Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ» ՑՈՒՑԱԿՆԵՐԸ «ԲԻՍՏՐՈ» ՊԵՏՔ Է ՓՈԽԵԼ

Ապրիլ 14,1999 00:00
castio

Աշխարհի բազմաթիվ երկրներ վերջին տասը տարիների ընթացքում իրենց դեսպանատները կառուցեցին մեր մայրաքաղաքում։ Ցավոք, ճարտարապետական ինքնատիպ կոթողներով հարուստ Երեւանի դեմքը օր-օրի աղավաղվում է առանձին մարդկանց ինքնագործունեության, պետական այրերի անտարբերության ու թողտվության պատճառով։

Բարձիթողի վիճակն այն աստիճանի է հասել, որ ոչ ոք չի բռնում Երեւանն աղավաղողների ձեռքը։

Ամենուր, նույնիսկ քաղաքի կենտրոնի շենքերի պատերին հաճախ կարելի է տեսնել տգեղ ու անճաշակ, պատառոտված ու իրար վրա փակցված հազար ու մի հայտարարություններ, գովազդներ, տեղեկանքներ, ռեբուսային անուններ եւ այլն։

Ամիրյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկում գտնվող մի շենքի վրա գրված է՝ Տիգրանես, իսկ նրա տակը՝ Վերլդվայդ։ Պրպտումներից պարզվեց, որ այնտեղ օծանելիքներ են վաճառվում։ Ո՞ւմ է պետք է այդ հանելուկը։ Կիեւյան փողոցի թիվ 32 շենքի վրա գրված է՝ CLASSIC, նրա տակը՝ SHOP, իսկ վերջինիս տակ՝ parfum։ Դե, արի ու հասկացիր, թե ինչ են ուզեցել ասել։ Գոնե հայերեն թարգմանեին։

Արտասահմանյան երկրներում ամենուրեք ցուցանակները, հայտարարությունները եւ այլն, գրված են իրենց լեզուներով, ինչո՞ւ է Հայաստանը միանգամից այդքան «առաջ» անցել։

Սայաթ-Նովա փողոցի խայտաբղետ ու անճաշակ գույներով ձեւավորված մի շենքի ճակատին գրված է՝ «Բիստրո-բար», տակը՝ Bist, նրանից ներքեւ, մեծ-մեծ տառերով՝ CRVSTAC, իսկ նրա տակը՝ բիստրո-բար, կողքը՝ բար-բիստրո եւ էլի ուրիշ օտարագիր բառեր։

Կիեւյան եւ Օրբելի փողոցների խաչմերուկի դիմացի պատին գրված է՝ CLUB, իսկ տակը՝ EXCLUSIVE։

Կոմիտասի եւ Կուտուզովի փողոցների խաչմերուկի մի շենքի վրա հայերեն եւ ռուսերեն լեզուներով գրված է՝ ՏՈՆ ТОН։ Հետաքրքրությունից ներս մտա։ Խանութ էր։ Երիտասարդ մի վաճառողուհու հարցնում եմ.

– Ինչո՞ւ է խանութի ճակատին գրված տոն, դա ի՞նչ է նշանակում։

– Պրազդնիկ,- մեծ բավականությամբ պատասխանեց ժպտադեմ օրիորդը։

Տարիներ առաջ, երբ խորհրդարանում քննարկվում էր մեր նորաստեղծ հանրապետության անվանակոչության հարցը, պատգամավորները, լեզվաբանները օրերով բանավիճում էին՝ Հայաստանի Հանրապետությո՞ւն, թե՞ Հայկական Հանրապետություն։ Ի վերջո, անցավ պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետություն։ Այսօր ինչպիսի ճռճռան արտահայտություններ, հայտնի ու անհայտ «անուններ» ասես, որ չես տեսնի մայրաքաղաքի շենքերի ճակատներին։

Իզուր չի ասել մեծ բանաստեղծը.

«Ով խուժել է՝ մի բան տիրել, Իր անունն է վրան դրել»

Հ. ՇԻՐԱԶ

Կանգառներում, կենտրոնական շենքերի ճակատներին, գրեթե ամենուրեք, Հայաստանի մասնավոր բուհերի, ուսումնարանների, քոլեջների եւ այլ նորահայտ ուսումնական հաստատությունների հայտարարությունները կարծես քիչ են, դրանց կողքին զանազան խայտաղբետ գույներով իրենց հաստատուն տեղերն են զբաղեցրել նաեւ Դոնեցկի, Ստավրոպոլի եւ այլ քաղաքների բուհերի եւ կրթօջախների պատառոտված ու բզկտված հայտարարությունները։

Տասը տարուց ավելի է, ինչ Հայաստանը ձեռք է բերել անկախություն, սակայն բազմաթիվ ուսումնական հաստատություններում դեռեւս պահպանվում են հնացած ու խունացած՝ խորհրդային իշխանության տարիների ցուցանակները։

Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ե՛ւ հին, ե՛ւ նոր մասնաշենքերը դեռեւս «զարդարում» են 25-30 տարի առաջվա անճաշակ ցուցանակները։

Դժբախտաբար, մայրաքաղաքի շատ հանրակրթական դպրոցների ցուցանակներն էլ դեռեւս շարունակում են մնալ հինը։

Ավելին, Ղ. Աղայանի անունը կրող դպրոցի ճակատին փակցված մայր կրթօջախի անգույն, անշուք ցուցանակի հարեւանությամբ այնպիսի շռայլությամբ է բազմել պրոֆեսոր Գ. Բադալյանի անունը կրող բժշկական ուսումնարանի ուշագրավ ցուցանակը, որ կարծես այդ շենքը ի վերուստ պատկանել է ուսումնարանին եւ ոչ թե տիրոջը՝ դպրոցին։

Շատ ու շատ ձեռնարկություններ, արտադրամասեր, գործարաններ փակվել են, վերացել, սակայն դրանց խունացած, ջարդոտված ցուցանակներն ու պիտակները դեռեւս զարդարում են այդ շենքերի ճակատները՝ «առանձնահատուկ տեսք տալով» մայրաքաղաքին։

Քաղաքաշինությամբ զբաղվողները, ճարտարապետները պետք է ավելի խստապահանջ լինեն, պատասխանատվությամբ ու պարտքի զգացումով պայքարեն իրենց կոչումը միշտ բարձր պահելու համար։

ԿԱՌԼԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930