Լրահոս
Օրվա լրահոսը

Լինում է, չի լինում, մի վարչապետ է լինում

Ապրիլ 14,1999 00:00
hacadul

Որն ասում էր, թե հացադուլը լավ բան չի

Էս վարչապետը մի օր առանց դերվիշի շոր հագնելու, իր վարչապետական «կոստյում-շալվարով», փողկապ-վերնաշապիկով եւ վարչապետական կեցվածքով, ՀԱՄԽ-ում տեղի ունեցած մի միջոցառումից դուրս գալով, վարչապետական արքունիքը (ՀՀ կառավարության շենք) մտնելիս իր աչքով տեսավ եւ ականջով լսեց, որ շենքի մոտ բազմություն է հավաքվել։ Իր ուղեկիցների շվաքի ներքո վարչապետ Արմեն Դարբինյանն առանց վարանելու մոտեցավ բազմությանը։ Մի քանիսը պարզապես նստել էին կառավարության շենքի տակ, քանի որ հալ չունեին։

«Առավոտը» բազմիցս անդրադարձել է ՊՆ «Սիփան» շինարարական ձեռնարկության (այժմ՝ «Շինուժ») աշխատակիցների անմխիթար վիճակին, այն հանգամանքին, որ բանվորները ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել։ Հուսահատ բանվորները կառավարության շենքի մոտ հացադուլի են նստել։

ՀՀ վարչապետը մոտեցավ ժողովրդին. «Գիտեմ, «Սիփանի» բանվորներն եք, ես երեկ հանձնարարությունը տվել եմ, որ գնան մի հատ նորից ստուգեն, եւ պաշտպանության նախարարությունը եւ ֆինանսների նախարարությունը, որ գնան տեղում ստուգեն։ (…) Ես ինչ եմ խնդրում, պետք չէ հացադուլ անել…»։ Վարչապետը խնդրում էր, թե հացադուլ մի արեք, բանվորները պնդում էին՝ «չէ, պետք է հացադուլ անենք»։ Վարչապետը նորից էր խնդրում՝ բանվորները մնում էին իրենց խոսքին. «Մեկ ա, ամեն օր էլ մեզ համար հացադուլ ա, ոչ փող ունենք, ոչ էլ ուտելու բան»։ Բավորների խոսքի այս հատվածը հոգեբանորեն ոնց որ թե չէր ընկալվում։ Վարչապետը կրկնում էր, որ ինքը երեք օր ժամկետ է տվել, որ ամեն ինչ ստուգեն եւ խնդիրը լուծեն. «Եկեք պայմանավորվենք, վաղը չէ մյուս օրը կգաք, ես կիջնեմ ներքեւ, կասեմ, ժողովո՛ւրդ, լուծումը հետեւյալն է։ Մենակ մի նստեք էստեղ, հացադուլը ախր, լավ բան չի»։ Այն, որ հացադուլը վատ բան է, ժողովուրդն ավելի լավ գիտի, քան որեւէ պաշտոնյա, քանի որ ժողովուրդը երկարատեւ, հովհարային հացադուլի մեջ է, եւ նրան պետք չէ բացատրել իր իսկ վիճակը։

Սակայն այն, որ Արմեն Դարբինյանը եկավ ու խոսեց մարդկանց հետ, ինքնին գովելի է, միայն թե ո՞նց է վարչապետը հարցը լուծելու ՊՆ-ի եւ մի շարք այլ հայտնի ու անհայտ «գործով վկաների» հետ, առայժմ պարզ չէ։

Խաբված բանվորները վարչապետին չէին հավատում։ Նրանց ասելով, շատերն են խոստացել հարցը լուծել ու չեն կարողացել (թե՞ չեն ուզել)։ Վարչապետը, սակայն. «Ես ձեզ չեմ խաբի»,- ասաց։ Բավորները որոշեցին հարցի լուծմանը սպասել առանց հացադուլը դադարեցնելու. «Մեզ չի հետաքրքրում, թե ո՞վ է մեղավոր, ո՞վ է կերել, ո՞վ է տարել, թող մեր աշխատավարձերը բերեն վճարեն 1998-ինը՝ լրիվ, իսկ 94, 95, 96, 97-ինը թող կամաց-կամաց մարեն»։ Վարչապետը իր հերթին անկեղծանալով խնդրեց բանվորներին. «Ախպոր պես, ճիշտ ասեք, ձեզ էս վերջին ամիսներին ոչ մի աշխատավարձ չե՞ն վճարել»։ Բանվորներն էլ հենց «ախպոր պես» խոստովանեցին, որ 98-ի դեկտեմբերի 31-ի գիշերը մի կես տարվա աշխատավարձ են տվել, էն էլ՝ հուլիսինը։

…Մինչեւ Արմեն Դարբինյանը խնդրում էր հացադուլ չանել, մարդիկ չէին լսում եւ շարունակում էին ոչինչ չուտել, քանի որ ուտելու բան էլ չունեին։

Մ. Ե.

Հ. Գ. Այս ձեռնարկության բանվորների հարցը շատ վարչապետեր են լսել ու չեն լուծել։ Եթե Արմեն Դարբինյանը Գորդյան հանգույցը քանդի, մենք սրտանց կողջունենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930