(Վերնագիրը բուն նյութի հետ անմիջական առնչություն չունի)
Ըստ լուրերի՝ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը հեռուստատեսությամբ պետք է ելույթով հանդես գար։ Թեման՝ Արծրուն Մարգարյանի սպանության գործով կալանված Արմեն եւ Արսեն Խաչատրյանների խափանման միջոցի երկարաձգումն էր 2 ամսով։ Սակայն, ինչպես ճշտեցի ՆԳ եւ ԱԱ հասարակության հետ կապի վարչության պետ Միքայել Գրիգորյանից, ինքը այս մասին չգիտի եւ այդ առիթով տրամաբանական կլիներ ոչ թե նախարարի, այլ դատախազի խոսքը։ Օգտվելով պրն Գրիգորյանի հետ զրույցի պատեհությունից, նրանից կենսագրական մի փոքրիկ փաստ էլ փորձեցի իմանալ։ Բանն այն է, որ պրն Գրիգորյանը մասնակցել էր «Քրեական օրենսգրքի» կազմման աշխատանքներին։ Ապա (դարձյալ ըստ լուրերի)՝ դեկտեմբերի 5-ին կայացած դատավորների ատեստացիոն քննությանը (որի 100 հարցերից 22-ը Քր. օր.-ից էր) մասնակցել եւ ոչ բավարար (80 ու մի քիչ) բալեր է հավաքել։ Սրանով, իբր, հօդս է ցնդել նրա՝ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ դառնալու ցանկությունը։
Ըստ Միքայել Գրիգորյանի՝ այս ինֆորմացիան ճիշտ չէ։ Եթե ինքը բավարար բալեր չհավաքեր, չէր ընդգրկվի դատավորների պիտանելիության ցուցակում։ Իսկ իր հավաքած միավորների քանակը նա չասաց։ Փոխարենն առաջարկեց դիմել ՀՀ արդարադատության նախարար պրն Հարությունյանին։ Պրն Գրիգորյանի անկեղծությանը չկասկածելով՝ արդարադատության նախարարին գործից կտրելը եւ անհանգստացնելը նպատակահարմար չգտանք։
Լ. ԱՎԱԳՅԱՆ