Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԹՆՈԼՈՐՏԸ ԼԻՑՔԱԹԱՓՎԵՑ

Ապրիլ 13,1999 00:00
Robert Qocharyan

Նշումներ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության մեկ տարվա առթիվ

Համոզված եմ. ով էլ լինի երկրի նախագահը, նրա մասին պետք է խոսել կամ գրել հարգանքով: Եթե ես Հայաստանի առաջին կամ երկրորդ նախագահի հանդեպ կիրառում եմ «Հրապարակ» հաղորդաշարի լյումպենի բառապաշարը, նշանակում է, ես չեմ հարգում ոչ թե այդ անձանց, այլ իմ պետությունը եւ ինքս ինձ՝ որպես այդ պետության քաղաքացի:

Մեկ տարի առաջ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու հանգամանքները խիստ կասկածելի էին բարոյականության եւ օրինականության տեսակետից: Այդ հանգամանքները ստեղծել եւ ստեղծելու են նախագահի համար լուրջ պրոբլեմներ: Բայց ուշադրություն դարձրեք. 98-ի ապրիլին ոչ մամուլը, ոչ քաղաքական գործիչները, ոչ էլ՝ հասարակությունն ամբողջությամբ չսկսեցին ծամոնի նման ծամել «ոչ լեգիտիմ» բառը, ինչպես որ դա տեղի ունեցավ 96-ի սեպտեմբերից հետո՝ չնայած լեգիտիմության առումով այս երկու ընտրությունների միջեւ կարելի է առնվազն հավասարության նշան դնել:

Պատճառներն այստեղ բազմապիսի են: Մասնավորապես, դեր խաղաց իշխանության համար միանգամայն վերահսկելի Կարեն Դեմիրճյանին խաղի մեջ մտցնելու մարտավարական ճիշտ քայլը: Բայց առավել կարեւորն այն է, որ իսկապես կար մեծ պահանջ՝ ազատվելու Տեր-Պետրոսյանից եւ ՀՀՇ-ից, որոնք զայրացնում էին նախեւառաջ հասարակության հետ համառորեն հաշվի չնստելու մեծամիտ կեցվածքով: Ազատվելու մեթոդը, որպիսին էր, ըստ էության, պալատական հեղաշրջումը, ցավոք, շատ քչերին էր հետաքրքրում:

Քաղաքական ուժերը, որոնք 98-ից առաջ խիստ ընդդիմադիր դիրք էին ընդունում, այսօր շատ լավ հասկանում են, որ իրենց կողմից փրփուրոտ քննադատության արժանացած համակարգը մեկ տարվա ընթացքում ամենեւին էլ չի փոխվել: 180 աստիճանով շրջադարձ կատարելով իշխանության գիրկը, նշված ուժերը /Դաշնակցությունը, ԱԻՄ-ը, ՀԴԿ-ն, Դավիթ Վարդանյանի ղեկավարած ԱԺՄ-ի մասը եւ այլք/ ապացուցեցին, որ իրենց պայքարը ոչ թե համակարգի դեմ էր ու հանուն ինչ-որ սկզբունքների, այլ անձամբ Տեր-Պետրոսյանի դեմ եւ հանում իշխանության «կողքերքը» գտնվելու: Եթե նախորդ նախագահն ավելի հանդուրժող գտնվեր ու փորձեր նման ընդդիմության հետ «լեզու գտնել», ապա 91-98 թվականների ներքաղաքական վիճակը շատ ավելի հանգիստ կլիներ: Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց այս առումով զգալիորեն լիցքաթափել մթնոլորտը՝ զուգահեռաբար ցույց տալով նախորդ ընդդիմության իրական արժեքը:

Երրորդ հանրապետության առաջին եւ երկրորդ նախագահների գործունեության համեմատական վերլուծության ժամանակը դեռ չի եկել: Այստեղ պարզապես նշեմ, որ այս երկու քաղաքական գործիչների «տրամաչափն» իսկապես տարբեր է: Բայց խոշոր, միջազգային մակարդակի գործիչ լինելով, Տեր-Պետրոսյանը թույլ էր տվել նույնքան խոշոր սխալներ: Այս մեկ տարին հերքեց ՌԴ նախագահ Ելցինի այն մտավախությունը, թե իշխանափոխության արդյունքում «Пришли жесткие люди»: Համենայնդեպս, ներքին քաղաքականության մեջ Տեր-Պետրոսյանը շատ ավելի կարծր, ավտորիտար ղեկավար էր, քան Քոչարյանն է:

Բերեմ, իմ կարծիքով, ամենացայտուն օրինակներից մեկը: 95 թվականի խորհրդարանական ընտրարշավից առաջ կար արգելված ընդդիմադիր կուսակցություն, փակված էին մի շարք թերթեր, վերեւից եկած հրահանգով չէին գրանցվում ընդդիմադիր նախընտրական միավորումներ եւ առանձին թեկնածուներ: 99-ի ընտրություններից առաջ նման նողկալի երեւույթներ /առայժմ, համենայնդեպս/ չեն նկատվում: Հակված եմ ենթադրելու, որ այդ երեւույթները կանխում է առաջին հերթին նախագահ Քոչարյանը: Որպես ներքաղաքական ավելի մեղմ կուրսի դրսեւորում կարող եմ նշել այն հանգամանքը, որ գործող նախագահը բաց է մամուլի /հետեւաբար, հասարակության/ համար եւ հիվանդագին չի ընդունում իր հասցեին հնչած բացասական գնահատականները:

