Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱ՞Ջ, ԹԵ՞ ՀԵՏՈ

Ապրիլ 13,1999 00:00
Tot19

Այս էր գերխնդիրը

Մաս 1

Փաստ է այն, որ Հայաստանի բոլոր ստեղծագործական միությունները կոմունիստական մնացուկներ են։ Ու բոլոր այդ միությունները ռեֆորմի, էական փոփոխությունների, գործունեության նոր մեխանիզմների մշակման կարիք են զգում։

Հայաստանի կինոգործիչների միության անդամների ստվար մի զանգված (ինչպես նաեւ կինոգործիչներ ու կինոգետներ, որոնք միության անդամ չեն) համախմբվել են միությունը մնացուկային վիճակից հանելու, կինոյի ոլորտի բարեփոխման գաղափարի շուրջ։ Կինոգործիչների միության 59 անդամներ (միության անդամների 1/3-ը) միության նախագահ Սերգեյ Իսրայելյանին (որը նաեւ վարչության նախագահն է) եւ վարչությանը դիմեցին արտահերթ համագումար հրավիրելու պահանջով։ Ս. Իսրայելյանը եւ վարչությունը, չհարգելով ու ոտնահարելով միության 59 անդամների դիմումն ու իրավունքները, հարժարվեց եւ չիրագործեց պահանջը։ Պատճառը, ինչպես արդեն նշվել է մեր թերթում, այն է, որ Սերգեյ Իսրայելյանը պատրաստվում է պատգամավոր դառնալ եւ «Միասնություն» դաշինքի (Վազգեն Սարգսյան եւ Կարեն Դեմիրճյան) ցուցակով է առաջադրվել։ Ս. Իսրայելյանը գիտակցում է, որ արտահերթ համագումար հրավիրելու դեպքում համագումարում, անշուշտ, մեղադրանքներ կհնչեն (հիմնականում՝ արդարացի, տեղ-տեղ էլ՝ գուցե անարդար) իր մասին՝ որպես կինոգործիչների միության նախագահ, որի թեթեւ ձեռքով կինոմիությունն այսօր կյանքից, աշխարհից հոգնած, անօգնական ու անպետք կառույցի է վերածվել։ Կինոգործիչների միությունը ակտիվ գործունեություն ծավալելու իր բոլոր հնարավորություններով հանդերձ, դարձել է ընդամենը շաքար, բրինձ, լոբի բաժանող արհմիություն կամ «մինի» սոցապ նախարարություն։ Ու եթե այս ամենը մանրամասն հնչեն համագումարում, մամուլը տարածի հասարակության մեջ, Իսրայելյանի՝ պատգամավոր դառնալու պլանները կխախտվեն։ Չնայած, մյուս կողմից, պրն Իսրայելյանը խիստ համոզված է, որ պատգամավոր անպայման կդառնա։

Մաս 2

Կինոգործիչների միության նախագահը եւ վարչությունը խախտեցին միության գործող կանոնադրությունը, ըստ որի միության անդամների 1/3-ի պահանջի դեպքում, 14 օրվա ընթացքում, պետք է հրավիրվի համագումար։ Համագումար պահանջող խումբը կարող էր նույն դիմումով դիմել դատախազություն, սակայն համագումարի նախաձեռնող խումբը որոշեց փոխզիջման գնալ։ Միության ղեկավարությունը համաձայնեց համագումար հրավիրել (միայն թե իրենց դուր չէր գալիս «արտահերթ» բառը), բայց… միմիայն խորհրդարանական ընտրություններից հետո։ Նախաձեռնող խմբի մի մասը կտրականապես դեմ էր այդ ժամկետին՝ ճիշտ հասկանալով միության ղեկավարի մտավախություններն ու ակնկալիքները։

Մաս 3

Այս ընթացքում մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը, միության ղեկավարության հետ նույն թեմայով «շփումների» արդյունքում, իր դիմումի համաձայն (որը գրեց տեղում) հրաժարվեց միության անդամությունից։

Մաս 4

Ապրիլի 10-ին կինոգործիչների միության շենքում հավաքվել էին համագումար պահանջող նախաձեռնող խումբը եւ միության բարեփոխումների գաղափարակիրները (մոտ 25 կինոգործիչներ)։ Քննարկվում էին ստեղծված իրավիճակը, դեպքերի ընթացքը եւ միության ղեկավարության «խաղերը»։ Արտահերթ համագումար պահանջող կինոգործիչների մեծ մասը հրաժարվում էր որեւէ փոխզիջման գնալ Իսրայելյանի «առաջարկներին» եւ կինոմիության բարեփոխման համար հրավիրվող համագումարին քաղաքական աստառ չտալ։ Քննարկումների կեսից հավաքված խմբին միացան միության վարչության անդամներ, կինոգործիչներ Ռուբեն Գեւորգյանցը եւ Ալբերտ Յավուրյանը։ Վերջիններս, որ կարծես մյուս թեւից ուղարկված դեսպաններ լինեին, անմիջապես խառնվեցին խոսակցությանը, իրենց առաքելության բուն թեմային անցան՝ եկեք համագումարը հրավիրենք խորհրդարանական ընտրություններից հետո, Իսրայելյանը պատգամավոր կընտրվի, մեր շահերը կպաշտպանի խորհրդարանում։ Ամենազավեշտականն այն էր, որ վարչության երկու անդամները փորձում էին վստահեցնել հավաքվածներին, թե Ս. Իսրայելյանը խոստացել է պատգամավոր դառնալուց հետո հրաժարվել կինոմիության նախագահի պաշտոնից (այս միտքը, իհարկե, քմծիծաղի առիթ դարձավ)։ Վարչության անդամների ասածը հետեւյալն էր՝ համագումարը պետք է լինի հունիսի սկզբներին, երբ Ս. Իսրայելյանը պատգամավոր կընտրվի, ու սիրուն, պատվով ցտեսություն կասենք Իսրայելյանին։

Կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանն այլ կարծիքի էր. եթե Իսրայելյանը, միեւնույն է՝ ընտրվելու է պատգամավոր, եւ վարչության երկու անդամները սիրունի ու պատվովի կողմնակիցներ են, այդ դեպքում ինչո՞ւ համագումարը չանել մինչեւ ընտրությունները, ու էլի սիրուն, պատվով ցտեսություն ասել Իսրայելյանին, նույնիսկ ամբողջ միությունով հանդերձ օգնել նրան դեպուտատ դառնալ։ Մի քանի կինոգործիչներ կտրականապես դեմ էին Իսրայելյանին «սիրուն-սիրուն» ճանապարհելուն ու օգնելուն, քանզի վերջինս առաջադրված է քաղաքական կուսակցության կողմից, եւ ուրեմն՝ թող հենց այդ կուսակցությունն էլ մտածի դրա մասին՝ բարձրաձայն անվստահություն հայտնելով Իսրայելյանի գործունեության հանդեպ. «Ի՞նչ է արել կինոմիությունում, որ ինչ անի խորհրդարանում»։ Վարչության 2 անդամների՝ համագումարը ընտրություններից հետո հրավիրելու անհասկանալի շահագրգռվածությունը փոխանցվեց հավաքվածներից մի քանիսին, որոնք երկմտում էին՝ ա՞յս, թե՞ այն «թիմում» լինելն է ճիշտ։

Կինոգետ Դավիթ Մուրադյանը համագումարը շտապեցնելը որակեց որպես թուլություն ու առաջարկեց՝ ընդունել վարչության երկու անդամների համագումարի անցկացման նշած ժամկետը՝ այս ընթացքում աշխատելով միության բարեփոխման ծրագրի վրա։ Հանկարծ հարց ծագեց՝ համագումարը հրավիրվում է Իսրայելյանին հեռացնելո՞ւ համար։ Բոլորը միանշանակ հերքեցին դա։ Իհարկե, Իսրայելյանին հեռացնելը նպատակ չէ, բայց եւ ով չգիտի՝ որքան կարեւոր է լիդերը եւ աշխատող «թիմը»։ Ռեժիսոր Տիգրան Խզմալյանը (որը հակիրճ ներկայացնում էր նախաձեռնող խմբի կազմած ծրագիրը) կարեւոր նշում արեց՝ երկու կողմերի ծրագրերն էլ կարող են համընկնել, ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ գրեթե նույնն էին բոլոր թեկնածուների ծրագրերը, սակայն շատ կարեւոր էր՝ թեկնածուի անձը։

Հանդիպման ներկաների մի մասը, ակնհայտորեն, երկակի խաղ էին վարում, «դեսպանները» գուցե թաքցնում էին իրենց ներքին մղումները… Ռոբերտ Սահակյանցը, որը դեմ էր ե՛ւ համագումարին, ե՛ւ այդ ընթացքում հնչած մտքերին, ե՛ւ առհասարակ՝ կինոմիությանը, դուրս եկավ սրահից։ Մի մասը բացահայտորեն քննադատում էր Սերգեյ Իսրայելյանի գործունեությունը ու անաշխատունակությունը։ Նախաձեռնող խումբը ներկաների հետ քննարկում էր, թե կինոմիությունը ինչպիսի գործունեություն կարող է ինքնուրույն ծավալել, եւ պետք չէ անդադար հույս դնել, թե երբ պետությունը գումար կտա։ Ցավոք, կինոգործիչների մեծ մասը կինոգործիչների միության հասարակական կազմակերպությունն ընկալում է զուտ որպես արհմիություն։ Ի տարբերություն արհմիության (արհեստակցական ընկերություն), որի խնդիրը աշխատողների աշխատանքային շահերը պաշտպանելն է, ստեղծագործական միությունը պետք է զբաղվի իր անդամների ստեղծագործական խնդիրներով (կարճ խոսքով ասած)։

Կինոգործիչների հանդիպման վերջում որոշվեց միության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարող հանձնաժողով ստեղծել։ «Ժողովն» ավարտվեց նրանով, որ համագումար պահանջող խմբի մեծ մասը չհամաձայնեց համագումարը խորհրդարանական ընտրություններից հետո անցկացնելուն։ Մի խոսքով, խորհրդարանական ընտրությունների «խաղերը» կինոգործիչների դռանն էլ են ուզում չոքել։ Որոշ կինոգործիչներ ինչ-ինչ պատճառներով բարձրաձայն հույսեր են հայտնում, որ Ս. Իսրայելյանը խորհրդարանում կինոգործիչների շահերը կպաշտպանի, ոլորտը կբարելավվի։ Կամ օպտիմիստ են, կամ …

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930