Պատմական դեպքերն ու դեմքերը կրկնվում են։ Այսօրվա միջազգային իրադրությունը մի շարք գծերով հիշեցնում է Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակը՝ 1914 թ. հունիս-հուլիսը։
Այն ժամանակ եւս միջազգային ոչ կառավարական ազդեցիկ ուժերը ի մի գալով՝ Բալկաններում եւ եվրոպական մայրաքաղաքներում ու արքունիքներում եռանդուն գործունեություն էին ծավալում՝ համաշխարհային կոնֆլիկտ հրահրելու ուղղությամբ։ Նպատակները մի քանիսն էին՝ խորտակել եվրոպական մի շարք հզոր երկրների կառավարման բավական գործունակ եւ ուժեղ ձեւը, թուլացնել եւ, հնարավորության դեպքում, քայքայել նախեւառաջ Ռուսաստանն ու Գերմանիան՝ որպես հնարավոր զորեղ տնտեսական եւ քաղաքական մրցակիցներ՝ Մեծ Բրիտանիային ու ԱՄՆ-ին, ստանալ ֆինանսական գերշահույթներ ռազմական պատվերներից ու մատակարարումներից եւ այլն։ Համաշխարհային պատերազմի արդյունքում քայքայվեցին եվրոպական բոլոր հզոր կայսրությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, Գերմանիան, Ավտրո-Հունգարիան, Օսմանյան կայսրությունը։ Ինչեւէ։
Համաշխարհային կոնֆլիկտ հրահրող ուժերը գործում էին 2 հիմնական ուղղությամբ՝ ստեղծել անհրաժեշտ պայմաններ կոնֆլիկտի ծագման համար, վերացնել կոնֆլիկտի ծագմանը խանգարող պայմաններն ու անձանց։ Ռուսաստանի եւ Գերմանիայի (Ավստրիայի) բախմանը հատկապես դեմ էին Ավստրիայի թագաժառանգ Ֆրանց-Ֆերդինանդը եւ ռուսական միապետ Նիկոլայ II Ռոմանովի մտերիմ Գրիգորի Ռասպուտինը։ Այդ իսկ պատճառով միջազգային հայտնի ուժերը խնդիր էին դրել՝ վնասազերծել եւ չեզոքացնել երկուսին էլ եւ դրանով ճանապարհ բացել դեպի համաշխարհային հակամարտություն։
Պատահական չէ, որ 1914-ի հունիսի 28-ին Սարաեւոյում սերբ երկու ուսանողի ձեռքով սպանվում է Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց-Ֆերդինանդը։ Հաջորդ օրը մահափորձ է կատարվում Նիկոլայ II ցարի մերձավոր Գրիշկա Ռասպուտինի դեմ, որը ձախողվում է։ Ռասպուտինը հոսպիտալացվում է եւ գրում իր պատմական նամակը՝ ուղղված Նիկոլայ II-ին։ Ահա այն. «Սիրելի բարեկամ։ Կրկին ասում եմ. ահեղ ամպեր են կուտակվել Ռուսաստանի վրա, փորձանքը, դժբախտությունը շատ է, խավար է, եւ լույսի շող չկա, ծով արցունք է՝ անչափ-անսահման, իսկ ինչքա՜ն արյուն է։ Ինչ կասե՞մ։ Խոսք չկա, աննկարագրելի զարհուրանք է (ցՋՈր)։ Գիտեմ՝ բոլորը քեզնից պատերազմ են ուզում՝ այդ թվում եւ հավատարիմները՝ չիմանալով, որ հանուն կործանման։ Ծանր է Աստծո պատիժը, երբ նա մարդուց վերցնում է ճանապարհը. դա վերջի սկիզբն է։
Կարդացեք նաև
Դու ցար ես, ժողովրդի հայր, թույլ մի՛ տուր խենթերին հաղթանակ տոնել ու կործանել քեզ եւ ժողովրդին։ Ահա Գերմանիային կհաղթեն, իսկ Ռուսաստա՞նը։ Եթե խորը մտածել, ապա ամեն ինչ այլ կերպ է։ Ավելի դառը տառապանք առհասարակ չի եղել, ամեն ինչ սուզվում է մեծ արյան մեջ, եւ անվերջանալի կործանում է, վիշտ»։ Գրիգորի:
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