ՀՅԴ-ն օրինապաշտ կուսակցություն է եւ մինչեւ քարոզարշավը սկսելու պաշտոնական օրը որոշել է «ծոմ ու պաս» պահել՝ հասարակությանը զրկելով նախընտրական խոստումներ տալու հաճույքից։
ՀՅԴ-ն նաեւ իրատես կուսակցություն է եւ միայն 200 հազար ստորագրության թերթիկ էր վերցրել, քանի որ նախորդ ընտրությունների փորձն ուսումնասիրելով համոզվել են, որ «ամենաօբյեկտիվ եւ ամենամաքուր ստորագրահավաքի» դեպքում միայն այդքան է հնարավոր հավաքել։
Բայց ՀՅԴ-ն այնքան էլ հեռատես կուսակցություն չէ։ 200 հազար ստորագրության թերթիկի պահանջ ներկայացնելուց հետո է միայն գլխի ընկել, որ արժեր ավելի շատ ստորագրության պահանջ ներկայացնել, որպեսզի դուրս չմնա ԱԺ-ում խմբակցություն չունեցող կուսակցությունների այն հնգյակից, որոնք կհաջողեն իրենց անդամն ունենալ ԿԸՀ-ում։ Վերջինս էլ մերժել է լրացուցիչ թերթիկներ տալու ՀՅԴ-ի խնդրանքը, եւ հիմա ԿԸՀ ընկնելու ՀՅԴ բարեբախտությունը կախված է ստորագրահավաքում մյուս կուսակցությունների դրսեւորած հաջողություններից։ Իսկ ստորագրահավաքն իրականացնելու պատվավոր գործը ՀՅԴ-ն միայն իր կուսակիցներին է վստահել։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, մամուլի պատասխանատու Գեղամ Մանուկյանի տեղեկատվությամբ ստորագրահավաքն իրականացնող դաշնակցականների թիվը չորս հազար է։ Եթե նկատի ունենանք, որ ՀՅԴ շարքում մոտ 5 հազար անդամ կա, ուրեմն կարելի է արձանագրել, որ կուսակցությունը ստորագրահավաքի գործին լծվել է ողջ ուժով։
Բնականաբար, գործն արվում է հասարակական հիմունքներով. հանուն սուրբ գործի։ Ու քանի որ ՀՅԴ-ի համար ստորագրահավաքը նաեւ ժողովրդի հետ շփվելու լավ հնարավորություն է, օտարներին՝ թաղային հեղինակություններին ու ստորագրությունը վճարով հավաքողներին, չեն դիմել։ Այնպես որ, ՀՅԴ-ի հավաքած 200 հազար ստորագրությունը, Գեղամ Մանուկյանի գնահատմամբ՝ «ազնիվ աշխատանքով է ձեռք բերված»։ Ըստ նրա՝ ստորագրություններ հավաքել են Հայաստանի բոլոր շրջաններից։ Երեկվա դրությամբ ստորագրահավաքի արդյունքները դեռեւս վերջնականապես ամփոփված չէին։ Հայտնի չէ նաեւ, թե որքան գումար կդնի դաշնակցությունը ընտրությունների զոհասեղանին. հաշվարկները դեռ շարունակում են կատարվել։ Վերջնական տեսքի է բերվում նաեւ քարոզարշավի անցկացման սցենարը։
Կարդացեք նաև
Ն. Հ.