Արտաքին քաղաքականության մեջ նույնպես վիճակն այնպիսին չէ, ինչպես կարծում էր Ելցինը: Ճիշտ է, Ղարաբաղի հարցում նախկին նախագահի իբր «պարտվողական» դիրքորոշումը շահարկվեց Ռ.Քոչարյանի եւ իր կողմնակիցների կողմից՝ իշխանության գալու նպատակով: Բայց հետո ամեն ինչ տեղն ընկավ. նոր իշխանությանը ԵԱՀԿ-ն առաջարկեց 97-ի մայիսին արդեն իսկ ներկայացված «փաթեթային տարբերակը»՝ ավելացնելով մեր ականջի համար մի քիչ բարեհունչ «ընդհանուր պետություն» միջազգային իրավունքում գոյություն ունեցող բառակապակցությունը: Թե՛ երկու տարի առաջ եւ թե՛ այսօր Հայաստանն ընդունեց այդ տարբերակը /եւ ճիշտ էլ արեց/, իսկ Ադրբեջանը՝ մերժեց: Այլ հարց է, որ եթե նման առաջարկն ընդունում է Ղարաբաղի նախկին ղեկավարը, ապա շահարկումների հնարավորությունները զգալիորեն նվազում են:

Մեկ տարվա ամենաբացասական արդյունքն է սոցիալ-տնտեսական առաջընթացի իսպառ բացակայությունը: Իհարկե, բերվելու են հակառակն ապացուցող ինչ-որ թվեր եւ տոկոսներ, բայց մենք արդեն սովոր ենք, որ այդ թվերն ու տոկոսները ժողովրդի իրական վիճակի վրա չեն ազդում՝ նրա ճնշող մեծամասնությունն ապրում է ծայրահեղ կարիքի մեջ: Իշխանությունները, այդ թվում մասամբ նաեւ նախագահը, դա փորձում են գցել նախորդներից ստացած «ծանր ժառանգության» վրա: Բայց որքան էլ մեծ լինեն նախկինում թույլ տրված սխալները եւ նույնիսկ հանցագործությունները, տարիներ շարունակ դրանցով արդարանալ չի լինի: Բնակչության ծանր վիճակը եւ դրանից դուրս բերելու անկարողությունը նաեւ գայթակղություն է առաջացնում նախկինների նկատմամբ աղմկոտ քրեական հետապնդումներ սկսելու՝ հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով:

Կա մեկ այլ պատճառաբանություն՝ կառավարության թուլությունը, այդ թվում նաեւ քաղաքական: Այս գործոնն իսկապես դեր ունի: Չարժեր, հավանաբար, վարչապետի պաշտոնով փչացնել ընդհանուր առմամբ հեռանկարային եւ բանիմաց երիտասարդին: Կան պաշտոններ, որոնց պետք է պատրաստ լինես նաեւ հոգեբանորեն, որպեսզի դրանք ստանձնելուց հետո չփքվես լողափնյա գնդակի նման: Բացի այդ, քաղաքական թիմ չունեցող եւ չներկայացնող, ժամանակավորապես full-time աշխատող նախարարները ի վիճակի են միմիայն բազմապատկել անպատասխանատվությունն ու կոռուպցիան, ինչի ականատեսն ենք մենք այսօր: Մեր նման երկրի տնտեսությունը «փոսից հանելու» համար անհրաժեշտ է քաղաքական կամք, որը պետք է դրսեւորեն առաջին հերթին նախագահը եւ իր թիմակից վարչապետը: Առայժմ որպես տնտեսության գաղափարախոսություն շրջանառության մեջ են «սոցիալական ուղղվածություն ունեցող լիբերալիզմի» /սպիտակ նեգրի/ մասին վերջերս մոդայիկ դարձած խոսակցությունները, որոնք հաստատ չեն խթանում տնտեսական հետագա բարեփոխումները:

Իհարկե, մենք այս հարցերում ունենք որոշ ներքին ռեզերվներ: Սակայն տնտեսության զարգացման, լուրջ ներդրումների եւ, հետեւաբար, սոցիալական իրավիճակի բարելավման մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ մեր տարածաշրջանի ներսում հարթվեն ռազմական հակամարտություններով հղի քաղաքական եւ ազգային հակասությունները, երբ կվերացվեն ճանապարհների շրջափակումները, երբ բոլոր երկրները, պահպանելով իրենց ազգային յուրահատկությունները, առաջին քայլը կկատարեն՝ արեւմտյան քաղաքակրթության հետ տնտեսական եւ հոգեւոր ինտեգրացիայի ուղղությամբ: Եթե իր իշխանության մնացած 4 տարում, մինչեւ 2003 թվականը նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարողանա նպաստել այդ պրոցեսին, նա իր արժանավոր տեղը կունենա մեր պատմության մեջ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930