Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՀՈՍՔԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ Է

Ապրիլ 13,1999 00:00
gorcaran

Վերջին շրջանում ակտիվ խոսակցություններ են սկսվել Ալավերդու պղնձաձուլարանի հնարավոր սառեցման մասին։ Հարցն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Գործարանի փակմամբ անգործության է մատնվում քաղաքի բնակչությունը: Վերջին շրջանում ինվեստորներ հրավիրելու կոչերի հետ մեկտեղ եկած ինվեստորը հերթական անգամ հրաժարվում է Հայաստանում աշխատելուց։

«Առավոտն» այս հարցին անդրադարձել է եւ նշել, որ հարցը ոչ թե առաջացել է օբյեկտիվ պատճառների հետեւանքով, այլ մասամբ նաեւ ներհայկական-բյուրոկրատական։

Շվեյցարահայ գործարարները պնդում են, որ իրենց առջեւ ծառացած ամենաբարդ խնդիրներից մեկը եղել եւ մնում է արտահանվող ապրանքի դիմաց Ավելացված արժեքի հարկի վերադարձման պրոբլեմը։ Բանն այն է, որ արտահանող ձեռնարկությունները օրենքով սահմանված կարգով իրենց մուծած ԱԱՀ-ն պետք է ետ ստանան, պարզվում է՝ դա այնքան էլ հեշտ լուծվող հարց չէ։ Մեր զրուցակիցը պղնձաձուլարանը տնօրինող «Վալլեքս» խմբի փոխնախագահ Ֆելիքս Ղուշչյանն է, որի արհեստավարժությունը կասկած չի կարող հարուցել թեկուզ այն պատճառով, որ մինչեւ արտասահման մեկնելը պրն Ղուշչյանը 10 տարուց ավել եղել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտի գիտական բաժնի վարիչը։

-Պրն Ղուշչյան, այսօր գործարանը դուք կանգնեցնում եք վերանորոգմա՞ն, թե՞ ընդհանրապես սառեցվում է պղնձաձուլարանը։

-Այժմ մենք պլանային վերանորոգման նպատակով 1,5-2 ամսով կանգնեցնում ենք գործարանը։

-Իսկ երկու ամիս հետո գործարանը կաշխատի՞։

-Դա կախված է նրանից, թե որքանով կառավարությունը կընդունի մեր առաջարկը։

-Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ կընդունի՞, թե՞ ոչ։

-Դա դժվար է ասել, որովհետեւ այդ կապակցությամբ առայժմ մենք ոչ մի վերաբերմունք կառավարությունից չենք ստացել։ Գորածարանի աշխատողները մոտ երկու շաբաթ առաջ նույնիսկ նամակ են հղել ՀՀ վարչապետին։ Ցավոք, առայժմ ոչ մի հարցի հիմնավոր լուծում չի ակնկալվում, եթե հաշվի չառնենք 50 մլն դրամի չափով ԱԱՀ-ի վերադարձը։ Մնացած գումարների վերադարձի կապակցությամբ ստացել ենք միայն հարցը լուծելու խոստումներ։ Վերը նշված 50 մլն դրամն էլ զուտ հարկային տեսչության պետ Սմբատ Այվազյանի ջանքերի եւ հարցին ըմբռնումով մոտենալու արդյունք է։ Խոստումներ մենք առաջ էլ ենք ստացել, սակայն դրանից իրավիճակն առանձնապես չի փոխվել։ Այս հարցով բազմաթիվ զրույցներ եմ ունեցել թե ֆինանսների նախարարի, թե հարկային տեսչության պետի հետ, որոնք լավագույնս շատ մեղմ ձեւով ասում են, որ պետք է սպասել։ Բայց դա նրանք են ասում։ Իսկ նրանց ողջ գերատեսչություններն ունեն սկզբունքորեն նոր մոտեցում։ Ինչն է ապշեցնում. որ պետական ապարատի օղակներում, ցավոք, գործում է արտառոց մի գաղափարախոսություն. ամեն գնով լցնել բյուջեն։ Դա նրանց համար մի տեսակ «սրբազան պատերազմ է»։ Այսինքն, տնտեսական աճի, աշխատելու, վաստակելու գաղափարախոսությունը, գեղեցիկ ու բարվոք ապրելու գաղափարախոսությունը հիմնավոր բացակայում է։ Այն, պարզապես գոյություն չունի։ Եվ դա, ըստ իս, գալիս է իշխանություններից, քանզի նրանց վերաբերմունքը գործարարի գործունեության, ցանկացած ձեռներեցության նկատմամբ ոչ թե բարեկեցության եւ զարգացման ծիլեր տեսնելն է, այլ զուտ որպես հարկման օբյեկտ, որպես ինչ-որ խախտումների բուն դիտարկելը։

-Իսկ եթե մոտ ժամանակներս Լոնդոնի բորսայում պղնձի գինը կարգավորման միտում դրսեւորի՝ գործարանը կաշխատի՞։

