Լրացավ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահական երդման մեկ տարին։ Իրականում Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր դեռեւս երդումից երկու ամիս առաջ։ Իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները գնահատեցին նախորդներին՝ ցույց տվեցին նրանց մահացու մեղքերը եւ խոստացան, որ այսուհետ այսպես չի լինելու։
Այժմ ներկա իշխանությունների գործունեությունը գնահատելու հնարավորություն ունեն նախորդ իշխանությունների ներկայացուցիչները։ Առաջինը մենք դա խնդրեցինք անել Հայաստանի Հանրապետության ամենաերկար վարչապետ աշխատած Հրանտ Բագրատյանին։
-1998 թ. իշխանափոխությունը տրամաբանական շարունակությունն էր 1997-ի իմ հեռանալուն, երբ իշխող խումբը սկսեց ակնհայտ ձախ քայլեր կատարել։ Պարզ էր, որ պետք է գար էությամբ սոցիալիստ մեկը, որը կկարողանար ավելի հաջող իրականացնել այդ անցումը։ Զուգահեռներ անցկացնելով՝ ասեմ, որ եթե ցանկացած սոցիալիզմի վերջը կոմունիզմ կառուցելն է, ապա վստահաբար կարող եմ ասել, որ կոմունիզմ կառուցելու ավելի հաջող դերակատարներ կան, որոնք շուտով կերեւան քաղաքական ասպարեզում։
-Եթե դեպի աջ ուղղությամբ լուրջ հաջողություններ կային, ապա ինչո՞ւ վարչախումբը որոշեց փոխել ուղղությունը դեպի ձախ։
Կարդացեք նաև
-1996-ի խայտառակ ընտրությունների պատճառով։ Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ կողմնորոշվեր հուլիս-օգոստոսին, ապա Վազգեն Մանուկյանին հաղթելու էր շատ հանգիստ։ Բայց երբ նախագահի լեգիտիմության հարց կա, նախագահը պետք է ժպտա ժողովրդին, խոստումներ տա։
Ինչեւիցե, վերադառնանք այս նոր կառավարությանը, որը սկզբի երեք ամսում ինչ-որ հաջողված քայլեր արեց, սակայն օգոստոս-սեպտեմբերին քաջությունը սպառվեց։ Ընդհանուր գնահատելով, մենք դրական տեղաշարժեր չունենք, ունենք վիճակի անընդհատ վատացում։ Դրա հիմնական պատճառն այն է, որ մեր կառավարությունը հիշեցնում է Կռիլովի հայտնի առակը, երբ կարապը, գայլաձուկը եւ խեցգետինը սայլը տարբեր ուղղությամբ են քաշում։ Չկա ընդգծված ռազմավարություն, որի պատճառով կառավարությունում բոլորը բողոքում են գծի բացակայությունից։
Կառավարությունը չափազանց թույլ է եւ կաշկանդված։ Այսօր պատկերացրեք, որ կառավարությունը կրճատում է կրթության կամ մշակույթի ոլորտի ծախսերը, ապա դա կդիտվի համապատասխան կուսակցության բոյկոտ։ Կամ, եթե նրանք փորձեն կրճատել բանակի ֆինանսավորումը, ապա կհայտնվեն շատ ծանր վիճակի մեջ։ Ո՞վ է պաշտպանելու նրանց Ազգային ժողովում, կամ ինչպես կարելի է կրճատել շինարարությունը Լեռնային Ղարաբաղում։ Այսինքն այսօրվա կառավարությունը չեն ղեկավարում այնպիսի հզոր անհատներ, եւ շրջապատն էլ այնպիսին չէ, որ նրանք մնան որոշակի հստակ գծի վրա։
-Ըստ նախորդներին տրված գնահատականի՝ Հայաստանում ստեղծված էր կլանային համակարգ, որը խոչընդոտում էր արտասահմանյան ներդրումներին։
