Հենց որ սկսվի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, քաղաքի փողոցները, պատերն ու դռները կողողվեն թեկնածուների մեծադիր, փոքրադիր, կանգնած, նստած եւ այլ դիրքերով նկարներով։ Իսկ մինչ այդ ՄԱԿ-ը «Օժանդակություն ժողովրդավարությանը եւ լավ կառավարմանը» ծրագրի շրջանակներում որոշել է օժանդակել խորհրդարանական ընտրություններին։ Թե որքան գումար արժե այս օժանդակությունը, հայտնի չէ, բայց անշուշտ լուրջ գումար կարժենա։ Ծրագրի երկու նպատակներն են՝ ա) տեխնիկական օգնություն ԿԸՀ-ին եւ մարզային ընտրական հանձնաժողովին, բ) աշխատանք ընտրողների հետ, որպեսզի նրանք հասկանան, թե ո՞ւր են գնում եւ ինչպե՞ս են ընտրում։
Ծրագրի շրջանակներում ԿԸՀ-ի համակարգիչների մեջ են ընդգրկվել բոլոր ընտրողների ցուցակները։ Սա կլինի ինֆորմացիոն բանկ, որը կարելի է օգտագործել։ Այս ծրագրի արդյունք են արդեն այստեղ-այնտեղ հայտնված պլակատները, որոնց ճաշակն ու բովանդակությունը խիստ վիճելի է։ Պլակատները հինգ տիպի են, բոլորն էլ՝ նույն թեմայով։ Մեկի վրա տարիքով մի կին է, որը ի լուր աշխարհի հայտարարում է. «Իհարկե, պիտի ընտրեմ», մյուսի վրա պատկերված ռանչպար մարդը կարծում է, թե իր «ձայնը պտուղ կտա», իսկ փոքրիկ տղան հույս ունի, թե կընտրի, երբ մեծանա։ Այստեղ է նաեւ մի երիտասարդ աղջիկ եւ մի գործարար։ Նրանք բոլորն էլ ընտրելու բուռն մղումով հայտնվել են պլակատների վրա։ Ցուցադրական քարոզչությունը առաջին հերթին հոգեբանական ազդեցություն է ունենում։ Մեր կարծիքով, վերոհիշյալ պլակատները ինչ-որ հետամնաց երկրի հետամնաց ընտրողի են ներկայացնում։ Կամ մենք իրո՛ք այդպիսին ենք, կամ էլ մեր մասին սխալ կարծիքի են։
Մ. Ե.