Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԲԱՆԱԿԱՆ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 15,1999 00:00
yntrutyun

Բազմաթիվ խոսակցություններ եւ կանխատեսումներ կան, թե ինչպիսի ընթացքներ կստանան նախընտրական շարժերը, եւ թե ինչպիսին կլինի դրանց վերջնարդյունքը։

Բնականաբար, նախընտրական արշավի ամենակարեւոր հարցերից մեկն էլ այն է, թե ինչպիսի ակտիվություն կարձանագրվի ընտրություններում։ Արդեն կան առաջին կանխատեսումները, եւ եթե դրանք ի մի բերենք միջինացված թվերով՝ կստանանք կանխատեսվող մի պատկեր, թե ընտրություններին կմասնակցի մոտ 1 միլիոն 200 հազար մարդ։ Հոռետեսներն ու լավատեսներն էլ, կարծես, ծայրահեղությունների գիրկը չեն ընկնում՝ նշյալ թվին գումարելով կամ նրանից հանելով առավելագույնը 300 հազար քվե։ Ասել է, թե ընտրություններին ամենաշատը 1,5 միլիոն քաղաքացի կմասնակցի, ինչը գրեթե անհնար է, կամ էլ՝ վատագույն դեպքում՝ ընտրական ակտիվություն կդրսեւորի 900 հազար քաղաքացի։

Պայմանականորեն, խիստ պայմանականորեն իբրեւ հիմք ընդունելով այս երկու տեսությունների միջակայքի ուղիղ կենտրոնում արձանագրվող թիվը՝ ասել է թե 1 մլն 200 հազարը, դժվար չի լինի հաշվարկել, թե մոտավորապես քանի քվե է հարկավոր ստանալ՝ համամասնական ընտրակարգով 5%-ի շեմը հաղթահարելու համար։ Դա մոտավորապես 60 հազար ձայն է անում։ Իհարկե, որեւէ մեկն այսօր չի կարող բացառել 10-15 տոկոսի շեղումը, սակայն, բոլոր դեպքերում, արդեն այսօր կարելի է արձանագրել, որ սահմանված շեմը հաղթահարելու համար նվազագույն սահմանագիծը լինելու է 50 հազարի մոտերքում։

Անշուշտ, կուսակցություններն էլ են նման հաշվարկ կատարել եւ այդ հիմքով էլ կփորձեն կազմակերպել իրենց գործողությունները։

Հիմա գանք մեծամասնական ընտրակարգին։ Տեսականորեն գոյություն ունեցող հանրապետության շուրջ 2 միլիոն 200 հազարանոց ընտրազանգվածը 30 հազար համամասնության մոտավորությամբ բաժանվել է 75 ընտրատարածքների վրա։ Իհարկե, այստեղ էլ կան տատանումներ։ Սակայն, տվյալ դեպքում, ընդհանուր տեսական ենթադրությունների առումով այնքան էլ էական չէ, թե ինչու է այս կամ այն ընտրատարածքը 2 գյուղ ավելի ընդգրկելով ներառում 32-33 հազար ընտրողի, այն պարագայում, երբ կողքի ընտրատարածքում ընտրողների թիվը 28-29 հազար է ընդամենը։

Ինչեւիցե, օրենքն այդ տատանումը թույլատրում է, եւ նման բաժանումները կարող են հարմար գալ մի թեկնածուի, փոխարենը՝ մյուսի սրտով չլինելով։

Իհարկե, այս հանգամանքը որոշակի նշանակություն ունենալու է, սակայն ընդհանուր ընտրական ակտիվության վրա ներգործելու առումով՝ ոչ այնքան էական, որքան երանգային ազդեցություն է թողնելու։

Սակայն, տվյալ դեպքում, խոսքն այլ իրողության մասին է։ Գրեթե ոչ ոք չի կասկածում, որ իրականում Հայաստանում, 2 միլիոն կամ ավելի ընտրող գոյություն չունի։ Եթե մեկ միլիոն մարդ հանրապետությունից արտագաղթել է, իսկ նրանց մեջ 600-700 հազարը ընտրող է, ապա ստացվում է, որ հանրապետությունում, այսօրվա դրությամբ, ընտրողների թիվը լավագույն դեպքում 1 մլն 600 հազար է։ Սա է այն ելակետային թիվը, որը էլի պայմանականորեն պետք է ընդունել իբրեւ հիմք։ Եթե դատողությունների առանցքում այս դեպքում էլ 1 մլն 200 հազար պայմանական թիվը դնենք, էլի կստանանք ընտրական ակտիվության բավականին մեծ գործակից՝ մոտ 75 տոկոս, մինչդեռ դա ցուցակներում ընդգրկվածների կեսից մի քիչ ավելին է ընդամենը։

Անշուշտ, ելակետային թիվը կարելի է վիճարկել, ասելով, թե ի տարբերություն նախագահական ընտրությունների, խորհրդարանական ընտրություններում գաղափարները չեն անձնավորվում, ուստի դժվար է ժողովրդյան մեծ ակտիվություն ակնկալել։ Սակայն, այս պարագայում, հարկավոր է նկատի առնել առնվազն 2 հանգամանք։

Նախ՝ այս ընտրությունները եւս որոշակիորեն կգաղափարականացվեն, որովհետեւ համամասնական ցուցակները եւ մանավանդ նրանց առաջնորդները կրողն ու արտահայտողն են որոշակի արժեքների։ Սա՝ մեկ եւ երկրորդը՝ սպասվածից ավելի են կոչեցյալք։ Յուրաքանչյուր ընտրատարածքին, միջինացված տվյալներով, բաժին է ընկնում 10-ից ավելի թեկնածու։ Իսկ դա ենթադրում է ծանոթ- ընկեր- քեռի- զոքանչ- բարեկամություն- ախպերության մասնակցություն ընտրություններին՝ կամ ուղղակիորեն, կամ էլ ազդեցությունների ձեւով։ Եվ այսպես յուրաքանչյուր ընտրատարածքում՝ 10-ական մարդու շուրջ։ Սրանց կողքին էլ պիտի դնել մարդկանց, որ ընտրություններին կմասնակցեն քաղաքական համակրանքից ելնելով։ Ուստի միջինացված ակտիվությունն ընտրատարածքներում կարելի է ակնկալել առավելագույնը 15-18 հազարի շրջանակներում։ Եթե նկատի առնենք, որ ձայների հիմնական մասը կարող է բաժին ընկնել 2-3 լուրջ թեկնածուներին, իսկ մյուսների վրա էլ՝ 500-ից 1000-ական ձայն փոշիանալ, ապա պարզ կդառնա, որ 6-7 հազար՝ գուցե ավելի քիչ ձայնը բավարար կլինի պատգամավոր ընտրվելու համար։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930