«Մամուլում շատ է գրվում այն մասին, որ պաշտոնը փչացրեց Ձեզ. Դուք մեծամտացաք ու ինքնասիրահարված դարձաք»,- «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանի այս դիտողությանը վարչապետ Արմեն Դարբինյանն առաջարկով պատասխանեց. «Հարցրեք իմ ընկերներից։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել»։ «Այնուամենայնիվ, կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ Դուք վարակվել եք աստեղային հիվանդությամբ»,- հարցին ի պատասխան էլ ասաց. «Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ»։
Լրագրողների այլ հարցերին վարչապետի պատասխանները կարդացեք 4-րդ էջում։
ՀՀՇ-Ն ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ
Կարդացեք նաև
ՀՀՇ վարչության եւ ՀՀՇ նախընտրական շտաբի անդամ Հովհաննես Իգիթյանն «Առավոտին» ասաց, թե իրենք հավաքել են ստորագրությունների անհրաժեշտ քանակ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից վերցնելով 60 հազար ստորագրության պաշտոնաթերթ։ Հովհաննես Իգիթյանը վկայեց, որ ԿԸՀ կհանձնվի 35 հազար ստորագրություն, որը խորհրդարանական կուսակցությանը բավարար է հանձնաժողովներում տեղ ունենալու համար։
Ստորագրահավաքի առաջին արդյունքների մասին կարդացեք 3-րդ էջում։
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ, ԹԵ ԱՐՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Անձնագրային մարմիններից տվյալներ են վերցնում եւ լրացնում պաշտոնաթերթերը, արտագրում են մեկը մյուսից, դա վատ նախանշան է»,- այսպես գնահատեց ստորագրահավաքի գործընթացը ՀՅԴ նախընտրական շտաբի պետ, ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանը, որի հետ հարցազրույցը «Առավոտի» հաջորդ համարում։
ԵՍ ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՇԽԱՏԵԼ
«Առավոտը» փորձեց պարզել Արշակ Սադոյանի վերաբերմունքը վարչապետի իրեն պաշտոնապես արված առաջարկի նկատմամբ՝ զբաղեցնել ցանկացած ղեկավար պաշտոն էներգետիկայի նախարարությունում։ «Ես բոլորովին ցանկություն չունեմ աշխատել հեռացողների կաբինետում,- պատասխանեց Արշակ Սադոյանը։- Եվ «արհեստավարժ», ամեն ինչի պատրաստ, ոչ սկզբունքային վարչապետի մոտ էլ երբեք չեմ աշխատի։ Հանուն պաշտոնի երբեք չեմ զիջի իմ սկզբունքները։ Իսկ եթե նրանք ցանկանում են խորհուրդներ հարցնել, թե ինչպես շտկեն վիճակը՝ պատրաստ եմ օգնել»։