Դիմում եմ Երեւանի այն բնակիչներին, ովքեր ցանկանում են գնել էժան կանաչեղեն։ Խնդրե՛մ, համեցեք Երեւանի կենտրոն, Գրիբոյեդովի արձանի մոտ, որտեղ ծաղիկների փոխարեն կտեսնեք կանաչեղեն վաճառողներին։ Որպես «իսկական» կանաչեղեն, այն վաճառվում է կոշիկի, ափսեների եւ տանը մնացած մյուս հնամենի իրերի եւ, իհարկե, փքաբլիթների հետ։ Դե, կանաչի վաճառողները հո քաղցած չե՞ն մնա։ Այս ամենը վաճառվում է ամենապատվավոր տեղում՝ գրանիտապատ պատվանդանի վրա, որ բոլորը լավ տեսնեն եւ անտարբեր չանցնեն։ Եթե փորձես էլ անցնել, չի հաջողվի, որովհետեւ ստիպում են, որ գնես, եթե ոչ՝ անպատվում։
– Էլ ի՞նչ եք ուզում, մա՛րդ չեք էլի, էսքան էլ էժան ենք տալիս, տարեք, կերեք էլի։
Մոտակայքում ապրողներին խորհուրդ ենք տալիս շուկա չհասնել, որպեսզի ժամանակակից կանաչի վաճառողների ինքնասիրությունը չվիրավորվի։
Ի դեպ, գնումներից հետո կարող եք նաեւ կշռվել։ Էլ ի՞նչ «շուկա»՝ առանց կշեռքի ու կշռողի։
Կարդացեք նաև
ՔՐԻՍՏԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