Արշակ Սադոյանն ԱԺ-ում հայտարարեց, թե այս կառավարությանը մեկուկես ամսվա կյանք է մնացել ընդամենը եւ իր հարցն ուղղեց հաջորդ կառավարությանը։ Եվ երբ այդ հաջորդ կառավարության անունից էլի Արմեն Դարբինյանը խոսեց՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը ոգեւորված սկսեց ծափ տալ, բայց քանի որ միայնակ էր՝ արագ դադարեցրեց։ Իհարկե, նման ենթակաների պայմաններում հասկանալի է, թե ինչու են որոշ պաշտոնյաներ իրենց «երկրի պորտ, Ալֆա եւ Օմեգա» երեւակայում։ Բայց դե հավատարմությունն ընդհանրապես լավ բան է։
ՎԱՏ ԼՈՒՐ
ԱԺ պատգամավոր Գրիշա Հովեյանը խորհրդարանում վկայեց, թե փաստեր ունի, որ Սադախլոյում ապրանքատերերի աչքի առջեւ պարկը պատռում եւ ալյուրը գետն են լցնում։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանն էլ ի պատասխան ենթադրություն հայտնեց, թե պատգամավորը երեւի արտասահմանյան մարտաֆիլմերից ազդված է նման պատմություններ պատմում։ Բորբոքվեցին եւ պատգամավորները եւ ԱԺ ղեկավարները։ Խոսրով Հարությունյանն անգամ գոռաց, թե չի կարծում, որ պատգամավորը ստում է, եւ փաստերը դատախազություն կփոխանցեն։
Բայց զարմանալի է, որ խորհրդարանում դեռ չեն վարժվել կառավարության երիտասարդների հեգնախառն քամահրական վերաբերմունքին։