1998 թ. ապրիլի 20-ին ձեւավորվեց Հայաստանի ներկայիս կառավարությունը։ Նշանակված 21 նախարարներից չորսը՝ արդյունաբերության եւ առեւտրի, առողջապահության, բնապահպանության եւ օպերատիվ հարցերի, պաշտոնազրկվել են, իսկ էներգետիկայի նախարարը, կարելի է ասել, առաջ է քաշվել։ Վարչապետ Ա. Դարբինյանը արդյունքների հասնելու համար խոստացավ 9 ամիս (որպես կենսաբանորեն ճշգրիտ ժամկետ), խոստովանելով, որ պայմանավորվածությունները կառավարության բոլոր անդամների հետ մեկ տարի ժամկետով է։ Այդ մեկ տարին արդեն լրանում է։
Ծրագիրը
Իր նշանակումից մեկ ամիս անց կառավարությունը ԱԺ-ին եւ հասարակության դատին ներկայացրեց իր գործունեության ծրագիրը։ Ծրագիրն այնքան դեկլարատիվ ու ոչինչ չասող էր, որ հատուկենտ պատգամավորներ համարձակվեցին այն բացահայտ պաշտպանել։ Սակայն ԱԺ-ն իր մեջ ուժ չգտավ անվստահություն հայտնել ծրագրին, որով կառավարությունը քարտ բլանշ ստացավ ըստ ցանկության գործելու։ Բացի կառավարության ծրագրից, գոյություն ուներ նաեւ վարչապետի ծրագիրը, որը Ա. Դարբինյանը ներկայացրել էր դեռեւս ֆինանսների նախարար աշխատելիս (մասնավորապես 1998 թ. մարտի 15-ին Ամերիկյան համալսարանում կայացած ելույթում)։ Այդ ծրագիրը կոչվում էր «Կայունացումից դեպի տնտեսական աճ», դրանով տնտեսական աճի գրավականը դիտվում էին պետական բյուջեի կապիտալ ծախսերը։ Այդ ծրագրի գործունակության մասին է խոսում հետեւյալ փաստը. 1998 թ. բյուջեում պլանավորված կապիտալ ծախսերը կազմում են ընդհանուր հատկացումների 22,7%,-ը, 1997 թ. փաստացի 6,5%-ի եւ 1996 թ. 11,7%-ի դիմաց։ Բացի այդ, 13,6 մլրդ դրամ կապիտալ շինարարություն 1998 թ. նախատեսվում էր իրականացնել սեփականաշնորհումից ստացվող մուտքերի հաշվին։ Սակայն հետագայում կառավարության որոշումներով մոտ 500 մլն դրամով նվազեցվեց կապիտալ շինարարության պետական պատվերը, իսկ սեփականաշնորհումից ստացված միջոցներով իրականացվել է ընդամենը 3,7 մլրդ դրամ շինարարություն (ըստ տեղեկությունների, այդ միջոցներից մոտ 20 մլն դոլար պտտվում է արտասահմանյան բանկերում)։ Ավելին, 1999 թ. բյուջեում պետական ծախսերի գերակայությունը կապիտալ շինարարությունից փոխվել է դեպի սոցիալական նպաստները, ասել է թե՝ կառավարությունը դադարել է մտածել տնտեսական աճի ապահովման մասին։
Արդյունքները
Կարդացեք նաև
ՆՀԱ-ը 1998 թ. աճել է 7,2%-ով, արձանագրվել է 1,3% դեֆլյացիա։ Արդյունաբերության արտադրանքը նվազել է 2,5%-ով, արտահանումը նվազել է 1 մլն դոլարով, ներմուծումն ավելացել 34,4 մլն դոլարով, առեւտրային հաշվի դեֆիցիտը կազմել է 600,6 մլն դոլար։ Մոտ 100 մլն դոլարով ավելացել է արտաքին պարտքը՝ 1998 թ. վերջին կազմելով մոտ 735 մլն դոլար։ Չնայած դրան (կամ դրա շնորհիվ), սոցիալական բեւեռացումը շարունակում է խորանալ, շարունակվում է միգրացիան։
