պատասխանելով, Արմեն Դարբինյանն ասաց. «Ես, եւ նախարարներն աշխատում ենք ամբողջ հզորությամբ։ Եվ աշխատելու ենք հետագայում եւս։ Համոզված եմ, որ որեւէ հիմք չկա կառավարության կամ իմ հրաժարականի մասին խոսելու»)։
«Առավոտ»– Երբ Դուք փնովում եք ՀՀՇ-ին եւ գովաբանում «Երկրապահին»՝ մոռանո՞ւմ եք, որ շատ անգամ դա նույն բանն է՝ գոնե անցյալում։
– Դուք սխալ եք հասկացել իմ ճառը։ Խնդրում եմ, կարդացեք, խորացեք, հետո նոր կհասկանաք՝ ո՞ւմ եմ գովում, ում եմ փնովում։ Բացատրության կարգով ասեմ, որ ես ոչ ոքի չեմ փնովել եւ առանձնապես ոչ մեկին չեմ գովել։
«Ազգ»– Դուք կուսակցությո՞ւն եք ստեղծել եւ դրանով պատրաստվում եք քաղաքականության մե՞ջ մտնել։
– Ես կարծում եմ, որ այդ հարցին պատասխանեց Լյուդմիլա Հարությունյանը։ (Կիրակի, «Ազատություն» ռ/կ-ի կլոր սեղանի ընթացքում տիկին Լյուդմիլան հաստատել էր, որ Արմեն Դարբինյանն իրենց աջակցողներից մեկն է, բայց «Արժանապատիվ ապագայի» այլ աջակիցների անունները չէր տվել.- Ա. Ի.)։
«Ազատություն» ռ/կ– Դուք ֆինանսավորո՞ւմ եք այդ կուսակցությանը։
– Ոչ։ Ես ուղղակի համոզված եմ, որ իրոք պետք է ձեւավորվեն աջ ուժեր, որոնք կարողանան նաեւ հավասարակշռել քաղաքական դաշտը։ Ես կարծում եմ, որ «Արժանապատիվ ապագա» կուսակցությունն ի վիճակի է դա անել։ Այդ իմաստով, ինձ համարում եմ նրանց համախոհը։
«Ժամանակ»– Դուք գտնում եք, որ այժմ աջ ուժեր չկա՞ն։
– Աջ ուժերն իրականում, համենայնդեպս, այս խորհրդարանում գերադասում են թաքնվել, չերեւալ, դրանով իսկ փորձում են իրենց նախընտրական իմունիտետը պահպանել։ Բայց համոզված եմ, որ դա իրենց չի փրկի։
«Առավոտ»– Արա Սահակյանի ելույթում հիշողության կորստի նկարագրված առանձին դեպքերից որեւէ մեկում Ձեզ չգտա՞ք։
– Նախ, ուրախ եմ, որ իմ ելույթն առիթ տվեց իրեն այդքան խորանալու բժշկագիտության մեջ։ Երկրորդը, ուրախ եմ եւ այդ համոզմունքն արդեն ձեռք եմ բերել, որ ինքը երբեւիցե չի տառապի ռետրոգրադ ամնեզիա հիվանդությամբ։ Եվ հաշվի առնելով Արա Սահակյանի հումորի զգացումը՝ նաեւ կարող եմ ասել, որ նա իրեն ապահովագրել է վերին շնչառության օրգանների (երեւի շնչուղիները նկատի ունի- Ա. Ի.) կատարից նույնպես, անգամ խորը ծերության ժամանակահատվածում։ Եվ ուրախ եմ դրա համար։
«Առավոտ»– Քանի որ էներգահամակարգում կորուստների, աշխատակազմի ուռճացվածության եւ այլ խնդիրները պարզաբանելու փոխարեն նախընտրեցիք քաղաքական ելույթ ունենալ՝ սա նշանակո՞ւմ է, որ չունեք այդ հարցերի պատասխանները։
-Կորուստների վերաբերյալ տեխնիկական բոլոր հաշվարկներն ու հիմնավորումները բազմիցս ներկայացվել են քաղաքական բոլոր ուժերին, այդ թվում՝ Սադոյան Արշակին, Խաչատրյան Վահագնին, ավելի ճիշտ՝ Խաչատրյաններին՝ բոլորը գիտեն ու տիրապետում են։ Եվ խորհրդարանական այս քննարկումները մեկ նպատակ ունեին՝ փորձել մեկ անգամ եւս այս ցավոտ թեմայի շուրջ հասարակության ուշադրությունն իրենց վրա սեւեռել՝ որպես քաղաքական գործիչների, որոնք այսօր իսկապես կորցնում են ոտքերի տակի հողը։
«Ժամանակ»– Արմեն Եղիազարյանը կողմնակից չէր սակագների այս սառեցմանը, սակայն ասաց, որ համակարգը լավ աշխատելու դեպքում հնարավոր է 10-17%-ով իջեցնել սակագները։