-Բորսայի գնի հետ միասին զգալիորեն բարձրանում եւ իջնում է հումքի արժեքը եւ դրանից մեր պրոբլեմները չեն պակասում։ Եթե նույնիսկ բորսայում պղնձի գինը բարձրանա, մեր վնասներն ընդամենը կպակասեն, բայց միեւնույն է, մենք էլի շահույթով չենք աշխատի։ Մեր վնասով աշխատելու պատճառը ոչ այնքան բորսաներում գնի կտրուկ անկումն է, որքան գազի, էլեկտրականության եւ տեղափոխման եվրոպականին գրեթե երկու անգամ գերազանցող գները։

-Բայց չէ՞ որ Ալավերդիում մեր ներկայությամբ նախարարները խոստացան ձեզ տրամադրել թվեր, թե որքանով կարող են հանուն գործարանն աշխատեցնելու իջեցնել գները, որից հետո դուք պետք է մանրակրկիտ ծրագիր ներկայացնեիք։

-Ցավոք, մեր բոլոր առաջարկներին մենք առայժմ պաշտոնական պատասխան չենք ստացել։ Ինչ վերաբերում է մեր անելիքներին, մենք նախնական աշխատանքներն արել ենք, նույնիսկ համատեղ ձեռնարկություն ենք նախաձեռնում ստեղծել Վրաստանում, որպեսզի ավելի ցածր գնով կարողանանք խտանյութ ձեռք բերել Մառնեուլի շրջանից։ Քաջարանից խտանյութ բերելը, տրանսպորտի թանկության պատճառով, ձեռնտու չէ, իսկ էներգետիկայի թանկության պատճառով արտադրության զարգացման մասին խոսելն՝ անիմաստ։ Կարող եմ կրկնել, որ ամեն ինչ ինվեստորի նկատմամբ գաղափարախոսությամբ ամրագրված վերաբերմունքից է կախված։ Իհարկե, խոստանում են ԱԱՀ-ի վերադարձի հարցը լուծել պարզեցված մեխանիզմով եւ այլն։ Ըստ մեզ հասած տեղեկությունների, վարչապետ Արմեն Դարբինյանը մոտ օրերս կստորագրի ԱԱՀ-ի վերադարձը 5-օրյա ժամկետում կազմակերպելու մասին որոշում։ Բայց, ցավոք, նման որոշումները բախվում են երկրորդ էշելոնի չինովնիկների դիմադրությանը։

-Իսկ այլ երկրներում նման պրոբլեմի առջեւ կանգնե՞լ եք։

-ԱԱՀ-ի վերադարձի հարցով՝ ոչ։ Որովհետեւ ողջ աշխարհում գոյություն ունեն պետական պարտատոմսեր, որոնք նման պարագայում մենք կարող ենք վերցնել մեր պարտքի դիմաց։ Իսկ այստեղ մեզ չեն կարող նման պարտատոմս կամ պարտաթուղթ տալ, որովհետեւ հանրապետության բյուջեն, կարծում եմ, անկանխատեսելի է թե ԿԲ-ի, թե Ֆիննախի համար։ Սա դարձել է բնական պրոբլեմ հետխորհրդային տարածքի կառավարությունների համար։ Փաստորեն նրանք մեզ պարտք են, բայց չեն ցանկանում դա ձեւակերպել, որովհետեւ իրենք էլ չգիտեն՝ երբ կկարողանան վերադարձնել։ Սա ընդամենը արդյունքն է, իսկ պատճառն այն է, որ բյուջեն լցնելու հիմնական միջոց դիտարկվում է ԱԱՀ-ն, այլ ոչ թե շահույթը եւ դրանից գանձվող հարկը։ Եվ ընդհանրապես, գործող հարկային մեխանիզմն այնպիսին է, որ լուրջ շահույթ, պարզապես չի կարող գոյանալ։ Հարկային համակարգը այստեղ ստեղծված է ոչ որպես փոքր եւ անցումային շրջանում գտնվող երկրի համակարգ։ Այստեղ պետք է գործեր հարկային պարզեցված մեխանիզմ. ընդամենը երեք հարկատեսակ՝ շահութահարկ, եկամտահարկ եւ գույքահարկ։ Սա փոքր երկրներում գործող լավագույն տարբերակն է, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն գոյատեւել, այլեւ ակտիվ զարգացնել արտադրական ներքին ռեսուրսները։ Միաժամանակ հայտնի է, որ բարձր հարկերի դեպքում աշխատատեղերի կրճատումները նույնպես անխուսափելի են։ Ընդհանրապես հարկային բարդ սխեմաներն ունենում են միայն մի նպատակ. հզորացնել պետական ապարատը, նրան ապահովել գումարով։

Որպես ինվեստոր հավաստիացնում եմ՝ նման պայմաններում լուրջ ինվեստիցիոն հոսքի մասին Հայաստանում խոսելն առայժմ անիմաստ է։

Հարցազրույցը վարեց

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930