Հարկ է նշել, որ տնտեսական ինդիկատորները լիարժեք չեն արտահայտում իրական վիճակը տնտեսությունում։ Տնտեսության ստվերային մասը շատ մեծ է, իսկ վիճակագրությունը շատ դեպքերում հիմնվում է ընտրանքային տվյալների վրա եւ կրում է գնահատող բնույթ։ Ընդհանրապես, այս կառավարությունում տիրում է այն մոլորությունը, ըստ որի՝ մակրոտնտեսական ցուցանիշների մանիպուլյացիաներով կարելի է տնտեսական հաջողությունների հասնել։ Այդ մտածելակերպի տրամաբանական արտահայտումը կայանում է նրանում, որ տնտեսական հաջողությունները ստացվում են այս կամ այն ցուցանիշի հաշվարկման մեթոդիկան փոխելով։ Օրինակ՝ համեմատելով հուլիս ամսվա լոլիկի գինը հունվարի գնի հետ, կարելի է արձանագրել սպառողական գների դեֆլյացիա։ Կամ Կենտրոնական բանկը փոխեց իր վերաֆինանսավորման տոկոսադրույքի հաշվարկման կարգը, որի հետեւանքով այդ տոկոսադրույքը կայուն է մնում, երբ մնացյալ բոլոր տոկոսադրույքները արդեն փոխվել են։
Գաղափարախոսությունը
Ոչ մի նախորդ կառավարություն եւ վարչապետ այնքան չի խոսել լիբերալիզմից եւ ժողովրդավարությունից, որքան ներկայիս կառավարության որոշ անդամներ եւ հատկապես Ա. Դարբինյանը։ Երբեք, սակայն, լիբերալիզմը որպես գաղափարախոսություն այնքան արժեզրկված չի եղել, որքան ներկայումս։ Լիբերալիզմի ամբողջ էությունը, փաստորեն, հանգեցվում է պետության դերի մինիմալիզացիային։ Այդպիսի քաղաքականության արդյունքում տնտեսությունը կառավարվում է առանձին չինովնիկների, ուժային կառույցների եւ քրեականների (կամ դրանց հիբրիդների) կողմից։ Այս կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել հակամենաշնորհային (հակակլանային) կարգավորման ուղղությամբ եւ կատաղի ընդդիմացել է հարկերի նվազեցմանը։
Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ապա կառավարությունը թափանցիկության, հրապարակայնության եւ օրինականության պահպանում պահանջում է բոլորից, բացի՝ ինքն իրենից, հատկապես՝ ինչ վերաբերում է պետական ֆինանսներին։ «Առանց ժողովրդի վստահության՝ անհնար է իրականացնել անգամ ամենաբարի գործը»,- սա Ա. Դարբինյանը հայտարարել է, երբ երկօրյա վարչապետ էր։ Երկու ամիս անց, արհամարհելով ժողովրդի բացասական կարծիքը եւ համարյա գաղտնիության պայմաններում, նա իրականացրեց կոնյակի գործարանի սեփականաշնորհումը։
Էներգետիկան
Էներգետիկան այսօր փորձաքար է ցանկացած կառավարության համար։ Արժե վերհիշել, օրինակ, Գ. Մարտիրոսյանի մտքերը 1998 թ. մայիսի 15-ին «Հայաստանի Հանրապետութիւն» թերթում տված հարցազրույցից. «Եթե բնակչությունը 100 կվտ/ժամի համար է 15 դրամ վճարում, ապա չի բացառվում, որ այդ նիշը բարձրանա 150-200 կվտ/ժամի։ Մենք պատրաստ ենք 3 տարի էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացնել, եթե ներքին շուկայի պահանջարկը գոնե 50%-ով բարձրանա։ Սխալների դեպքում ժողովուրդը կառաջարկի հարցերի լուծման ճիշտ տարբերակը»։ Այստեղ, թերեւս, մեկնաբանություններն ավելորդ են։
Ճշտում
Մեկ բան, այնուամենայնիվ, այս մեկ տարվա ընթացքում անհասկանալի մնաց։ Որքանով է ՀՀ նախագահը պատասխանատու իր նշանակած կառավարության գործունեության համար։
ՍԱՄՎԵԼ ԱՎԱԳՅԱՆ