-Կարծում եմ, որ Եղիազաարյան Արմենը եւս լքել է ազատականների դաշտը, եւ շատ ցավում եմ դրա համար։ Ես տեսա քվեարկության արդյունքները եւ շատ ցավում եմ, որ մենք կորցնում ենք ազատականներին։ Նա բավական խելամիտ, պատրաստված ազատական էր։ Հուսով եմ, որ կփորձի վերադառնալ։ Համենայնդեպս ազատական դաշտը մեծ կորուստ կկրի, եթե Եղիազարյան Արմենը շարունակի նման դիրքորոշմամբ առաջնորդվել։
«Առավոտ»– Նաեւ Հրանտ Բագրատյանն էր վիճարկել սակագների այս անգամվա բարձրացման հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը։
-Նա չի տեսել այն հաշվարկները, որոնք տեսել են պատգամավորները։ Կարծում եմ, դա է պատճառը։ Այլապես Հրանտ Բագրատյանը չէր կարող չհամաձայնել կառավարության որոշումների հետ (եւս մի հաստատում, որ էլեկտրաէներգիայի սակագինը որոշող անկախ հանձնաժողովն, այնուամենայնիվ, կառավարության որոշմամբ է առաջնորդվել- Ա. Ի.)։
«Առավոտ»– Այնուամենայնիվ, ինչպե՞ս կմեկնաբանեք այն տեսակետը, որ Ձեր ելույթը քաղաքական դաշտ մտնելու անհաջող փորձ էր։
-Ես արդեն մեկնաբանեցի, որ գոնե մեկ անգամ ճշմարտությունը պիտի հնչեր։ Իհարկե, ցավոտ էր բոլորի համար այդ ճշմարտությունը, բայց ոչինչ։ Շատ դեպքերում ցավը բուժում է (պարզվում է, որ կարելի է ճշմարտություն անվանել ատոմակայանի փակումը դրանից 10 ամիս հետո ստեղծված ՀՀՇ-ին վերագրելը- Ա. Ի.)։ Համոզված եմ, որ դա նաեւ իր առողջարար ազդեցությունը կունենա որոշ ազատականների վրա։
«Ազատություն» ռ/կ– Եթե Ձեզ նորից վարչապետ նշանակեն՝ Արշակ Սադոյանին կընդգրկե՞ք կառավարությունում։
-Մերուժան Միքայելյանն Արշակ Սադոյանին հրավիրել է էներգետիկ համակարգում ղեկավար պաշտոնի։ Ես պաշտպանում եմ այդ հրավերքը։ Պատրաստ եմ էներգետիկ համակարգում ցանկացած ղեկավար պաշտոնի նշանակել Արշակ Սադոյանին։ Ինքն, իհարկե, կհրաժարվի։
«Առավոտ»– Ի՞նչ պաշտոն է առաջարկվել Սադոյանին։
-Ցանկացած, որը թույլ կտար նրան վերահսկել էներգետիկ ոլորտը, կորուստները, բոլոր խնդիրները, որ նրան հետաքրքրում են որպես պատգամավոր եւ ռադիոհաղորդավար։ Մեկ անգամ եւս պաշտոնապես հրավիրում եմ։
«Ազգ»– Իսկ Վահագն Խաչատրյանի այն պնդումը, թե մեր երկրում վարչապետը վարչապետ չէ…
-Անլուրջ մարդ է, ուղղակի։ Ի տարբերություն Եղիազարյանի։
«Առավոտ»– ՀՀՇ՞-ն ձեզ գտավ Մոսկվայում ու բերեց պաշտոնի նշանակեց։
-Հիշո՞ւմ եք, ժամանակին Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Լենինը եւ իր թիմակիցները գերադասեցին պրոֆեսիոնալներին պահել համակարգերում։ Համենայնդեպս, ամեն համակարգում մի քաղաքական գործիչ էին նշանակում՝ կողքը կցելով պրոֆեսիոնալի։ Ես համարել եմ, որ ես, նախ, պետք եմ հանրապետությանը՝ իմ ունակությունները, կարողությունները եւ գիտելիքները, եւ դա է պատճառը, որ եկել եմ։ Եկել եմ ամենօրյա քրտնաջան աշխատանքով աշխատելու։ Ականատեսները, համենայն դեպս, ովքեր ինձ հետ աշխատել են, դա կհաստատեն նույնպես։ Չեմ եկել թալանելու կամ գռփելու։ (…) Ունեմ երկրի վիճակը բարելավելու նպատակներ, փորձում եմ իրականացնել։
ՀՀՇ-ն չի գտել ինձ։ Ես ինքս եմ առաջարկել իմ աշխատանքը։ Լինելով Մոսկվայում՝ շատ սերտ համագործակցել եմ, մասնակցել եմ Հայաստանի անկախության հետ կապված բոլոր փաստաթղթերի քննարկմանը եւ պատրաստմանը։ Այն ժամանակ Մոսկվայում գտնվելը եւ այս ուղղությամբ գործունեությամբ զբաղվելը շատ կարեւոր էր։ Ոչ միայն չեմ զղջում, այլ նաեւ շատ շնորհակալ եմ Մոսկվայում գտնվելով՝ հանրապետության համար աշխատելու այդ հնարավորության համար։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