«Շատ լավ էր, որ Կարապետ Ռուբինյանը թողեց ԱԺ փոխխոսնակի պարտականությունը եւ էս օրենքի նախագիծը մտցրեց։ Ու հույս ունեմ՝ շատ նախագծեր կմտցնի։ Բայց նույնը չեմ ցանկանում ներկայիս մեր նախագահին ու տեղակալներին, որ գնալուց հետո մտցնեն։ Այլ կցանկանայի՝ էս պաշտոնում մտցնեին նման օրենքի նախագծեր, որ էս ժողովրդի համար մի քիչ դուրեկան լինի»,- կոմունիստ Խորեն Սարգսյանի երեկվա ելույթից այս մեջբերումն անում ենք առանց մեկնաբանության եւ փոփոխության՝ այն չփչացնելու համար։
ՎԱՏ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Պարզվում է, որ ԱՊՀ բարձրագույն պարգեւով՝ «Ժողովուրդների բարեկամության» պատվոգրով ոչ միայն կոմունիստ պատգամավոր Լեոնիդ Հակոբյանն է պարգեւատրվել, այլեւ ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր, Ռոլանդից մերժված Արամ Մանուկյանը։ Նրա հետ մեկտեղ այդ պարգեւին են արժանացել նաեւ մի տաջիկ եւ մի վրացի։ Այս բոլորի մասին Լեոնիդ Հակոբյանը կամ մոռացել էր, կամ՝ չի իմացել։
Կարդացեք նաև
ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ
Բաբկեն Արարքցյանի՝ ԱԺ նախագահ աշխատած ժամանակ նրա խորհրդական Արտակ Գնունին շուտով պաշտպանության կներկայացնի իր թեկնածուական թեզը, որի վերնագիրը շատ մոտ է Արարքցյանի ազգանվանը՝ «Քուռ- Արաքսյան բնակավայրերը»։ Դիտորդների վկայությամբ՝ հավատարմությունը լավ բան է։
ԱՍԱ՛, Ո՞Վ Է ՄՐՑԱԿԻՑԴ
Օրերս ընտրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ Դավիթաշենի թաղապետ Ռուբեն Գեւորգյանին հարցրել են՝ «Գիտե՞ք, թե ովքեր են ձեր մրցակիցները»։ Դավիթաշենի թաղապետը պատասխանել է. «Նրանցից մեկը, կարծեմ, պրոֆեսոր է աշխատում…»։
ԳԵՎՈՐԻԿԻՆ ԷԼԻ ԿԱՇԱՌՔ ԱՌԱՋԱՐԿԵՑԻՆ
ԱԺ մի քանի պատգամավորներ վկայեցին եւ Գեւորգ Մելքոնյանն էլ (ՀՀՇ-ի Գեւորիկը) հաստատեց, որ Ռուբեն Հակոբյանը 1500 դոլար է խոստացել իրեն՝ ինքնաբացարկ հայտարարելու համար։ «Նաեւ ասաց՝ էդ իմ կողմից։ Վահանն էլ ինչ անի՝ իր կողմից»։
ԵԳՈՐՅԱՆ-ՅԱՎԼԻՆՍԿԻ
Ապրիլի 14-ին Մոսկվա կմեկնի «Հայրենիք» պատգամավորական խմբի եռանդամ պատվիրակությունը՝ Եգորյան, Մաքեյան, Գիմիշյան կազմով։ Ռուսաստանի մայրաքաղաքում եգորյանականները եւ Եգորյանը կհանդիպեն Յավլինսկու եւ յավլինսկիական «Յաբլոկո» կուսակցության ներկայացուցիչների հետ։
ՀՐԱԺԱՐԻՄՔ Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԵ
Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանն այդ մակարդակի պաշտոնյաներից միակն էր, որ որոշել էր չհրաժարվել օրենսդիրի աթոռից։ Այժմ նա «Առավոտին» հայտնեց, որ այնուամենայնիվ չի առաջադրելու իր թեկնածությունը։ Պատճառներից մեկն էլ այս էր. «Պատգամավորության թեկնածուների ցանկը տեսա ու համոզվեցի, որ ընտրատարածքում արժանի թեկնածուներ կան»։ Հովիկ Աբրահամյանը ժխտեց մեր այն ենթադրությունը, թե իրեն պարտադրել են այդ քայլը. «Ընդհակառակն, եթե ես մնայի՝ մնացած բոլորը հարգանքից դրդված միանշանակ հանելու էին իրենց թեկնածությունները»։
ԱՐՍԵՆ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ԵՆԹԱԿԱՆ ՈՒ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՐԴԸ
«Առավոտում» երեկ հրապարակված մի լուրի առնչությամբ ճշգրտենք՝ «Ազատություն» կուսակցության ցուցակում ընդգրկված է Երեւանի անշարժ գույքի կադաստր «Կենտրոն» ՊՓԲԸ բաժնի պետի տեղակալը, այլ ոչ այդ «Կենտրոնի» գործադիր տնօրենի տեղակալը։ Ի դեպ, նույն ցուցակում 23-րդ տեղը զբաղեցնում է ՀՀ կառավարության տնտեսական վարչությունում վարորդ աշխատող մի անձնավորություն։
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՅՐԱԿԱՆ ԱՊՏԱԿԸ
Մամուլում հաղորդվել էր, որ Արամազդ Զաքարյանը ապրիլի 13-ին հայտարարությամբ պետք է դուրս գար «Միասնություն» դաշինքի նախընտրական ցուցակից, որտեղ ինքը 25-րդն է։ Սակայն նա հայտարարությամբ հանդես չեկավ, մինչդեռ, ըստ չճշտված լուրերի, «Միասնություն» դաշինքն է դիմել, որ Արամազդ Զաքարյանին ԿԸՀ-ն հանի իր նախընտրական ցուցակից։ Սեփ. լր.