-Վիճակն այս առումով եւս չի փոխվել։ Եթե նկատի ունեն, որ 1998-ին ավելի շատ ներդրումներ են եղել քան 97-ին կամ 96-ին, ապա այսպիսի թիվ ասեմ։ Եթե 1993-ին մեր բյուջեն 70 մլն դոլար էր, ապա 96-ին այն 300 միլիոն էր։ Իրենք եկել են՝ հարկերը մոտ 80%-ով ավելացրել են, այդ բյուջեն դարձել է 360-370 մլն դոլար։ Սա պրոգրե՞ս է՝ պրոգրես է։ Սակայն մեր դեպքում կա քառապատկում, իսկ այն դեպքում ընդամենը 30%-ի աճ, այն էլ հարկերի կրկնակի ավելացման պայմաններում։ Եթե մենք չեզոքացնում ենք հարկային բեռի ավելացումը, ստացվում է, որ բյուջեն պակասել է։ Նույնը՝ ներդրումների հետ կապված։ Կա մասնավոր ներդրումների աճ, բայց դա հաշվառման փոփոխության արդյունք է, մասնավոր ներդրումների աճի տեմպը խիստ նվազել է եւ երրորդը՝ մասնավոր ներդրումները շատացել են, լավ են արել, իսկ ինչո՞ւ են պակասել այն էժան եւ երկարաժամկետ վարկերը, որոնց միջոցով մենք ենթակառուցվածքներն էինք զարգացնում։ Դրա պատճառը միջազգային ֆինանսական կազմակերպությունների մոտ նոր իշխանությունների նկատմամբ վստահության քվեի պակասումն է։
Կլաններ մեր ժամանակ էլ կային։ Կլանները դա սեփականության ինստիտուտի եւ պետական կառավարման համակարգի միաձուլման արդյունքն է, եւ դրա հաղթահարման ձեւը պետության ֆունկցիաների պակասեցումն է։ Այո, ես ձեզ հետ համաձայն եմ՝ այժմ կլաններ չկան։ Կա ընդամենը մեկ կլան, պետության բոլոր ոլորտները՝ կառավարման ապարատ, բանակ, ոստիկանություն, հարկային տեսչություն, իրավապահ ոլորտ, որոնք զբաղված են մասնավոր բիզնեսով։ Ուզում եմ հիշեցնել Ադամ Սմիթի խոսքերը. «Չկա ավելի անհամատեղելի բան՝ քան թագավորելը եւ կոմերցիայով զբաղվելը»։ Մեր ժամանակ թերի էր, կային կլաններ, իսկ այժմ իշխանություններն են բիզնեսմենը, դատավորը, քաղաքական գործիչը, զինվորը։ Սա իր վերջը կունենա։
-Այս իշխանություններին հաջողվեց իրականացնել մի քանի միջազգային սեփականաշնորհում։
-Ես երբեք չեմ քննադատել եւ, ճիշտ եմ համարում, միջազգային աճուրդով սեփականաշնորհումը։ Բայց այս իշխանությունները պետք է խիղճ ունենան եւ ասեն, որ այն գներով, որով վաճառվեցին այդ ձեռնարկությունները, մենք դա կարող էինք անել 1995-ին՝ քառապատկելով թոշակները։ Միջազգային աճուրդով սեփականաշնորհվել են այն ձեռնարկությունները, որոնց մասին որոշում էր կայացրել նախկին Գերագույն խորհուրդը։
-1998-ից հետո բարելավվեց քաղաքական մթնոլորտը։ Այժմ չկան փակված կուսակցություններ, թերթեր։ Նախագահին հաջողվել է ստեղծել ազգային համաձայնություն, երբ բոլոր կուսակցությունները սատարում են նրան։
-Իրոք, պետք է խոստովանել, որ քաղաքական հետապնդումներ եղել են։ Չի կարելի ասել, որ նախկին իշխանությունները սխալներ չեն ունեցել։ Սակայն ինձ հետաքրքրել է այս խնդրի քրեական կողմը։ Այս իշխանությունները, որոնք խոսում են քաղաքական հետապնդումները բացառելու մասին, թող հայտարարեն այս մարդկանց անմեղսունակության մասին։
