Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՐԽՈՒՆԻՑ «ՈՍԿԵ ՊԱՏԱՌԱՔԱՂ» ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Ապրիլ 14,1999 00:00
xorovac

Պռոշյան փողոցում վերջերս կառուցված խորովածանոց-ռեստորանը ոչ միայն իր անվանումով է յուրօրինակ՝ «Ոսկե պատառաքաղ», այլեւ ներքին հարդարանքի ու գների ճոխությամբ։

Խորովածասեր հասարակայնությունը վաղուց գիտի, որ «օբյեկտի» անվանումը հիմնականում որեւէ ուղղակի կապ չի ունենում բուն «օբյեկտի» հետ։ Ասենք, «Իսրայել Օրի» խորովածանոցը բոլորովին էլ Իսրայել Օրիինը չէ, եւ ոչ էլ, թող ներվի անպատկառ զուգահեռը՝ «Իսրայել Օրին» «ֆիրմային» խորոված է այստեղ։ Կամ եթե գնում եք «Ժուդեքսի մոտ», ապա դա չի նշանակում, թե ինքը՝ Ժուդեքսը, սրտատրոփ սպասում է բոլոր այցելուներին եւ բոլորի հետ նստում է խորոված ուտելու։

Բնականաբար, խաբուսիկ է նաեւ «Ոսկե պատառաքաղ» անվանումը։ Իրականում այստեղ ոչ մի պատառաքաղ էլ ոսկուց չէ։ Այստեղ եւս հրաշալի պատկերացնում են, որ խորովածի հանդեպ տարրական քաղաքավարությունից ելնելով՝ գրեթե բոլորը նախընտրում են ազգային այս կերակուրը ուտել ձեռքով։ Ուստի սպասքը սովորական է, ինչպես ամենուր։

Չխորանանք, սակայն, անունների իմաստն ու ստուգաբանությունն ըմբռնելու ազգուրաց գործում, քանզի խորանալու պարագայում ի հայտ կգան այլեւայլ զուգահեռներ, որոնք առաջին հերթին կսասանեն մեծ վիպասան Պերճ Պռոշյանի հեղինակությունը: Չէ՞ որ գավառականի իր տրեխներով ու փափախով Փարիզում հայտնված խեղճ Պռոշյանի ստեղծագործական երեւակայությունն այդպես էլ մնաց հացի խնդրի մակարդակին, մինչդեռ այստեղ՝ նրա անունը կրող փողոցում, մեկը մյուսից շքեղ խորովածանոցներ են բացվում այսօր, որտեղ անվարան կարելի է հրավիրել անգամ Փարիզից եկած նրբակենցաղ եվրոպացուն։

Հրավիրելուց առաջ, սակայն, հարկ է վերանայել ավանդական պատկերացումները գների մասին։

Դիցուք, «յուրաքանչյուրի համար՝ միջինը 10 դոլար» հաշվարկը, որ ճշգրիտ է Պռոշյանի այլ խորովածանոցներում նորմալ սնվելու պարագայում, «Ոսկե պատառաքաղում» լուրջ փորձության է ենթարկվում։ Այստեղ մեծ է, ասենք, կարտոֆիլի ներդրումը։ Հինգ կարտոֆիլը՝ կիսված ու տասը կտոր դարձած, արժե 700 դրամ (շուկայում այդ փողով կարելի է գնել հինգ կիլոգրամ կարտոֆիլ)։ Ընդ որում, մատուցվում է խորովածին առընթեր։ Հացն էլ առանձնապես էժան չէ. յուրաքանչյուրդ այստեղ ուտում եք մոտավորապես 222,2 դրամի հաց։ «Ոսկե պատառաքաղը» ակամա ուզում ես «Ոսկե պատառաքաղաղ» արտասանել, երբ տեղեկանում ես, որ 8 խաշած ձուն արժե 2000 դրամ։ Կասկածելի տեսքով «կռաբի սալաթ» երեւույթը գնահատվում է 2400 դրամ։ Դե, իսկ յոթ շերտիկ «ասետրինան» ձեզ մատուցում են ոչ ավելի, ոչ պակաս՝ 7000 դրամով։ (Չիմացողներին հայտնենք, որ դրա կգ-ը 3-4 հազար դրամ է)։

Փոքր-ինչ կարող եք անհանգստանալ ու թթվել՝ հաշիվը փակելիս տեղեկանալով, որ երկու ափսե վարունգ-պոմիդորն արժե 5000 դրամ, իսկ շուկայում 100 դրամ արժեցող լիմոնները, ձեր դեմքից բավականության հետքերը վերացնելու հետ մեկտեղ, վայելել եք եռակի թանկ գնով։

Կարելի է, անշուշտ, ենթադրել, որ ռեստորանային հավելումներին «Ոսկե պատառաքաղում» գումարվում է խորովածանոցի անվան արժեքը. ի վերջո, սա ոչ թե ալյումինե պատառաքաղ է, այլ ոսկե… Ասվածից բացի, հավանաբար, ներառվում է նաեւ ճանապարհածախսը՝ ձվի համար առանձին, հացի համար առանձին, լիմոնի համար առանձին։ Է՛լ ավելի առանձին՝ կանաչիի ու բիբարի համար, քանզի «Ոսկե պատառաքաղը» լքում եք այն մշուշոտ գիտակցությամբ, որ ի շարս խորովածի, թվարկված ու չթվարկված բազում համով ու անհամ բաների՝ կերել եք նաեւ 4000 դրամի կանաչի ու բիբար, որ դրված էին երկու ափսեում։

Ու եթե հանկարծ ձեր սեղանին երկու հաշիվ ներկայացնեն՝ ամենեւին չշփոթվեք։ Սառնասիրտ եղեք ու վճարեք միայն մեկը։ Այն, որի ընդհանուր գումարը շատ է։ Քանզի դրա մեջ նաեւ երկրորդի գումարն է մտնում։

Խորովածանոցից ելնում ես «Ելիր, դաշնակ Դրո» երգի ուղեկցությամբ եւ այն տպավորությամբ, թե կերել ես ոչ այլ ինչ, քան հենց ոսկե պատառաքաղ։

Մի խումբ լրագրողներ

9 ստորագրություն

Հ. Գ. «Ոսկե պատառաքաղի» մի քանի առանձնախցիկներից տեսանելի է «Հրազդան» մարզադաշտի մի փոքրիկ հատված, լուսատախտակը, արեւմտյան տրիբունան ու յարուսը։ Թերեւս արժե ֆուտբոլային խաղերի ժամանակ խաղի տոմսի կես գինն էլ եռակի-քառակի արժեքով մտցնել այդ առանձնախցիկների հաճախորդների հաշվի մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930