Լրահոս
Օրվա լրահոսը

Գլոր -գլոր -գլորվիր, Քվեների մեջ մոլորվիր

Ապրիլ 14,1999 00:00
Vahe Varsanyan

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը կարելի էր անվանել (այնտեղ անվանեցին էլ) Վահե Վարսանյանի բենեֆիսը. օրակարգի յոթ հարցերից չորսի զեկուցողը նա էր։ Մինչեւ «գլխավոր դերակատարի» մուտքը քննարկվեց եւ քվեարկվեց «Առաջադրման պաշտոնաթերթիկներում ստորագրությունների ընտրանքային ստուգման համար վիճակահանության եւ ստուգման կարգը»։ «Կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիների քվեարկության նախապատրաստման, կազմակերպման եւ անցկացման կարգի մասին» նախագիծը ո՞վ ներկայացրեց (մարդու դժբախտությունը «երեսով տալը» լավ բան չէ, բայց ինքն էլ առանձնապես դրան դեմ չէր). նախկին կալանավոր Վահե Վարսանյանը։ Նա քվեախցիկի փոխարեն այնքան օգտագործեց բանտախցիկ բառը, մինչեւ համապատասխան դիտողությունը ստացավ։ «Համարյա նույնն է»,- ասաց իհարկե Ֆիլարետ Բերիկյանը։ Իր նախագծի շուրջ բոլոր հարցերին եւ առաջարկություններին պրն Վարսանյանը պատասխանում էր, ոչ այնքան որպես ԿԸՀ անդամ, որքան (մի անգամ էլ ներողություն) նախկին կալանավոր։ Թեեւ որպես հենց այդպիսին ընդհանրապես այն կարծիքին է, որ կալանավորները չպետք է քվեարկեին, քանի որ ճնշումներ են լինում։ ԿԸՀ-ն իհարկե որոշեց հանրապետության 700 կալանավորների քվեարկման կարգը՝ նախագծի մեջ աննշան փոփոխությունից հետո։

«Ընտրական ցուցակներում ստորագրելու կամ քվեաթերթիկը ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողի իրավունքի մասին» կարգի նախագծի հեղինակ Վ. Վարսանյանը կարող էր հպարտանալ քվեարկության արդյունքներով. անցավ միաձայն։

Այստեղ ԿԸՀ-ն հոգնեց եւ օրակարգի մյուս չորս հարցերը թողեց ընդմիջումից հետո։ Ընդմիջումից հետո միանգամայն տեղին պրն Բերիկյանը նկատեց. «Գալիս, ներկան ստանում, գնում են. հո ԱԺ-ն չի՞»։ Քվորում, այնուամենայնիվ, կար՝ 11 հոգի։ «Քվորումի» մեծ մասը թերթեր էր կարդում։ Մթնոլորտն աշխուժացավ «Քաղաքացիներին տեղամասային ընտրողների ցուցակների պատճենների վճարովի տրամադրման կարգի մասին» Վ. Վարսանյանի զեկուցման ժամանակ։ ԿԸՀ-ի «քվորումը» ազատ շուկայի պայմաններում պատճենի որոշակի գին սահմանելու ժամանակ քննարկեց նաեւ դրա՝ բնամթերքով՝ պանրով, մածնով եւ ոչ բնամթերքով՝ աթարով վաճառքի հնարավորությունը։ Վերջում կանգ առան Երեւանում՝ մեկ թերթը՝ 10 դրամ, մարզերում՝ 20 դրամ գնի վրա։

Կանգ առան եւ քվեարկեցին։ Պրն Վարսանյանն անցավ մյուս հարցին՝ «Նախընտրական քարոզչության նպատակով թեկնածուներին եւ կուսակցություններին անհրաժեշտ տարածքներ անվճար տրամադրելու կարգին»։ Այստեղ արդեն մենք հոգնեցինք եւ մի կերպ իմացանք «Մարզային ընտրական հանձնաժողովի կողմից զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրվող վկայականի ձեւի մասին»։ Դե, վկայական է, մի ձեւի կընդունվի։ Ընդունվեց։

«Տեղեկատվություն տեղական դիտորդական առաքելություն իրականացնելու ուղղությամբ ԿԸՀ-ին հասցեագրված դիմումների մասին» այն իմացանք, որ չորս կազմակերպություն դիմել է։ «Դիտել» թույլ տրվել է երեքին։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Երեկ կոմունիստները ԿԸՀ են ներկայացրել պաշտոնաթերթիկները՝ 58637 ստորագրություններով։ Երկրապահ Արամազդ Զաքարյանը դուրս է եկել «Միասնություն» դաշինքի ցուցակից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930