Ինչ վերաբերում է այս իշխանությունների օրոք քաղաքական հետապնդումները բացառելուն, ապա պետք է ասեմ, որ համաձայն չեմ ձեր այն մտքին, թե այժմ վիճակն ավելի լավ է։ «Ազատություն» կուսակցության համեմատական ցուցակի 28 անդամներից մարդիկ կան, որ աշխատում են։ Երկու մարդ առնվազն հարցման ենթարկվել են երկու նախարարի կողմից, եւ դժգոհություն է արտահայտվել, որ դա (ցուցակում ընդգրկված լինելը) կարող է ազդել իրենց աշխատանքային գործունեության վրա։ Ընդամենը մարդիկ աշխատում էին պետական, այն էլ ոչ բյուջետային կառույցում։ Ես այսօր չեմ ասի այդ նախարարների անունները։ Իշխանություններին պետք է՝ կասվի։ Իմ կարծիքով, դա պետք է մտահոգի նրանց։ Սա այն դեպքում, երբ ընտրություններին մասնակցում են նախարարներ, մարզպետներ։ Ես բերեցի մեկ օրինակ մեր կուսակցությունից։ Թե ինչ է կատարվում այլ տեղերում, ես չեմ կարող ասել։
Կամ օկրուգներից մեկում (37) առաջադրված է մեկ թեկնածու։ Թույլ տվեք ասել, որ տարածքներ ունենք, որտեղ քաղաքական հետապնդումները բացարձակացվել են մինչեւ քրեական, կյանքին սպառնացող երեւույթի։ Հայաստանում կա այնպիսի մարդ, որ այնքան անվիճելի հեղինակություն է, որին այնքան են հարգում, որ նրա դեմ չեն դրել։ Ես կարծում եմ, որ ամսի 5-ի երեկոյան պետք է տեղի ունենար Անվտանգության խորհրդի նիստ, քանի որ երկրի անվտանգության համակարգը առնվազն երկրի տարածաշրջաններից մեկում վտանգված է։ Այսօր 75-ից մեկում է, վաղը 75-ում կլինի։
Ինչ վերաբերում է ընդդիմության միավորվելուն, ապա ես միշտ դեմ եմ եղել կոալիցիոն կառավարությանը եւ կցանկանայի, որ այս ընտրություններից հետո էլ իմպոտենտ կոալիցիոն կառավարություն չձեւավորվեր։
Մեր ժամանակ գոնե կար հստակ ձեւավորված ընդդիմություն, հիմա բեկորներ են մնացել։ Եղած ընդդիմության մասին էլ կարելի է կիրառել ընդդիմադիր տերմինը։
-Փաստ է, որ այժմ չկան նախագահի նստավայրը շրջափակող եւ նրա հրաժարականը պահանջող ուժեր եւ ժողովուրդ։ Կարելի՞ է կարծել, որ նախագահի գործունեությունը հավանության է արժանանում ժողովրդի եւ քաղաքական ուժերի կողմից։
-Մեր ժամանակ կար միասնական իշխանություն։ Այժմ իշխանության ներսում կա առնվազն 3-4 բեւեռ, որոնք իրար նկատմամբ լուրջ ատելություն ունեն։ Ընդդիմության ներկայացուցիչներն էլ փորձում են այս կամ այն բեւեռին դուր գալով մաս կազմել իշխանությանը։
Ես այնքան էլ սիրված գործիչ չեմ, ազատական ռեֆորմները մարդկանց ցավ են պատճառում։ Սակայն այսօր ինձ ասում են՝ «պրն Բագրատյան, վիճակը անհամեմատելի է։ 1995-ին խանութներ, օֆիսներ էին կառուցվում, իսկ այժմ ամեն տեղ գրված է՝ «վաճառվում է»։
Եթե ամփոփելու լինեմ, ապա պետք է ասեմ, որ եթե տնտեսական աճ եղել է, ապա ոչ թե 7, այլ 1,5%։ 75 մեծամասնական ընտրատարածքներից 80%-ում ժողովուրդը հարցնում է, ով է իշխանության ներկայացուցիչը, որ գնա նրան ընտրի։ Մարդիկ չեն ուզում իրենք ընտրություն կատարեն։
-Պատճառը երեւի իշխանության հեղինակության բարձրացումն է եւ վստահությունը։
-Պատճառը վախն է. մարդիկ սարսափելի վախեցած են։
-Ո՞ւր է գնում այս երկիրը։
-Այդ հարցը օրակարգից ընդհանրապես հանված է։
Զրույցը վարեց
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