Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ

Ապրիլ 14,1999 00:00
uxxatir

Հարավսլավիայի ռմբակոծումները մի հետաքրքիր հետեւանք ունեցան. սկսվեց կանխագուշակումների մի յուրօրինակ մրցակցություն, թե էթնիկական «լոկալ» խնդիրներ ունեցող երկրներից որ մեկն է լինելու ՆԱՏՕ-ի հաջորդ թիրախը։ Այդպիսի մտավախություն հայտնողներ եղան մեր հարեւան Վրաստանում ու Ադրբեջանում, արաբական երկրներում ու Հեռավոր Արեւելքում, նույնիսկ Ռուսաստանում ու ՆԱՏՕ-ի հավատարիմ զինակից Թուրքիայում։

Հայաստանը եւս անմասն չմնաց։ Մեզ մոտ էլ գտնվեցին որոշ քաղաքական ուժեր, որոնք ցանկություն հայտնեցին մասնակցելու քաղաքական գուշակների այս վիկտորինային, հայտնելով, որ հաջորդը կարող է լինել նաեւ մեր երկիրը։ Սակայն, երբ խաղի մեջ է մտնում այնպիսի բանիմաց ու փորձված քաղաքագետ, ինչպիսին է Իսրայելի արտգործնախարար Արիել Շարոնը, Երեւանի թատերական հրապարակում քաղաքական մկրտում ստացած գործիչներին այլ բան չի մնում, քան ընդունել սեփական սխալը։

Իսրայելյան «Էդիոթ Ախրոնոթ» թերթի վկայությամբ, Շարոնն ասել է, որ Իսրայելը պետք է զերծ մնա ՆԱՏՕ-ի ռմբակոծումները ողջունելուց, քանի որ հաջորդ թիրախը կարող է լինել հենց ինքը՝ հրեական պետությունը։ Ճիշտ է, Իսրայելի արտգործնախարարությունը շուտափույթ հերքել է այդ լուրը, բացատրություն տալով, որ գերատեսչության ղեկավարը միայն ափսոսանք է հայտնել ռազմական գործողությունների համար։ Սակայն Բալկանյան ճգնաժամի ընթացքում Իսրայելի քայլերը վկայում են, որ թերթը դժվար թե շատ է աղավաղել իրականում արտահայտված միտքը։ Իսրայելը ակնհայտորեն ետ է կանգնել Արեւելքի քաղաքականությունը պաշտպանելու իր ավանդական ուղեգծից եւ ո՛չ իր աջակցությունը հայտնեց ՆԱՏՕ-ի հարվածներին, ո՛չ էլ Սերբիային դատապարտեց Կոսովոյի ալբանացիների հանդեպ տարվող քաղաքականության համար։

Ավելին, Իսրայելը բացահայտորեն ձգտում է Ռուսաստանի հետ իր հարաբերությունների ամրապնդմանը, չնայած այդ նոր քայլերն արդեն իսկ խիստ բացասական արձագանք են առաջացրել ԱՄՆ-ում։ Ամերիկյան Associated Press գործակալությունը, տեղեկացնելով Արիել Շարոնի Մոսկվա մեկնելու մասին, հատուկ ուշադրություն է դարձնում, որ արտգործնախարարն ամսվա ընթացքում երկրորդ անգամ է Ռուսաստան այցելում, եւ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ կտրուկ սրվել են Ռուսաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Գործակալությունը նաեւ հիշեցնում է, որ Իսրայելը վերջերս մտավախություն է հայտնել, թե անկախ Կոսովոն կարող է բազա դառնալ Իսլամական միլիտարիստների համար։ Նման քաղաքականությունն, ի դեպ, արդեն իսկ որոշ դրական արդյունքների է բերել Իսրայելի համար կենսական նշանակություն ունեցող հարցում՝ այսպես կոչված «մայիսի 4-ի հիմնախնդրում»։

Այդ ժամկետը նշանավորում է Պաղեստինի անկախացման հնգամյա անցումային շրջանի ավարտը, եւ այդ օրը, համաձայն միջազգային պայմանագրի, Պաղեստինը կարող է անջատվել Իսրայելից եւ ինքնուրույն պետություն ստեղծել։ Բնական է, որ Իսրայելը ամեն կերպ խոչընդոտում է այդ քայլի իրականացմանը, մանավանդ որ «անցումային շրջանի» ընթացքում խաղաղ բանակցությունները փակուղի են մտել, եւ որեւէ լուծում չի գտնվել այնպիսի սկզբունքային հարցերի շուրջ, ինչպիսիք են Գոլանների բարձունքների, Գազայի սեկտորի եւ Հորդանանի արեւելյան ափում հրեական բնակավայրերի խնդիրները։ Ահա այս պայմաններում, երբ Միացյալ Նահանգները եւ արեւմտյան այլ երկրները պատրաստակամություն հայտնեցին հավատարիմ մնալ ստորագրված փաստաթղթի տառին եւ ճանաչել մայիսի 4-ին Պաղեստինի պետության հռչակումը, Իսրայելը աջակցություն ստացավ Ռուսաստանից։

Ապրիլի 6-ին Մոսկվայում պաղեստինցիների առաջնորդ Յասեր Արաֆաթին բացատրեցին, որ Ռուսաստանը, որը ավանդաբար առաջնորդում էր «սիոնիզմի» դեմ պայքարը, այսօր նախընտրում է հետաձգել Պաղեստինի անկախության հռչակումը։ Դա առավել զարմանալի է այն դեպքում, երբ Իսրայելի ռազմավարական գործընկեր Թուրքիան խուսափեց այդ հարցում միանշանակորեն վերաբերմունք արտահայտելուց։ Յասեր Արաֆաթը, թուրքական մամուլի վկայությամբ ջերմ ընդունելության արժանացավ, ու թեեւ «մայիսի 4-ի» հարցում բացահայտ աջակցություն չստացավ, սակայն հասավ Պաղեստինի հարցում Իսրայելի հասցեին մեղադրանքների արտահայտմանը։ Մասնավորապես, նախագահ Դեմիրելը Արաֆաթի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ Թուրքիան չի ընդունում Գազայում եւ արեւմտյան ափում Իսրայելի քաղաքականությունը։ Իսրայելա-ամերիկյան հարաբերությունների վատթարացման եւս մեկ վկայություն եղավ կիրակի օրը, երբ ԱՄՆ պետքարտուղարի Միջին Արեւելքի հարցերով օգնական Մարտին Ինդիքը վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ հանդիպման ժամանակ իր երկրի դժգոհությունը հայտնեց Հորդանանի արեւելյան ափին հրեական բնակավայրերի ընդլայնման առթիվ եւ մեղադրեց Իսրայելին խաղաղ կարգավորման գործընթացը դժվարացնելու մեջ։ Դեռ վաղ է գուշակել, թե ինչպիսի հետեւանքներ կարող են ունենալ այդ զարգացումները տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի ուժային հավասարակշռության վրա։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930