Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԿԵՏԵՐԸ ՄԻԱՑՆՈՂ ՈՒՂԻՂԸ

Ապրիլ 14,1999 00:00
davitashen

Դավիթաշենի կամուրջը դեռեւս պատրաստ չէ։ Անցած տարվա վերջին կամրջի շինարարությունն այնքան թափով էր առաջ գնում, որ դավթաշենցիները սկսեցին մտածել՝ կարո՞ղ է ավելի շուտ պատրաստ լինի։

Բայց արդեն երկար ժամանակ է՝ կամրջի շինարարությունը փակուղի է մտել, առաջվա աշխույժ եռուզեռը չկա, տեխնիկան կանգնած է, բանվորներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել։

Փող տվեք, որ կամուրջը լինի

Անցած տարվա հոկտեմբերին ՀՀ նախագահը, այցելելով Դավիթաշենի կամուրջ, խոստացավ, թե այս տարվա դեկտեմբերին կամուրջը պատրաստ կլինի։ Նախագահը ինքն էլ լավ գիտի, որ խոսքով ոչինչ չի կառուցվի, փող է հարկավոր։ Բայց փետրվարի կեսերից արդեն ֆինանսական խնդիր ծագեց, մինչեւ այդ պահը շինարարների հետ չէր կնքվել աշխատանքային պայմանագիր։ Բացի նրանից, որ շինարարներն աշխատավարձ չեն ստանում, հասկանալի է, շինարարական միջոցներ չէին տրամադրվում, էլեկտրաէներգիայի եւ այլնի պարտքերն էլ մյուս կողմից։ Սեյոն Բաղդասարյանն այս ամենի մասին նամակով տեղեկացրեց ՀՀ նախագահին։ Կառավարությունը եւս խառնվեց գործին, սակայն փետրվարի 15-ից մինչեւ մարտի 6-ը դեռեւս փող չկար։ Մարտի 6-ին փոխանցվեց միայն 45 մլն դրամ, որը հազիվ հերիքեց պետությանն ունեցած պարտքերը մարելուն։ Պետությունը վարկ էր վերցրել, որ Ռուսաստանից բերվեն մետաղյա կոնստրուկցիաներ, բայց արի ու տես, որ շինարարներից այդ վարկը չի մարվում այն արժեքով, ինչով պետությունն է վերցրել եւ ստացվում է, որ շինարարը զբաղված է միայն վարկի մարումով։

Պատվիրատուն քաղաքապետարանն է

Քաղաքապետարանի «Շինարարական բարեկարգում» ՊԲՓ-ի ղեկավար Աշոտ Սարգսյանը ասաց. «Փաստորեն, այս տարվա առաջին եռամսյակում ամենալուրջ պրոբլեմը ֆինանսական խնդիրն էր… Այս պահին խնդիրը ստացավ իր դրական լուծումը, կոնկրետ՝ մարտի 30-ին մենք ստացանք առաջին գումարը՝ 107 մլն դրամ, կանխավճարի տեսքով, հետո ստացանք երկրորդ 100 մլնը, այսօր ճանապարհին է եւս 200 մլնը։ Մի 10 օրվա ընթացքում կունենանք մոտ 400 մլն կանխավճար»։ Եթե այս գումարները ժամանակին հասնեն, կամրջի շինարարության նախկին տեմպը կապահովվի, հակառակ դեպքում ծրագիրը կխափանվի։ Դավիթաշենի կամուրջը միայն կամուրջ չէ, նրա շնորհիվ եւ նրա համար աշխատում են գործարաններ, որոնք երկաթբետոնյա կոնստրուկցիաներ են արտադրում։ Ընդհանուր հաշվով կամրջի վրա զբաղված է (գործարաններում աշխատողների հետ միասին) մոտ 400 մարդ։ «Տեխնիկական խնդիրներ չունենք, միակ խանգարող բանը գումարն է, որը եթե լինի, արտադրությունը եւ շինարարությունը չի դադարի»։ Պետբյուջեից նախատեսված է 1,9 մլրդ դրամ (այս տարվա ծրագրում), իրական աշխատանքների ծավալը 2 մլրդ 239 մլն դրամ է։ Մեկ եռամսյակով աշխատանքների դադարեցումը լուրջ բացթողում էր, սակայն պրն Սարգսյանը հավատում է, որ մեկ շաբաթվա ընթացքում աշխատանքները կվերսկսվեն։

Կամուրջի անցյալից

Կամրջի կենսագրությամբ հետաքրքրվելով պարզեցինք, որ նախագծողների մեջ է (բացի Երեւաննախագծից եւ նախագծող ինժեներ Ռ. Ջուլհակյանից) նաեւ ԱԺՄ նախընտրական շտաբի պետ Սեյոն Բաղդասարյանը։ Վերջինս էլ մեզ պատմեց, որ կամրջի գաղափարը ծնվել է 1964-ից, «շատ երկար տարիներ մենք պայքարում էինք միության պետպլանի հետ, չէին թույլատրում սկսել կամրջի աշխատանքները, որովհետեւ եթե որեւէ կառույցի ծախսերը 3 մլնից ավելի էր, պետք էր համաձայնեցնել Մոսկվայի հետ։ Իսկ կամուրջը այդ ժամանակ 17 մլն ռուբլի արժեր»։ Այսպես ձգվեց կամրջի ծնունդը եւ հասավ մինչեւ 1979 թվականը։ «Հայպետտրանս» նախագծի գլխավոր ինժեներ Ս. Բաղդասարյանն այն կարծիքին է, որ եթե ժամանակին Խորհրդային Հայաստանի ղեկավարության մեջ իսկական հայեր լինեին (նրանք ավելի շատ սովետական էին, քան՝ հայ), ապա կամուրջն ավելի վաղ կկառուցվեր։ «Կամուրջը կառուցվում է այնպես, ինչպես դուք ժամանակին նախագծե՞լ եք», հարցին պրն Բաղդասարյանը պատասխանեց. «Կամուրջը կառուցվում է այնպես (ես շատ երկար պայքարել եմ, որ կամրջից ոչ մի բան չպակասի), ինչպես նախագծվել է»։

Ամենալայնն ու ամենաբարձրը

Դավիթաշենի կամուրջը իր տեսակի մեջ բացառիկ է։ Նա ապահովում է սեյսմակայունության նոր չափանիշները։ Կամուրջը բարձրությամբ՝ մոտ 90 մետր եւ լայնությամբ՝ մոտ 32 մետր, միակն ու անփոխարինելին է լինելու հանրապետության կամուրջների շարքում։ Հեղինակներից մեկի կարծիքով, կամուրջը իր ճարտարապետական լուծումներով, դիրքով, շենք ու շնորհքով կարելի է դասել աշխարհի 10 լավագույն կամուրջների շարքը։ Մնում է կամրջի վրա ջանք ու եռանդից, խոստումներից բացի նաեւ փող թափել։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930