Լրջանալու հերթական պահը
Հայ պահպանողականները պաշտպանեցին Իրաքի արաբներին, հայ դաշնակցականները՝ Թուրքիայի քրդերին, հայ կոմունիստները՝ Հարավսլավիայի սերբերին, թեեւ նրանք հայերիս զորակցող հայտարարությունների կարիքը թերեւս չունեին։
Պահպանողականներս դեմ արտահայտվեցինք երկակի ստանդարտների կիրառմանը, դաշնակներն արտահայտեցին իրենց ատելությունը թուրքերի հանդեպ, իսկ կոմունիստները՝ հավատարմությունը Խորհրդային Միության հավերժ հիշատակին։ Մեծ հաշվով վերջին երկու մեծաթիվ կուսակցությունների առնվազն այդ քայլերում քաղաքականության փոխարեն նացիոնալ-ռոմանտիզմն էր, ինչը շատ բնական է պետականից զատ ընկալվող «ազգային գաղափարախոսության» պյուրոսյան հաղթարշավի մեր պայմաններում։
Իսկ գուցե Հարավսլավիայում ոչինչ էլ չի՞ կատարվել նրանից բացի, ինչ պիտի կատարվեր։ Գուցե Ռուսաստանին այնքա՞ն էլ չէր խանգարում ներկա պատերազմը, եւ ոչ միայն մի քանի միլիարդանոց վարկեր ստանալու համար։ Մի՞թե իրոք կարելի է չհավատալ Բ. Քլինթոնին, որն ասում է, թե Արեւմուտքի այս պատերազմն ամենեւին էլ սերբ ժողովրդի դեմ չէ, այլ համաշխարհային կարգը փրկելու միջոց։ Ո՞վ ասաց, թե վաղը Հարավսլավիայի ժողովուրդը շնորհակալություն չի հայտնելու նույն Արեւմուտքին, որի ռմբակոծումների խառնաշփոթի «շնորհիվ» Հարավսլավիան իր եւ այդտեղ շահեր ունեցող բոլորի համար հնարավորություն ունի Կոսովոյի ալբանացիներից «մաքրված» տարածք ստեղծել: Իսկ գուցե Ալբանիայի ալբանացիների՞ն էլ ձեռնտու է իրենց սահմանակից երկրներում հարեւանների հետ հիմնախնդիրներ ստեղծելու չափ ազգակիցներ չունենալը. այդ դեպքում թերեւս միջնադարյան Ալբանիայի՞ն էլ հաջողվի ինտեգրվել Եվրոպական տան մեջ։ Այս վիճակում ի՞նչ անեն Կոսովոյի ալբանացիները, որոնք արդեն տրտնջում են, թե թուրքերն իրենց իզուր մուսուլման դարձրին ու կրակը գցեցին. բա որ հանկարծ իրենց ինքնորոշումը պաշտպանելու համար պատերազմ սկսած Արեւմուտքի հաղթանակից առաջ Կոսովոյի ալբանացիներ այլեւս չլինե՞ն։ Չէ՞ որ այդ սցենարը դարիս սկզբին խաղացվել է հայերի գլխին։ 1915-ին եվրոպական թերթերը, առաջադեմ մտածողներն ահազանգում էին Թուրքիայում հայերի ցեղասպանության մասին, որի արդյունքում չափազանց բարոյական էին դառնում Անտանտի կռիվը Թուրքիայի դեմ ու նրան մասնատելու ծրագրերը։
Կարդացեք նաև
Ռուսաստանը մեկ անգամ եւս հնարավորություն էր ստանում հանուն իր կրտսեր եղբոր՝ ավելի հաղթական պայքար մղելու տաք ջրերի իր «միակ» մրցակից Թուրքիայի դեմ։ Ինչքան արագ էր առանց այն էլ քանդման դատապարտված Օսմանյան կայսրությունը քանդվում, այնքան արագ էր Արեւմտյան Հայաստանը պատերազմական խառնաշփոթում հայազրկվում, թեեւ «հանուն պատմական արդարության» ռուսական զորքերը նույնիսկ Վան մտան (նույն կերպ ՆԱՏՕ-ի զորքերը բացառված չէ, որ «երեք ժամ» ուշացմամբ Կոսովո կմտնեն)։ Այն ժամանակվա Միլոշեւիչը՝ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը եւ այլք՝ որպես պատերազմի հանցագործներ հենց Թուրքիայի կողմից մահվան դատապարտվեցին. բացառված չէ, որ վրեժը սրտում «ալբան դաշնակցականներ» էլ կգտնվեն, որոնք, ասենք, Բուրկինա Ֆասոյում կամ Բլագովեշենսկում իրականացնեն իրենց «դահճի» մահապատիժը, հետո էլ աշխարհի այս ու այն անկյունում հերոսական երգեր հյուսեն դրա մասին։ Եվ գայլերը կլինեն կուշտ, եւ ոչխարներն ապահով։
Այդ շախմատում սերբերը կդնեն մեկ Միլոշեւիչ (ինչպես թուրքերը՝ մի երկու Թալեաթ) եւ ոչ հեռու ապագայում հենց ՆԱՏՕ-ի կազմում արագ վերականգնվելու ունակ իրենց այսօրվա ռազմական հզորությունը (ինչպես 1918-ին կապիտուլացված Թուրքիան այսօր տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ու զարգացած տնտեսությունն ունի), իսկ Կոսովոյի ալբանացիները, որ կերակրվել են միջազգային հանրության բարեհաճությամբ ու «Դաշնակցությունը հաղթեց սուլթանին»-ատիպ խրոխտ եւ ժամանակից «առաջ» ընկած նացիոնալ-ռոմանտիկ երգերով, շախմատում Միլոշեւիչի դիմաց կդրվեն ամբողջությամբ։ Գուցե մե՞նք էլ հասկանանք, որ երկիր մոլորակից դուրս չենք ապրում, եւ հազարավոր հերոսացածների արյամբ առավել քաղցրացած Արցախը Հայաստանի ճակատն է, որի վրա ճակատագիր կոչվողի շարադրումը կավարտվի, երբ «նեմեց-պարտիզան» խաղի վերջում կհայտնվի անտառապահը, որի օբյեկտիվ հայտնությունը չարժե որ մեր կամքից անկախ ու մեր ծրագրերից դուրս լինի։
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Պահպանողական կուսակցության նախագահ